Մեկնաբանություն- Ռուսաստանը կրկին դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144876-Մեկնաբանություն_Ռուսաստանը_կրկին_դեմ_է_տարածաշրջանում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայությանը
Ռուսաստանը շարունակում է ընդդիմանալ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների (ՆԱՏՕ) ռազմական ներկայությանը Միջին Ասիայում և Հարավային Կովկասում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 14:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանը կրկին դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը

Ռուսաստանը շարունակում է ընդդիմանալ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների (ՆԱՏՕ) ռազմական ներկայությանը Միջին Ասիայում և Հարավային Կովկասում:

Այս կապակցությամբ, Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովն անընդունելի է համարել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

Քաբուլովը մի ելույթի ընթացքում ասել է.«Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը չպետք է ուղեկցվի տարածաշրջանում ԱՄՆ-ի զորքերի վերաբաշխմամբ և Միջին Ասիայի երկրներում, ինչպես նաև Իրանի հարևանությամբ բազաների ստեղծմամբ»:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները 2001-ին ներխուժեցին Աֆղանստան` ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանի անվտանգության ապահովման պատրվակով` ճանապարհ հարթելով այդ երկրի օկուպացիայի համար: Աֆղանստանի օկուպացիան հանգեցրել է պատերազմի, հակամարտությունների և Աֆղանստանի տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման, ինչպես նաև ավելացրել է անապահովությունը, ահաբեկչությունն ու թմրանյութերի արտադրությունն այդ երկրում և տարածաշրջանում:

ԱՄՆ-ը Աֆղանստանում 20 տարվա ռազմական ներկայությունից հետո հայտարարել է, որ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը զորքերը դուրս կբերի Աֆղանստանից:

Չնայած Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը միայն հանգեցրել է թշվառության և անապահովության, ԱՄՆ-ի պաշտոնյաները, կարծես, նախապատրաստում են Միջին Ասիայի երկրներից մեկին՝ Աֆղանստանից զորքերն այդ երկիր տեղափոխելու համար:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների, ԱՄՆ-ի ռազմական հրամանատարության համար նախընտրելի տարբերակը Միջին Ասիայի տարածաշրջանն է:

Սա, անկասկած, ամենաակնհայտ տարբերակն է Միացյալ Նահանգների համար: Քանի որ ԱՄՆ-ի ուժերը 2001-ից 2014 թվականներին տեղակայված էին այս տարածաշրջանում, բայց դրանից հետո շատ բան է փոխվել:

Ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ի հարաբերությունները տարածաշրջանի երեք խոշոր արտաքին տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ վատթարանում են, և այդ երկրները չեն ցանկանում, որ ԱՄՆ-ը վերադառնա Միջին Ասիայի տարածաշրջան:

Այդ պատճառով Վաշինգտոնի կառավարության պաշտոնյաները պետք է Միջին Ասիայի տարածաշրջանի երկրներին ապացուցեն, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության ֆինանսական և քաղաքական օգուտները կգերազանցեն Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի դժգոհության վնասները:

Ակնհայտ է, որ արևմուտքցի պաշտոնյաների համար հեշտ չէ դա ապացուցելը: Ավելի քան մեկ տասնամյակ Միջին Ասիայի տարածաշրջանի երկրները հասկացել են, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ տարածաշրջանում հանդես գալ որպես հավասարակշռող գործոն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիմաց:

Այս կապակցությամբ վերջերս ամերիկյան Քարնեգի հիմնադրամի փորձագետներն ու մտավորականները զեկույց են հրապարակել, որում ասված է.«Միջին Ասիայի երկրները շահագրգռված չեն ամերիյան ռազմաբազաների տեղակայմամբ, իսկ ԱՄՆ-ը Աֆղանստանը լքելուց հետո պետք է այլ լուծումներ փնտրի»:

Չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն անհնար է թվում նույնիսկ արևմտյան կառույցների կողմից, սակայն թվում է, որ արևմտյան պետությունները, հատկապես ԱՄՆ-ը, ստեղծում են սոցիալական ցանցեր և վերահսկելի լրատվամիջոցներ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում:

Արևմուտքի որոշ տեղաշարժերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի կառավարության գործակալները ավելի ակտիվ են Ղրղըզստանում և Ուզբեկստանում, քան Միջին Ասիայի մյուս հանրապետություններում: Այնուամենայնիվ, անհավանական է թվում, որ Միացյալ Նահանգները կկարողանա օգտագործել այդ երկրները որպես ռազմական բազա: Հատկապես, որ երկու երկրներն էլ կախված են Ռուսաստանից իրենց ընդհանուր տնտեսության ավելի քան 30 տոկոսով: Այդ պատճառով նրանք չեն կարող իրենց կամքով որոշում կայացնել կարևոր հարցերի, հատկապես ԱՄՆ-ին ռազմաբազա տրամադրելու հարցի շուրջ: