Մեկնաբանություն - Բենեթի այցը Միացյալ Նահանգներ՝ ընդհանրություններից ավելի շատ տարաձայնությունների ֆոնին
Իսրայելի վարչապետի պաշտոնում ԱՄՆ կատարած իր առաջին այցի ընթացքում Նաֆթալի Բենեթը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, իսկ հինգշաբթի օրը նախատեսված է նրա հանդիպումը Ջո Բայդենի հետ:
Իսրայելի վարչապետն այն դեպքում է այցելել ԱՄՆ, երբ կողմերը երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մեծ քարոզչություն են իրականացնում: «Իսրայելի անվտանգության ապահովմանն ու պահպանմանն ուղղված ԱՄՆ -ի հանձնառությունն անփոփոխ է», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպման ժամանակ: Իսրայելի վարչապետն այդ հանդիպման ժամանակ կարևորելով Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերությունները բարելավելու ռազմավարությունն ասել է.«Իսրայելն ԱՄՆ-ից ավելի հուսալի դաշնակից չունի»:
Երկկողմ հարաբերությունների, և մասնավորապես Իսրայելի անվտանգության նկատմամբ ԱՄՆ -ի հանձնառության մասին այս հայտարարությունները սխալ չեն, սակայն Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև կան բազմաթիվ տարաձայնություններ:
Բենեթի և Բլինքենի հանդիպմանը երկու կողմերի միջև եղած տարաձայնություններն ավելի ակնհայտ դրսևորվեցին: ԱՄՆ-Իսրայել տարաձայնության առարկա է պաղեստինա-իսրայելական հակամարտության շրջանակում երկու պետությունների կազմավորմը: ԱՄՆ պետքարտուղարը Բենեթի հետ հանդիպմանը հերթական անգամ Իսրայելի և Պաղեստինի երկու կառավարությունների ձևավորման ռազմավարությունը պարոն Բայդենի կառավարության ցանկալի մոդելն է համարել՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնության մյուս թեման Իրանի միջուկային համաձայնությունն է: Իսրայելի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ դեմ են ԱՄՆ-ի՝ միջուկային գործարք վերադառնալուն: Բենեթը նախքան ԱՄՆ ուղևորվելն ասել էր, որ Վաշինգտոն կատարելիք իր առաջին ուղևորության ընթացքում նոր նախագիծ է առաջարկելու ԱՄՆ նախագահին՝ Իրանին դիմակայելու վերաբերյալ: ԶԼՄ-ների ենթադրությունների համաձայն՝ այդ նախագիծը հիմնված է այն սկզբունքի վրա, որ Իրանի միջուկային ծրագրում վերջերս արձանագրված առաջընթացը հաշվի առնելով ՀԳՀԾ-ն այլևս չի կարող փարատել համաշխարհային մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Թեև ԱՄՆ կառավարությունը մինչ այժմ չի վերադարձել ՀԳՀԾ, սակայն վեց փուլ բանակցություններ են տեղի ունեցել այդ կապակցությամբ և ԱՄՆ-ի պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել բանակցությունների յոթերորդ փուլի անցկացման համար:
Մեկ այլ հանգամանքն այն է, որ օկուպացված տարածքներում լուրջ կասկածներ կան ԱՄՆ-ի հզորության վերաբերյալ, և նույնիսկ վերջերս մի շարք իսրայելցի զինվորականներ պահանջել են նվազեցնել ԱՄՆ-ից կախվածությունը` պնդելով, որ Աֆղանստանում թալիբների տիրապետությունը ցույց է տալիս, որ Արևմտյան Ասիայի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականությունը ձախողվել է: Ինչպես հաղորդում է իսրայելական «Արոց Շուը» կայքը, Իսրայելի վարչապետին ուղղված բաց նամակում այդ ռեժիմի անվտանգության մի շարք հրամանատարներ և գեներալներ հաշվի առնելով Աֆղանստանում տիրող իրավիճակը և «Թալիբանի» կառավարության գերիշխող դիրքը, Իսրայելի վարչապետին կոչ են արել վերանայել ռեժիմի կախվածությունն աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիայից:
Չնայած ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Իսրայելին աջակցելուն, իսկ սիոնիստական լոբբին մեծ ազդեցություն ունի ԱՄՆ իշխանության կառուցվածքում, սակայն թվում է, որ տարաձայնությունն առավել քան ընդհանրությունը ստվերել է Թել Ավիվ-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունները: