Մեկնաբանություն.Եվրոեռյակը միջուկային հարցով մեղադրանք է հնչեցրել Իրանի հասցեին
Եվրոեռյակը (Ֆրանսիա, Գերմանիա և Բրիտանիա) չորեքշաբթի օրը համատեղ հայտարարություն է տարածել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի նիստում, որում մտահոգություն է հայտնել «Իրանի համակարգված միջուկային լարվածության» առնչությամբ, պնդելով, որ միջուկային կարողությունների արդիականացմանն ուղղված Իրանի քայլերը միջազգային հանրությանը կկանգնեցնեն լուրջ վտանգների առջև:
Եվրոպացիները նաև մտահոգիչ են բնութագրել արդիական ցենտրիֆուգների ենթակառուցվածքներ տեղադրելու Իրանի վերջերս իրականացրած քայլը և հայտարարել են, որ այդ իրադարձությունը կարող է ավելի հեշտացնել ավելի բարձր մակարդակով ուրանի հարստացումը:
Թվում է այս զգայուն ժամանակահատվածում՝ նոյեմբերի 29-ին կայանալիք Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլի մեկնարկից առաջ, Արևմուտքը հոգեբանական ու քարոզչական պատերազմ մղելով փորձում է Թեհրանի նկատմամբ ճնշում գործադրել ԱՄՆ-ի ու Եվրոպայի անտրամաբանական պահպանջներն ու պայմաններն ընդունելու համար:
Այս շրջանակում կարելի է գնահատել Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ Եվրոեռյակի տարածած հայտարարությունը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո, փաստորեն եվրոպացիները ոչ մի արդյունավետ քայլ չձեռնարկեցին ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար։
Եվրոեռյակը, որն այժմ ԱՄՆ-ի ճնշումների ներքո և անհրաժեշտ կամք չունենալու պատճառով ՀԳՀԾ-ի խախտման ոլորտում հանդես է գալիս Իրանին մեղադրողի դերում, հրաժարվեց կատարել իր պարտավորությունները, հատկապես չիրականացրեց Իրանի հետ ֆինանսական և առևտրային փոխգործակցության մեխանիզմը , որը կոչվում է INSTEX։
Այս բոլոր հարցերն Իրանին դրդեցին արձագանքել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն և եվրոպացիների խոստումնազանցությանը: Արձագանքելով եվրոպական երկրների անգործությանը, Թեհրանը ՀԳՀԾ-ի դրույթների համաձայն, հինգ քայլով կրճատեց իր պարտավորությունները և ձեռնարկեց ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս քայլեր՝ ավելացնելով ուրանի պաշարները, բարձրացնելով ուրանի հարստացման մակարդակը և շահագործման հանձնելով նոր ցենտրիֆուգներ։
Իրանի կառավարությունն իսլամական խորհրդարանի կայացրած որոշման շրջանակում կասեցրել է Լրացուցիչ արձանագրության կամավոր իրագործումը։ Փաստորեն եվրոպացիները փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղադրել Թեհրանին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառներով է Իրանը հրաժարվել իր պարտավորությունները կատարելուց։ Մինչդեռ Իրանի դիրքորոշումը ցույց է տալիս, որ Թեհրանը գործել է տրամաբանական և իրավական շրջանակներում։
Քաղաքագետ Էմադ Աբշենասն ասում է.«Բոլոր կողմերը, այդ թվում՝ եվրոպացիները, ռուսները և չինացիները համոզված են, որ Իրանը իրավացի է: Եթե որոշված է կյանքի կոչել ՀԳՀԾ-ն, ապա պետք է իրագործել դրա բոլոր դրույթները, եթե ցանկանում են Իրանը կատարի իր պարտավորությունները, նրանք ևս պետք է կատարեն իրենց պարտավորությունները»:
Եվրոպական երեք երկրները նաև մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, թե իբր նվազել է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը, պնդելով, որ դա փոքրացրել է ՄԱԳԱՏԷ-ի՝ Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելու հնարավորությունը: Գնդակն այժմ Արևմուտքի դաշտում է, ուստի նրանք կարող են մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն վերսկսել Վիեննայի բանակցությունները: Անշուշտ ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցները չեղարկվելու դեպքում, Թեհրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը: