Մամուլի տեսություն 21.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i153676-Մամուլի_տեսություն_21.10.2021
Նախկին իրանցի դիվանագետն ասում է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով՝ Թրամփը գործնականում Իրանին հնարավորություն տվեց ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոս:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 21, 2021 05:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.10.2021

Նախկին իրանցի դիվանագետն ասում է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով՝ Թրամփը գործնականում Իրանին հնարավորություն տվեց ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոս:

Քեյհան օրաթերթ

Թուրքիան կրկին չհասավ Եվրամիություն

Եվրամիությունը հայտարարել է, որ «միությանը Թուրքիայի անդամակցության հայտը կասեցվել է ժողովրդավարական լուրջ թերությունների պատճառով»

Թուրքիայի միությանն անդամակցության պաշտոնական թեկնածու է ճանաչվել 1999 թվականի դեկտեմբերի 12 -ին, իսկ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերի 3 -ին: Նախատեսվում էր, որ  Թուրքիայի լիիրավ անդամակցության գործընթացը կտևի 10 տարի: Սակայն բանակցությունների մեկնարկից 16  և Թուրքիայի պաշտոնական խնդրանքից 34 տարի անց, միությանն Անկարայի անդամակցության համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու:

 

Խորասան օրաթերթ

Գործակալությունը վերադառնում է Սպիտակ տան կարգավորումներին

Թեև ՄԱԳԱՏԷ-ն պետք է  լինի Իրանի և Արևմուտքի միջև միջուկային լարվածության նվազեցման վերաբերյալ քննարկումների առաջնագծում և աշխատի Վիեննայի բանակցությունների ավարտի ուղղությամբ, սակայն գործակալության մուտքն Իրանի միջուկային օբյեկտներ նույնպես պետք է լիարժեք լինի, որպեսզի  հնարավորություն լինի լիարժեք վերահսկողություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի վրա: Այ սմասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ԱՄՆ պետքարտուղարին և ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ինչը նրա կողմից մի տեսակ սաբոտաժ է:

 

 

Էբթեքար օրաթեր

Բենի Գանցը կոչ է արել ավելացնել Սիոնիստական ​​ռեժիմի  պաշտպանական բյուջեն՝ Իրանին դիմակայելու նպատակով

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանական նոր բյուջե, որը կզբաղվի Իրանի միջուկային զենքի ձեռքբերման հնարավորությամբ

The Independent-ը գրում է, որ Բենի Գանցը երեքշաբթի օրը Իսրայելի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նիստում, դիմել է  լրացուցիչ բյուջե հատկացնելու համար:

Գանցը, ով հանձնաժողովի նիստին մասնակցել է Իսրայելի զինված ուժերի միացյալ շտաբերի պետ, գեներալ Ավիվ Կուխավիի հետ, նշել է. «Բյուջեի օրինագծի կատարման մեջ հստակ առաջնահերթությունը պետք է լինի Իսրայելի դեմ ուղղված Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքի դեմ պատրաստվածության մակարդակը: Մենք տեսնում ենք, որ ուրանի հարստացման Իրանի ծրագիրը զարգանում է,  ինչը Թեհրանին  հնարավորություն կտա. «հասնել իջուկային զենքի արտադրության շեմին»:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

