Մամուլի տեսություն 23.10.2021
Իրանի բանակի օդուժի օդային հզորություն զորավարժության ընթացքում թշնամու ենթադրյալ կենսական թիրախները խոցվել են տեղական Յասին-90 հեռահար ռումբով:
Իրան օրաթերթ
Իրանի օդային հզորություն զորավարժության ընթացքում փորձարկվել է «Յասին-90» տեղական ռումբը
Հինգշաբթի օրն անցկացվել է «Վիլայաթի սահմանների պաշտպանության անձնուրացների օդային հզորության» 10-րդ զորավարժությունը: Զորավարժության հիմնական ու գործողությունների փուլում թշնամու ենթադրյալ թիրախները խոցվել են Յասին-90 տեղական ռումբով ու նաև օդուժի խուզարկու կործանիչները ցածր բարձրության վրա վարժանքներ են անցկացրել:
Քեյհան օրաթերթ
Անսարալլահն ունի հրթիռներ, որոնք իվիճակի են անցնել ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգերից
Եմենի հեղափոխականների հրթիռային և անօդաչու սարքերի ոլորտում առաջադիմությունները նույնիսկ Անսարալլահի թշնամիներին ստիպել են խոստովանել այդ մասին: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Եմենի հութիների (Անսարալլահ) նոր հրթիռներն ունեն ամերիկյան ինքնաթիռներ, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ խոցելու ունակություն: Ըստ New York Times- ի ՝ Պենտագոնի պաշտոնյաները պնդել են, որ Իրանը կառուցել է այս նոր հրթիռները և դրանք տրամադրել է Եմենի Անսարուլլահին: Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հերքել է Անսարուլլահի զինելու մասին Արեւմուտքի պնդումները:
Շահրվանդ օրաթերթ
Բարձր գոհունակություն Ռայիսիի գործունեությունից հեղինակավոր միջազգային սոցհարցումներում
Gallup կայքը հայտնում է, որ վերջին հարցումների համաձայն, իրանցիների 72 տոկոսը գոհ է Այաթոլլա Ռայիսիի կառավարության գործունեությունից և հավանություն է տալիս դրան:
Էբրահիմ Ռայիսիի նախագահությունից մի քանի շաբաթ անց, Իրանում Gallup-ի հարցումները ցույց տվեցին, որ Ռայիսին վայելում է ժողովրդի աջակցությունը, ավելի քան իր նախորդը՝ Հասան Ռոհանին: (Այս ցուցանիշը Ռոհանիի նախագահության օրոք երբեք չի գերազանցել 50 տոկոսը) Օգոստոսին Ռայիսիի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, իրանցիների 72 տոկոսը գոհունակություն հայտնեց նրա արած գործից:
2020 թվականի նոյեմբերին Ռոհանիի օրոք Gallup- ի վերջին հարցման արդյունքում իրանցիների միայն 32 տոկոսն էր գոհունակություն հայտնել նրա գործունեությունից:
Էթեմադ օրաթերթ
Արժանի ընտրություն
Կինոռեժիսոր Ասղար Ֆարհադիիի «Հերոսը» ֆիլմն ընտրվել է որպես իրանական կինոյի ներկայացուցիչ՝ 2022 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը ներկայացվելու համար:
Կասկած չկա, որ «Հերոսը» ֆիլմը համաշխարհային կինոյի ամենակարևոր իրադարձությունում իրանական կինոյի արժանի ներկայացուցիչն է, քանի որ, առաջին հերթին, այս ընտրությունը կատարվել է կինոյի փորձագետների կողմից, և կինոթատրոնն է ներկայացրել ընտրող հանձնաժողովին: Երկրորդ հերթին, «Հերոս»-ի որակային բարձր մակարդակը (ըստ կինոնկարը տեսած Կաննի շատ քննադատների վերլուծության) միջազգային արվեստի շրջանակներում և Կաննում, ինչպես նաև այնպիսի հզոր դիստրիբյուտոր, ինչպիսին Ամազոնն է, ցանկացած հարցի և անորոշության պատասխանն է: Կաննի կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակին արժանանալուց հետո, իրանցի և արտասահմանցի քննադատները ավետում էին Ֆարհադիի վերադարձը «Օսկար»: Նույնիսկ Hollywood Reporter կայքի քննադատը «Հերոս»-ին չորս անվանակարգերում նշել է որպես այս մրցանակների առաջադրվելու մեծ հնարավորություններից մեկը:
news.am
Հայտնի են Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամկետները
Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Ենթադրաբար, կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։ Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Աղբյուրը հայտնել է, որ «նման հանդիպում է սպասվում նոյեմբերի 8-9-ին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Աղբյուրի խոսքով՝ հանդիպմանն ակնկալվում է եռակողմ հայտարարության ստորագրում։ Փաստաթուղթը կվերաբերի «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին»։
«Այդ գործընթացը բարդ է, եւ կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ կորոշեն «ճանապարհային քարտեզը»՝ տվյալ խնդրի լուծում գտնելու համար։ Ինչպես նաեւ ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն։ Այդ կետը նշված է նաեւ անցած տարի նոյեմբերին երեք առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության մեջ»,-հստակեցրել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ նման ձեւաչափով հանդիպում է կայացել Մոսկվայում 2021 թվականի հունվարին։
news.am
Ալիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը
Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա լարվածության ապաէսկալացման հույսը, որն առաջացել էր երկու երկրի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո, կարճատև էր: Այս մասին Tert.am-ի հաղորդմամբ Responsible Statecraft պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Վաշինգտոնում և Մադրիդում Լատվիայի դեսպանության նախկին աշխատակից Էլդար Մամեդովը:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ հեղինակը նշում է, որ նախարարների հեռախոսազրույցից օրեր անց Իլհամ Ալիևն Իրանին մեղադրել է Եվրոպա և Ռուսաստան թմրանյութեր տեղափոխելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործելու մեջ: Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի «ապշեցուցիչ հայտարարություններին»՝ դատապարտելով դրանք:
Որոշելով գնալ հակաիրանական արշավի սրման՝ Բաքվի ռեժիմը մի շարք ադրբեջանցի շիա հոգևորականների է ձերբակալել, որոնք «իրանամետ» են համարվում, այդ թվում՝ Բաքվի ուրբաթօրյա մզկիթի նախկին իմամ Իլգար Իբրահիմօղլուին և հոգևոր կայքերից մեկի գլխավոր խմբագիր Սարդար Բաբաևին: Վերջինիս մեղադրանք են առաջադրել պետական դավաճանության մեջ: Ինչպես հեղինակը նշում է, Բաքուն այս գործի միջոցով փորձում է ամրապնդել իր հեղինակությունն ԱՄՆ-ում և ԵՄ-ում:
«Այս վերջին իրադարձությունները վստահաբար վկայում են, որ առնվազն ներկա պահին Ալիևը ցանկություն չունի նվազեցնելու լարվածությունը Թեհրանի հետ հարաբերություններում: Հայաստանի դեմ Բաքվի ռազմական հաջողությունն ակնհայտորեն ոգեշնչել է նրան՝ բաց մարտահրավեր նետելու իր հարավային հարևանին: Երբ Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ էր իրականացնում Ադրբեջանի սահմանի մոտ, ադրբեջանական կառավարամետ կայքերը գրում էին, որ իսլամական պետության զինանոցը չի համապատասխանում Ադրբեջանի բարձրտեխոնոլագիական սարքավորումներին, որոնք երկիրը ստացել է Իսրայելից և Թուրքիայից: Ալիևը հույս ունի, որ Անկարայի և Թել Ավիվի ռազմական և դիվանագիտական աջակցությունը բավարար զսպող գործոն կլինի Թեհրանի դեմ»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ Իսրայելի աջակցությունը պետք է վերաճի Վաշինգոտնի աջակցության, հատկապես, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հեռանկարներն անորոշ են:
Հոդվածագրի կարծիքով՝ Ալիևի վստահությունն անտեղի և հակաարդյունավետ է: Իրանի զորավարժություններն Ադրբեջանի սահմանների մոտ նպատակ են ունեցել ոչ թե ներխուժման նախապատրաստվելու, այլ ավելի շուտ՝ Բաքվի ուշադրությունը հրավիրելու և ցույց տալու, որ Իրանում բարեկամական չեն համարում հարևանի քաղաքականությունը:
Աղբյուրի կարծիքով՝ Ադրբեջանի դեպքում իրավիճակն այլ է՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ Թեհրանը հաջողությամբ գործողություններ է իրականացնում վստահված անձանց միջոցով, ինչպես օրինակ Իրաքի և Լիբանանի դեպքում: Թեև Ադրբեջանում մեծ թվով շիա դավանողներ են ապրում, սակայն նրանք տարիներ շարունակ ճնշված են եղել՝ սկզբում խորհրդային աթեիզմի տարիներին, հետագայում՝ թուրքամետ ազգայնականության ֆոնին անկախության տարիներին: Սակայն կառավարությունը վերջերս փոխել է վերաբերմունքը երկրում ապրող շիաների նկատմամբ. այժմ Բաքուն համագործակցում է հեղինակավոր կրոնական առաջնորդների հետ՝ ձգտելով «ազգային շիիզմ» ստեղծել, որը քաղաքականապես կլինի պետական կրոն և կախվածություն չի ունենա Իրանից:
Այնուամենայնիվ, երկրում կա մարդկանց ոչ փոքրաթիվ զանգված, որը դժգոհ է կոռուպցիայից և սոցիալ-տնտեսական անհավասարությունից, որը չափազանց ակնհայտ է դարձել Ալիևների իշխանության օրոք: Ալիևի կողմից աշխարհիկ ընդդիմությանը ճնշելուց հետո հավանական է, որ դժգոհությունը որոշ աստիճանով կրոնական-քաղաքական տեսք կստանա, ինչից էլ կարող է երկարատև հեռանկարում օգտվել Թեհրանը:
Բաքվի և Թեհրանի միջև հակամարտության վերջին բռնկումը գործնականում արթնացրել է Իրանում վաղուց քնած պատկերացումները Կովկասի մասին՝ որպես «փախուստի դիմած նահանգի, որը 19-րդ դարում առանձնացվել է Ռուսական կայսրության պատճառով»: Իրանական ազգայնականության աճը ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ ձևաչափերում ևս մեկ երկարաժամկետ հետևանք է, որը Ալիևը և նրա կողմնակիցները չեն կարողացել կանխատեսել:
Դրա հետևանքներից մեկը, ըստ հեղինակի, այն է, որ Թեհրանն արդեն սկսել է շրջվել Երևանի կողմը, ինչը, ճակատագրի հեգնանքով, Բաքվի հայտարարությունները Իրանի հայաստանամետ լինելու մասին իրականություն է դարձնում: Այս մասին գրելով՝ հեղինակը նշում է, որ Իրանը Հայաստանն է ընտրել որպես գործընկեր Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակում առևտրի ուղի բացելու համար:
Իրանը տիրապետում է հիմնական զսպող միջոցների՝ հրթիռների, որոնց հեռահարությունը բավական է Ադրբեջանի ողջ տարածքը խոցելու համար: Իրանն արդեն ցուցադրել է Սաուդյան Արաբիայի նավթահանքերի ուղղությամբ ճշգրիտ հարվածներ հասցնելու իր ունակությունը:
«Անկասկած, նման հարվածը կնշանակեր զանգվածային էսկալացիա և կհանգեցներ պատասխան միջոցների ներգրավման՝ հավանաբար, Թուրքիայի մասնակցությամբ, այդ իսկ պատճառով հարված հասցնելու շեմը բավականին բարձր է: Սակայն իրանցի առաջնորդները նախկինում վստահաբար ցույց են տվել, որ եթե իրենց նեղը գցեն, իրենք առանց երկմտելու կհարձակվեն ենթադրյալ թշնամիների վրա: Այդպիսով, Ալիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը եկարաժամկետ հեռանկարում»,- եզրափակում է հոդվածագիրը:
armenpress.am
Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը
Եթե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով գագաթաժողովի անցկացման պայմանավորվածություն ձեռքբերվի՝ Կրեմլը կտեղեկացնի այդ մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
«Եթե այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», - շեշտել է Պեսկովը:
Հոկտեմբերի 22-ից առցանց մամուլում չհաստատված տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 2021 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոր եռակողմ հայտարարություններ են ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպե նաև՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը և պաշտոնական Բաքուն, սակայն, առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկությունները:
lragir.am
Պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն:
Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողություննների արդյունքում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը, միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:
Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը: