Մամուլի տեսություն 25.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130164-Մամուլի_տեսություն_25.12.2020
ԱՄՆ-ի պատժամիջոցները նվազեցրել են Իրանի կախվածությունը օտար երկրներից և հանգեցրել ինքնաբավության:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 25, 2020 11:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.12.2020

ԱՄՆ-ի պատժամիջոցները նվազեցրել են Իրանի կախվածությունը օտար երկրներից և հանգեցրել ինքնաբավության:

Էթեմադ օրաթերթ

Պատժամիջոցները Իրանին վերածել են հսկայական տնտեսական արտադրամասի

Իրանի նախագահի ներկայությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է նավթաքիմիական հինգ խոշոր նախագծերի շնորհանդեսի արարողությունը:

Հինգշաբթի օրը, արտադրական թռիչքի ազգային ծրագրի երեսունութերորդ շաբաթվա ընթացքում, Հասան Ռոհանին առցանց մասնակցել է Իլամ, Արևմտյան Ատրպատական և Համեդան նահանգներում ազգային նավթաքիմիական նախագծերի բացման արարողությանը: Հասան Ռոհանին ասել է. «Այսօր ի հայտ է եկել ազգային ուժը: Այսօր բոլորը ձեռք ձեռքի են տվել, որպեսզի հասնենք մեծ հաջողությունների: Երբ մենք տեսնում ենք երկրի հզոր արդյունաբերությունը, իրականում տեսնում ենք Իրանի ուժը: Տեսնում ենք, որ ժողովուրդը մեծ գործեր է կատարել բոլոր, այդ թվում՝ արդյունաբերական ոլորտներում:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կորոնավիրուսի հետևանքով  առաջացած սուր գլխացավերը կարող են երկար ժամանակ շարունակվել

Կորոնավիրուսի նյարդաբանական ախտանիշները, ինչպիսիք են սուր գլխացավերը, կարող են  հիվանդությունից հետո երկար ժամանակ շարունակվել: Վիրուսի նյարդաբանության ախտանիշների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունը սպառնում է նյարդային համակարգին: Հոսպիտալացված շատ հիվանդներ ունեն նյարդաբանական տարբեր խնդիրներ, այդ թվում՝ գլխացավեր, գլխապտույտ, գիտակցության կորուստ, կենտրոնանալու դժվարություն, հոտառության և համի խանգարումներ, նյարդային նոպաներ, ինսուլտ, մկանների թուլություն և ցավ: Նյարդաբանական բարդությունները, հատկապես գլխուղեղի բորբոքումը, կարող են հանգեցնել ցմահ հաշմանդամության, ինչը պահանւջում  է երկարատև խնամք և մեծ ծախսեր:

 

Իրան օրաթերթ

Կստեղծվի կազմակերպություն՝ Թրամփի ժառանգությունը պահպանելու համար

ԱՄՆ գործող նախագահի որոշ ավագ խորհրդականներ ծրագրում են ստեղծել շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ հաջորդ ամիս Սպիտակ տունը լքելուց հետո վերջինիս հետագա քաղաքական կյանքը խթանելու  նպատակով, հայտնում է Politico- ն:

Հրապարակման համաձայն, Սպիտակ տան ներքին քաղաքականության հարցերով խորհրդական Բրուք Ռոլինսը և Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Քադլոուն ներկայացրել են այս առաջարկը և  երեքշաբթի օրը, Politico- ին տված հարցազրույցում, Քադլոուն ասել է, որ նախագահը «շատ ոգևորված է» դրանով:

Պաշտոնյաների խոսքերով, նրանք ակնկալում են, որ ազգային անվտանգության ներկայիս խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը և նախկին էներգետիկայի նախարար Ռիկ Փերին կմասնակցեն կազմակերպության աշխատանքներին:

Politico- ն հաղորդել է, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունը, հավանաբար, կդառնա Թրամփի ավագ քաղաքական խորհրդականների և կառավարության պաշտոնյաների կենտրոնը, և որ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները  նույնպես կմիանա այդ թիմին:

 

armeniasputnik.am

Համշահրի օրաթերթ

Pfizer պատվաստանյութը ստացած ամերիկացի բուժքույրն ուշագնաց է եղել

Օհայոյի Սիչհայի հուշահամալիրի հիվանդանոցում, կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուց 17 րոպե անց  բուժքույրը ուշագնաց է եղել այն պահին,  երբ լրագրողները փորձել են հետաքրքրվել նրա վիճակով:

Ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ պետք է հասանելի դառնա ԵԱՏՄ-ում․ Բելյանինով

Միլիոնավոր մարդիկ պատվաստանյութի կարիք ունեն, բայց Ռուսաստանում թողարկվող պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների մի մասն ԱՄՆ-ից է բերվում, և Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղարի խոսքով` հիմա կարևոր է «չնեղել» մրցակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պետք է հնարավորինս արագ հասանելի դառնա Եվրասիական տնտեսական միության երկրներում։ Այսօր կայացած Մոսկվա–Բիշքեկ–Երևան–Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում նման կարծիք հայտնեց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր Անդրեյ Բելյանինովը։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի պնդում, որ աշխարհում ռուսական պատվաստանյութից բացի ուրիշը չպետք է լինի. եթե ամեն ինչ շուկայով չափենք, այն այնքան մեծ է, որ բոլորի համար տեղ կգտնվի։