ՀԳՀԾ-ն փրկելու երկու սցենար

Նախկին իրանցի դիվանագետ Սեյեդ Հոսեյն Մուսավյանը իր հոդվածում ներկայացրել է ՀԳՀԾ-ն փրկելու երկու սցենար: Սեյեդ Հոսեյն Մուսավյանը բրիտանական Middle East թերթում հրապարակված իր հոդվածում գրել է.«ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը, 2018 -ի մայիսին դուրս եկավ ՀԳՀԾ-ից  և Իրանի դեմ սահմանեց ամենախիստ պատժամիջոցները, մինչդեռ Իրանը կատարեց  համաձայնագրով ստանձնած  բոլոր պարտավորությունները: Ի պատասխան ԱՄՆ-ի քայլի, Իրանը որդեգրեց  «դիմադրության ռազմավարություն», միաժամանակ ամրապնդելով իր տարածաշրջանային դաշնակիցներին, ավելացրեց իր միջուկային կարողությունները և հարստացման մակարդակը 5 տոկոսից հասցրեց 60 տոկոսի ՝ ԱՄՆ -ին սեփական  առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտադրելու համար: Փաստորեն, Թրամփը Իրանին մղեց  միջուկային ծրագրում անդառնալի  կետի ՝ նվազեցնելով ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները, որպեսզի Վաշինգտոնը դրանից հետո շահագրգռվածություն չունենա վերադառնալ ՀԳՀԾ»:

 

 

armenpress.am

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:

Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:

 

armenpress.am

Հայաստանը շահագրգիռ է խթանելու Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ միջխորհրդարանական փոխգործակցությունը

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը hոկտեմբերի 20-ին  հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա  առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված եւ օրինակելի փորձ են կուտակել:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է  բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ:

«Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

ԱՄՆ-ն պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ ժամանակներս կհայտարարի 5-11 տարեկան երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ սկսելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ԱՄՆ իշխանություններն աշխատում են ողջ երկրում գտնվող շուրջ 200 մանկական հիվանդանոցների ու կլինիկաների հետ, որտեղ էլ նախատեսվում են իրականացնել պատվաստումները:

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից նոյեմբերի սկզբին կայանալիք հանդիպմանը վերջնական որոշման հաստատումից հետո ԱՄՆ շուրջ 28 մլն երեխաներ պատվաստում կստանան Pfizer պատվաստանյութով, որն արդեն կիրառվում է 12-17 տարեկան երեխաների շրջանում:

 

panarmenian.net

ՀՀ կայցելի «Ռոսատոմի» ղեկավարը․ Կքննարկվեն նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները

 Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստան կայցելի նոյեմբերի սկզբին։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ այցելության նախնական ծրագրի՝ Լիխաչովի և նրա պատվիրակության այցը կկայանա նոյեմբերի առաջին օրերին։ Այցի ընթացքում կքննարկվի Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգման ընթացքը, 2026-ից հետո ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման հնարավորությունները, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները։

Նախատեսվում են նաև «Ռոսատոմի» ղեկավարի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

«Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի: «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն և շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:

 

 

panarmenian.net

Դեսպան․Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

 Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերին։

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:

Կողմերը քննարկել են նաև նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը:

 

panarmenian.net

ՀՀ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության առաջարկած նախագծին, որով ՀՀ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում:

ՀՀ կառավարությունն առաջարկել է վավերացնել «Տրանսպորտային միջոցի անձնագրի և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014-ի օգոստոսի 15-ի համաձայնագիրը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը պարզաբանել է, որ տվյալ համաձայնագրով անդամ երկրներում ստեղծվում է բոլոր տեսակի ավտեմեքենաների մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, ինչը, ըստ նրա, թույլ կտա մոնիտորինգ իրականացնել ու նաև հասկանալ, թե ինչ գործառույթ է իրականացնում տվյալ ավտոմեքենան, գրում է Sputnik Արմենիան։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ Հայաստանը համաձայնագրին միանում է վերապահումով։

«Նմանատիպ վերապահում արձանագրել է նաև համաձայնագրի հիմնադիր անդամ Ղազախստանը։ Սույն համաձայնագրի ազդեցությունը չի տարածվելու ՀՀ ԶՈւ և այլ զորքերի ինքնագնաց մեքենաների վրա, տեխնիկայի այլ միջոցների ու հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա»,– ասել է Գևորգյանը։

Նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։

Համաձայնագիրը ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխվարչապետների կողմից 2018թ. հունիսի 23-ին: Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացրել են միայն Ռուսաստանի Դաշնությունն ու Ղրղզստանի Հանրապետությունը: