Մամուլի տեսություն 01.12.2020
Իրանցի կին կամավորը հիմնել է հիվանդանոցային առաջին դպրոցը ՝ նպատակ ունենալով բավարարել հիվանդ երեխաների կրթական կարիքները և նրանց հույս ներշնչել:
Քեյհան
Իրանի պատասխան գործողությունների հավանականությունը անհանգստացրել է Իսրայելին
Անդրադառնալով իրանցի միջուկային գիտնականի սպանության հետևանքներին ՝ գերմանական թերթերից մեկը գրել է. «Իրանի վրեժխնդրության հնարավորությունը անհանգստացնում է Թել Ավիվին»:
Bild ամսագիրը գրել է, որ նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության գլխավոր կասկածյալն Իսրայելն է, հավելելով, որ Իրանի վրեժխնդրության հավանականությունը Թել Ավիվին խիստ անհանգստացրել է:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Ֆիզիկոսի սպանությունը չի դադարեցնի և չի խափանի երկրի միջուկային ծրագրի առաջընթացը»:
Այս սպանության հետևանքները խնդիրներ են ստեղծելու իսրայելցի պաշտոնյաների համար: Ներկայումս Իսրայելը ոչ միայն պետք է պայքարի Իրանից պատասխան սպառնալիքներով և պատասխան հարվածներով, այլ նաև վախենա Իրանի կողմնակից հարևան երկրների սպառնալիքներից:
Լիբանանի Հեզբոլլահի ղեկավարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասիմը Ֆախրիզադեի սպանությունը որակել է որպես պատերազմի հայտարարում Իրանին և ողջ տարածաշրջանին:
Շահրվանդ
Ծիծաղիր, խոսիր, ապրիր
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության կամավորներից Սեդիղե Քեյվանին Բանդար Աբբասում հիմնել է Իրանի առաջին հիվանդանոցային դպրոցը
Այս կապակցությամբ, տիկին Քեյվանին հայտարարել է. «Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ժամանակահատվածը երկար է: Մյուս կողմից, երբ երեխաները քիմիաթերապիայի էին գալիս Բանդար Աբաս (հարավային Իրան), նրանք հետ էին մնում դպրոցից: Երբեմն աշակերտը ստիպված էր լինում մեկ տարի թողնել դպրոցը՝ բուժման համար: Սա ազդում էր ինչպես երեխաների, այնպես էլ ընտանիքների տրամադրության վրա: Այս խնդիրը լուծելու համար, մենք առաջին անգամ բացեցինք հիվանդանոցային օնլայն դպրոց, որտեղ կկազմակերպվի առցանց ուսուցում: Այդպիսով մենք երեխաներին ապրելու հույս տվեցինք»:
Շարղ
Իսրայելը փորձում է փոխել «խաղահրապարակը»
Ականավոր գիտնական դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեի նահատակությունից մի քանի օր անց, Իրանի ժողովուրդը դեռ ցնցված է ահաբեկչական գործողությունից և անհանգստացած նման դեպքերի կրկնության և այլ գիտնականների սպանության հավանականությամբ կապակցությամբ:
Այս կարճ ժամանակահատվածում և ահաբեկչական գործողության մանրամասների վերաբերյալ պաշտոնական մարմինների կողմից ճշգրիտ տեղեկատվության բացակայության պայմաններում, ԶԼՄ-ներում տարբեր ենթադրություններ և վերլուծություններ են արվել, որոնք տարբերվում են ըստ գաղափաևրախոսության, միջադեպի վերլուծության և հակազդեցության ճմիջոցների: Այնուամենայնիվ, բոլորը համակարծիք են այն հարցում, որ ահաբեկչությունն իրականացրել է Սիոնիստական ահաբեկչական ռեժիմը:
Էբթեքար
Արդյոք Լրացուցիչ արձանագրություններից դուսր գալը բխո՞ւմ է Իրանի շահերից
Եվրոպայի արտաքին հարաբերությունների իսնտիտուտի ավագ անդամների կողմից ստորագրված հայտարարության մեջ, եվրոպական երկրներին կոչ է արվել համագործակցել Ջո Բայդենի կառավարության հետ՝ ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու կապակցությամբ:
Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների ինստիտուտը, նշելով, որ Իրանի դեմ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, եվրոպական երկրներին կոչ է արել աշխատել Ջո Բայդենի հետ՝ ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու կապակցությամբ:
armenpress.am
Ավինյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչներն անդրադարձել են գերիների փոխանակման և հարակից մի շարք հարցերի
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ԿԽՄԿ պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ գերատեսչություններին աջակցության համար, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպության առաքելությունը: Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն նաև մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը:
Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարևորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը և միջնորդական դերը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը: Նա նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետևում է Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, և շարունակելու է հետևել կոնվենցիաների տառին ու ոգուն:
Փոխվարչապետն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհետ կորածների և զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաև ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:
armenpress.am
Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերվում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից: Ցանկանում եմ մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Գիտեք, որ սույն թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ և, ըստ էության, նաև հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները:
Այս համատեքստում, տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքրից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը:
armenpress.am
Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին. «2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենևին գոհացուցիչ չեն, որովհետև, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է: Մենք, նաև նոր իրադրության բերումով, երևի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները և հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության և արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ և, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել զեկուցումով՝ ռազմարդյունաբերական համալիրի կողմից կատարված աշխատանքների և ընթացիկ վիճակի վերաբերյալ:
Հաջորդիվ քննարկում է ծավալվել պատերազմից հետո ձևավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների և հետագա անելիքների շուրջ: Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:
Ներկայացվել է 2020-2021թթ. հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը:
PanARMENIAN.Net
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն գերիներին վերադարձի հարցով հրատապ քննարկում են նախաձեռնել
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ՝ հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիներին վերադարձնելու հարցով նախաձեռնել են հրատապ քննարկում։
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ հրատապ քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, կուսակցություններն առաջարկում են Ազգային ժողովի ուղերձ ընդունել։
Պատերազմի ավարտից հետո Հայաստանում պարբերաբար գերեվարված զինվորների ու քաղաքացիականների հարազատները ցույցեր են կազմակերպում՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց վերադարձի ուղղությամբ։ Նույն պահանջով հանրահավաք են նախաձեռնել նաև մտավորականները։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։