«Հնդկաստանում ու Կամերունում մեր ասոցիացիայի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց երկրներում ռուսական պատվաստանյութի կարիք կա։ Հարցնում էի՝ ինչո՞ւ, չէ՞ որ Հնդկաստանը հիանալի դեղագործություն ունի»։ Ինձ ասում էին. «Մեզ մոտ շոգ է, ուրիշ պատվաստանյութերն այս ջերմաստիճաններին չեն դիմանում»։ Այդ պատճառով պետք է հնարավորինս արագ բաշխել այդ պատվաստանյութերը։ Իհարկե, Ռուսաստանն առաջին հերթին հոգ կտանի սեփական բնակչության մասին։ Բայց մյուս երկրներն էլ օգնության կարիք ունեն», - ավելացրեց Բեյլանինովը։

Նա ասաց, որ Եվրասիական միության երկրները՝ և՛ Ղազախստանը, և՛ Ղրղզստանը, և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը, այդ պատվաստանյութի կարիքն ունեն։

Բելյանինովը նշեց, որ պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող սարքավորման մի մասը ԱՄՆ-ում է պատրաստվում։ Ու հիմա այդ սարքավորման նոր մատակարարումների հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ․ ամերիկյան ձեռնարկություններն ասում են, որ պետք է դրանք վաճառեն այլ դեղագործական ընկերությունների։

«Այսինքն՝ մենք տեխնոլոգիական կախվածության մեջ ենք հայտնվել։ Հիմա ամենակարևորն այն է, որ մենք միմյանց մեջ մրցակիցներ չտեսնենք, ու վաճառքի և շուկայի համար պայքարում միլիոնավոր մարդիկ դեղից չզրկվեն», - ավելացրեց Բելյանինովը։

Նշենք՝ Հայաստանն արդեն բանակցություններ է վարում «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու վերաբերյալ։

 

armeniasputnik.am

 

ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Պետեկամուտների կոմիտեն ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացնելու թուրքական ապրանքների նկատմամբ և ֆիզիկական զննում է իրականացնելու մաքսային հսկողության իրականացման վայրերում։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ 6-ամսյա արգելքը։

«Մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները` դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները, ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։

Կոմիտեն հիշեցնում է, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից, ներառյալ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։

ՊԵԿ–ը զգուշացնում է, որ ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։

Ի պատասխան հանրային դժգոհության` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։

 

armenpress.am

Եղիսաբեթ Երկրորդը 99-ամյա ամուսնու հետ միասին Սուրբ Ծնունդը կնշեն առանց ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ միասին Սուրբ Ծնունդը COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով կնշեն թագավորական ընտանիքի մյուս անդամներից առանձին: Այդ մասին հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թագավորական զույգը տոնը նշում Է Վինձորի դղյակում, այլ ոչ թե Սանդրիգհեմյան պալատում, որտեղ թագավորական ընտանիքի բոլոր անդամներն ավանդաբար հավաքվում են Սուրբ Ծնունդին:

Եղիսաբեթ Երկրորդն այս տարի ստիպված Է հրաժարվել նաեւ տոնական ժամերգություն այցելելուց:

Մեծ Բրիտանիայի թագուհին ավանդաբար սուրբծննդյան ուղերձով դիմելու Է հրատակներին: Ելույթը պլանավորված Է տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին):

Համավարակի ժամանակ 94-ամյա Եղիսաբեթ Երկորդը 99-ամյա ամուսնու հետ միասին գտնվել են Վինձորի դղյակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Ավստրիան Ռուսաստանին Է հանձնել մշակութային արժեքներ, որոնք հափշտակվել Էին նացիստների կողմից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական կողմը բարեհաջող կերպով Տեմրյուկի պատմա-հնագիտական թանգարան Է հասցրել մշակութային արժեքներ, որոնք նացիստները գողացել Էին 1943 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին հաղորդել Է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին:

Խոսքը Զալցբուրգի թանգարանի պահոցներում պահպանված երեք սափորների եւ հինգ անտիկ տապանաքարի հարթաքանդակների մասին Է, որոնք 1943 թվականին նացիստների կողմից հափշտակվել Էին Կուբանի ավերված թանգարանից: Տեմրյուկի եւ Զալցբուրգի թանգարանների միջեւ 2020 թվականի մարտին պայմանագիր Է ստորագրվել դրանց հանձնման շուրջ: Արժեքները Ռուսաստան են հասցվել ավստրիական կողմի հաշվին:

Դեկտեմբերի 25-ին տեղի Է ունեցել դրանց հանձնումն ավարտելու հանդիսավոր արարողությունը: Դեսպանը նշել Է այդ իրադարձության հատուկ սիմվոլիկ նշանակությունը 2020 թվականին մեծ Հաղթանակի, ֆաշիզմից Եվրոպայի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման 75-ամյակի տոնակատարության կապակցությամբ: «Մեր պարտքն Է՝ ապագա սերունդների համար պահպանել նորագույն պատմության այդ ահավոր Էջերի հիշողությունը եւ դասերը: Վստահ եմ, որ ընդհանուր գործում իր ավանդը կունենա գողացված հսկայական արժեքներից նույնիսկ մաս առ մաս վերադարձը Ռուսաստան: Վստահ եմ, որ Տեմրյուկի թանգարանի ցուցադրանքում այժմ դրանք նույնպես արժանի տեղ կզբաղեցնեն եւ մեծ հետաքրքրություն կառաջացնեն ինչպես հանրության, այնպես Էլ մասնագետների եւ գիտական հետազոտողների շրջանում»,-նշել Է Լյուբինսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: