Մեկնաբանություն. Ընտրական կոլեգիայի քվեարկությունը հաստատեց Բայդենի հաղթանակը
Վերջապես ընտրական կոլեգիան վերջակետ դրեց ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ շաբաթներ շարունակվող քաղաքական ու իրավական վեճերին։
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում տեղի ունեցած քվեարկությունը հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը։ Դեմոկրատական կուսակցության թեկնածո 78-ամյա Ջո Բայդենը այդպիսով ստացել է 306 ընտրական ձայն՝ ընդհանուր 538-ից: Նրան անհրաժեշտ էր 270 քվե։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է ընդամենը 232 քվե։ Այսպիսով Բայդենը լինելու է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։
Ընտրական կոլեգիայի քվեարկությունը սովորաբար համարվում է ձևական գործընթաց, թեպետ, ԱՄՆ-ի սահմանադրության համաձայն՝ հենց կոլեգիայի անդամներն են որոշում, թե հատկապես ով է զբաղեցնելու նախագահի աթոռը։ Բայց այս տարի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը հատուկ ուշադրությամբ էին հետևում: Այնուամենայնիվ Դոնալդ Թրամփը մինչ օրս չի ընդունել իր պարտությունը: Ընտրիական կոլեգիայի կողմից Բայդենի հաղթանակի հաստատվելուց հետո, ԱՄՆ նախագահը թվիթերյան մի քան գրառման մեջ հերթական անգամ պնդել է, որ քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքներով: Նա Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել փոխել ընտրությունների արդյունքները:
Գործող կարգի համաձայն՝ ընտրությունների արդյունքները հունվարի 6-ին պաշտոնապես պետք է վավերացնի Կոնգրեսը։
Կոնգրեսականներն իրավունք ունեն վիճարկելու քվեարկության արդյունքները յուրաքանչյուր նահանգում։ Բազմաթիվ մեկնաբաններ, սակայն, կարծում են, որ գործը դրան դժվար թե հասնի, և եթե նույնիսկ հասնի, ապա Թրամփի կողմնակիցները հազիվ թե հաջողության հասնեն, քանի որ դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և ամենայն հավանականությամբ կտապալեն ընտրությունների արդյունքները այս կամ այն նահանգում չեղարկելու ցանկացած փորձ։
Նույնիսկ մի շարք հանրապետականներ զայրացել են, որ Թրամփը կասկածի տակ է առել նախագահական ընտրությունների արդյունքները:
Ներկայումս ամերիկյան քաղաքական մթնոլորտում հիմնական հարցն այն է, թե արդյոք գործող նախագահն ու Հանրապետական կուսակցության առաջնորդները կհաստատեն Բայդենի հաղթանակը, թե ոչ:
Իհարկե, նույնիսկ եթե Թրամփը և հանրապետական առաջնորդները չընդունեն Բայդենի հաղթանակը, Բայդենն իր նախագահությունը կսկսի 2021 թվականի հունվարի 20-ին: Այնուամենայնիվ, եթե Բայդենի գործունեությունը մեկնարկելուց հետո, ընտրական լարվածությունը շարունակվի, ԱՄՆ հաջորդ կառավարությունը կկանգնի բազմաթիվ խոչընդոտների առջև՝ այդ երկրի ճգնաժամերը հաղթահարելու համար: ԱՄՆ-ը ներկայումս ներքաշված է երեք խոշոր ճգնաժամերի մեջ, որոնք են՝ առողջության ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի բռնկման հետևանքով, կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը և, վերջապես, ինքնության ճգնաժամը, որն առաջացել է գունամորթների նկատմամբ ոստիկանության բռնությունների պատճառով: Կորոնավիրուսը վարակել է ավելի քան 16 միլիոն ամերիկացու և 300 000 մարդու հասցրել է մահվան: Կորոնավիրուսի հասցված տնտեսական վնասն աննախադեպ է: Տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ կորցրել են իրենց աշխատանքը և իրենց ապրուստը հայթայթում են կառավարության ֆինանսական նպաստով:
Հանրապետականների և դեմոկրատականների միջև ընտրական վեճերի շարունակումը կարող է թուլացնել ԱՄՆ -ի հաջորդ կառավարությանը՝ ամենահրատապ ծրագրերն իրականացնելու հարցում: Հրատապ ծրագրերի շարքում են՝ առաջիկա 100 օրերի ընթացքում 100 միլիոն ամերիկացու պատվաստումը և ԱՄՆ-ում կորոնավիրուսից տուժած տնտեսության վերականգնման ու գործազրկության ապահովագրությունների համար կառավարության բյուջեների հատկացումը:
Առաջիկա շաբաթներին Սենատը պետք է որոշում կայացնի ԱՄՆ հաջորդ վարչակազմի մի քանի հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ բոլոր նախարարների վերաբերյալ:
Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ում մարդիկ շատ էլ հույս չունենան, որ ընտրություններից շաբաթներ ու ամիսներ անց այդ երկրի քաղաքական դաշտում անդորր տիրի,ինչը կարող է ավելացնել առկա խնդիրներն ու ճգնաժամերը և ավելի վատթարացնել իրավիճակը Միացյալ Նահանգներում: