Մեկնաբանություն. ԱՄՆ-ի պետքարտուղարը մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ
ԱՄՆ պետքարտուղարն իր եգիպտացի գործընկերոջ հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ կրկնել է Իրանի դեմ իր թշնամական դիրքորոշումը։
Առանց որևէ ապացույց ներկայացնելու, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ լուրջ մտահոգություններ կան Իրանի ապակայունացնող գործողությունների, ներառյալ ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռների ծրագրի, և օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ամերիկացիների կամայական կալանավորումների վերաբերյալ:
1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ԱՄՆ պաշտոնյաների կողմից միշտ անհիմն մեղադրանքներ են հնչել Իրանի դեմ, սակայն 2015 թվականին «5+1» խմբի հետ Իրանի միջուկային գործարքից հետո, ԱՄՆ կառավարությունը փորձել է ոչ միջուկային խնդիրները կապել միջուկային համաձայնագրի հետ՝ տարածաշրջանում Իրանի ռազմական առաջընթացը և հզորացումը կանխելու նպատակով:
Փաստորեն, սա էր ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հիմնական պատճառներից ու պատրվակներից մեկը: Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում էր, որ միջուկային համաձայնագրում չի ներառվել Իրանի հրթիռային ծրագիրը, ուստի այն չի կարող կանխել ԻԻՀ տարծաշրջանային գործունեությունը։ Այս պատրվակով ԱՄՆ կառավարությունը 2018թ. միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից:
ԱՄՆ-ում նոր կառավարության իշխանության գալուց հետո, այդ երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ ՀԳՀԾ: Մինչ այժմ Վիեննայում վեց փուլ բանակցություններ են տեղի ունեցել պատժամիջոցները չեղարկելու և ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու նպատակով, սակայն ճնշումները շարունակվելու և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները շարունակվելու պատճառով, բանակցությունները որևէ արդյունքի չեն հասել:
Տարաձայնություններից մեկը, որը հանգեցրել է Վիեննայի բանակցությունների ձախողմանը, այն է, որ ամերիկացիները փորձում են Իրանի տարածաշրջանային գործունեությունը և պաշտպանական ու հրթիռային զարգացումները կապել միջուկային ծրագրի և ՀԳՀԾ-ի հետ, փորձելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնքել նոր միջուկային համաձայնագիր:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի այս նպատակի մասին հայտարարել էր. «Ամերիկացիները հայտարարեցին, որ կչեղարկեն պատժամիջոցները, բայց չարեցին, ու չեն անելու, դա: Բացի այդ, նրանք նախապայման են դնում մեր առաջ և ասում, որ այս համաձայնագրում պետք է մի նախադասություն ևս ավելացնեք, որպեսզի հետագայում որոշ հարցերի շուրջ կարողանանք խոսել, հակառակ դեպքում համաձայնության չենք գալու»:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի նախկին դեսպան և ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին այդ մասին ասել է.«Միացյալ Նահանգները և Արևմուտքը վերջին բանակցություններում ցույց են տվել, որ շարունակում են միջուկային համաձայնագիրը դիտարկել որպես կամուրջ դեպի այլ կապ չունեցող ոլորտներ, ներառյալ՝ հրթիռային ու տարածաշրջանային հարցեր մուտք գործելու համար: Միացյալ Նահանգները ցանկանում է միջուկային գործարքը որպես պատանդ վերցնել Իրանի հրթիռային և տարածաշրջանային գործունեության համար»:
Անշուշտ Իրանի Իսլամական Հանրապետությունը Վիեննայի բանակցությունների նպատակը համարում է պատժամիջոցների ամբողջական և արդյունավետ վերացումը և արևմտյան կողմերի, հատկապես ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ով սահմանված պարտավորությունների կատարումը: Ուստի միջուկային հարցից բացի, Իրանը չի բանակցելու այլ հարցերի,այդ թվում տարածաշրջանային քաղաքականության և պաշտպանական գործունեության վերաբերյալ:
Այս առնչությամբ ԻԻՀ քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորոացումը ազգային որոշում է և վերաբերում է Իրանի ազգային շահերին ու անվտանգությանը, ուստի ոչ մի երկիր իրավունք չունի այս մասին խոսել կամ կարծիք հայտնել»։