Մամուլի ետսություն 19.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148472-Մամուլի_ետսություն_19.08.2021
Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը, հայտարարելով, որ ԱՄՆ -ի նախագահի հետ իր հանդիպման հիմնական թեման Իրանն է, ասել է. «Իրանն այժմ ուրանի հարստացման իր ամենազարգացած փուլում է»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Օգոստոս 19, 2021 05:51 Asia/Tehran
  • Մամուլի ետսություն 19.08.2021

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը, հայտարարելով, որ ԱՄՆ -ի նախագահի հետ իր հանդիպման հիմնական թեման Իրանն է, ասել է. «Իրանն այժմ ուրանի հարստացման իր ամենազարգացած փուլում է»:

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ -ն աֆղան փախստականներին ուղարկում է Ուգանդա

Ուգանդայի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ համաձայնվել է Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո այդ երկրից հեռացած 2 հազար  աֆղան փախստականների ժամանակավոր  կացարան տրամադրելու ԱՄՆ-ի խնդրանքին:

«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդմամբ, արևելյան Աֆրիկայում գտնվող այս երկիրը բռնությունից փախած փախստականներին ընդունելու մեծ փորձ ունի: ԱՅնտեղ ապրում է 1,4 միլիոն փախստական՝ հարավային Սուդանից:  

 

Ջամե Ջամ օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի  վարչապետ. Իրանն այժմ ուրանի հարստացման իր ամենազարգացած փուլում է

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը, հայտարարելով, որ ԱՄՆ -ի նախագահի հետ իր հանդիպման հիմնական թեման Իրանն է, ասել է. «Իրանն այժմ ուրանի հարստացման իր ամենազարգացած փուլում է»:

«Իրանի հարցը լինելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իմ հանդիպման գլխավոր թեման», - հինգշաբթի առավոտյան հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:

«Ամսվա վերջին օրերին ես մտադիր եմ մեկնել Միացյալ Նահանգներ ՝ կարևոր հանդիպում ունենալու նախագահ Բայդենի հետ, եթե կորոնավիրուսը թույլ տա», - ասել է Բենեթը մամուլի ասուլիսին:

«Իրանի հարցը լինելու է հիմնական քննարկման թեման»,- հավելել է նա:

 

Իրան օրաթերթ

Իրանի «Բասիջե Մոստազաֆին» կազմակերպության անդաամներն  աջակցում են կորոնավիրուսից տուժած 30 հազար  անօթևան ընտանիքների

Կազմակերպության» ղեկավարը հայտարարել է, որ 30 հազար ընտանիքներ, որոնց ապրուստն ապահովող տղամարդիկ մահացել են կորոնավիրուսի պատճառով, մեկ տարի շարունակ ֆինանսական աջակցություն կստանան :

«Բասիջե Մոստազաֆին» կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանին հանդիպման ժամանակ, անդրադառնալով կորոնավիրուսի հերթական ալիքին, ասել է. «Ինչպես ընդգծել է հեղափոխության առաջնորդը, կորոնավիրուսի տարածման շղթան կոտրելու համար, շարունակվում է իրագործվել նահատակ Ղասեմ Սոլեյմանիի ծրագիրը, որի նպատակն է կանխել համավարակի տարածումը»:

 

Էթեմադ օրաթերթ

Թալիբները խոստանում են երաշխավորել ԶԼՄ -ների ազատությունն ու  կանանց իրավունքների պաշտպանությունը

Թալիբները խոստացել են հարգել կանանց իրավունքները, և ներում են շնորհել նրանց, ովքեր պայքարել են խմբավորման դեմ: Թալիբները նաև երաշխավորել են, որ Աֆղանստանն այլևս չի լինի ապահով ապաստարան զինված խմբավորումների համար:

Բայց Աֆղանստանի ժողովուրդն ու համաշխարհային առաջնորդները թերահավատորեն են վերաբերվում 20 տարվա մեջ առաջին մամուլի ասուլիսում խմբի հնչեցրած հայտարարություններին: Շատերին մտահոգում է, որ 1996-2001 թվականների թալիբների կառավարման ձևը կարող է վերականգնվել: Սակայն նրանք  խոստացել են ամբողջական մոտեցում ցուցաբերել իսլամական շրջանակներում:

 

armenpress.am

Ամսական 50 հազար դրամ աջակցություն 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկան դառնալը. կառավարությունը կխրախուսի ծնելիությունը

 Կառավարությունը ձեռնամուխ է լինելու մշակելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման  նոր ռազմավարություն և  2021-2026 թվականների գործողությունների ծրագիր, որը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և  հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:

Ծրագրի համաձայն՝ կընդլայնվի մինչև  2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի:

Ծրագրում նաև նշված է, որ բարելավվելու է երեխա ունեցող ծնողների աշխատանքը և  երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները, իրականացվելու են գյուղաբնակ երիտասարդ և  երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այդ թվում՝ եկամտաստեղծ գործունեությանը միտված պետական աջակցության թիրախային ծրագրեր, թիրախային ծրագրեր են մշակվելու նաև  հայրենադարձ ընտանիքների համար:

 

 

armenpress.am

ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից

 ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից շուրջ 6 հազար մարդ են տարհանել Աֆղանստանից: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին նորացման պահից, որը տարածվել Է երեկ (օգոստոսի 17-ի) երեկոյան, ԱՄՆ-ի զինվորականները շուրջ 1,8 հազար մարդ են տարհանել տասը C-17 ինքնաթիռներով: Օգոստոսի 14-ից ի վեր մենք տարահանել ենք գրեթե 6 հազար մարդ»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը:

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար, եւ թալիբների դեմ զինված դիմադրության կոչ Է արել: Արեւմտյան երկրները տարհանում են իրանց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները քննարկել են ՀՀ-ին ռուսական պատվաստանյութերի մատակարարումը

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նախարարները, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ փոխգործակցությանը վերաբերող հարցերից բացի, քննարկել են նաև 2021 թ. Ռուսաստանում Առողջապահական ռուս-հայկական ֆորումի անցկացումը:

Կողմերը ընդգծել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը առողջապահության բոլոր արդիական հարցերում:

 

panarmenian.net

Կալիֆորնիայի և Սյունիքի միջև եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև կա

 Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենն օգոստոսի 17-ին բանաձև է ներկայացվել Հայաստանի Սյունիքի մարզի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի միջև եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին։

Բանաձևով համերաշխություն է հայտնվում Սյունիքին և նշվում է, որ նահանգը նպաստելու է փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներին: Բանաձևի համահեղինակներից է նաև Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը, որին միացել են Վեհաժողովի մի շարք անդամներ և սենատորներ։

«Հազարամյակներ շարունակ Սյունիքը մեծ պատմական և մշակութային նշանակություն է ունեցել Հայաստանի և աշխարհի համար։ Սյունիքի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը տեղի է ունենում կրիտիկական պահին, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի նման երկրները վտանգ են ներկայացնում նրա գոյությանը», - ասել է Հոլդենը, գրում է Asbarez-ը։

Ամերիկայի Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը ողջունել է բանաձևը՝ նշելով, որ «այն հզոր ազդակ է Բաքվին, որ նրա ոճրագործ գործողություններն անթույլատրելի են և որ բախվելու է աճող միջազգային ճնշման հետ»։

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով, որ 2021 թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ և 3,5 կիլոմետր խորացել Սյունիքի տարածքում՝ ամբողջությամբ գրավելով Սև լիճը: Հաջորդ օրն ադրբեջանական զինուժը խախտել է սահմանի երկու այլ հատվածներ և գրավել Հայաստանի ավելի շատ տարածքներ,

Ադրբեջանի ապօրինի ներկայությունը Սյունիքում շարունակվում է՝ սպառնալով Հայաստանի ինքնիշխանությանը և այնտեղ ապրող մարդկանց,

Հաշվի առնելով, որ, ճանաչելով Սյունիքի մարզի որոշ տարածքների ադրբեջանական օկուպացիան, որին սատարում է Թուրքիան, Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ցանկանում է ՀՀ Սյունիքի մարզը ճանաչել քույր նահանգ,

Կալիֆորնիայի Վեհաժողովը որոշում է, որ Օրենսդիր մարմինը Կալիֆորնիայի ժողովրդի անունից հրավիրում է ՀՀ Սյունիքի մարզին դառնալ Կալիֆորնիայի քույր նահանգը մինչև 2026 թ․ հունվարի 1-ը՝ խթանելու համար երկկողմ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումը․․․»։

 

 

panarmenian.net

Չինական պատվաստանյութի 200,000 դեղաչափ է ներկրվել ՀՀ

Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200,000 դեղաչափը նախատեսված է 100,000 հոգու համար։

Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։ «Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը կպաշտպանի Covid-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից»,-ասվում է նախարարի գրառման մեջ։

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 220,236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144,573, երկրորդ` 75,663։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

AstraZeneca-ով, «Սպուտնիկ V»-ով և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: