Մեկնաբանություն. Իրանն ու Թուրքիան կարևորում են համագործակցությունների ընդլայնումը
Իրանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ընդգծել է տնտեսական և առևտրային ոլորտներում Թեհրան-Անկարա հարաբերությունների զարգացման կարևորությունը, նշելով. «Շուտով Թեհրանում համատեղ գագաթնաժողովի անցկացմամբ համագործակցությունների զարգացումը կմտնի նոր փուլ»։
Թուրքիայի նախագահը նաև կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը հատկապես տնտական և անվտանգության ոլորտներում և ասել.«Համագործակցության գաղափարն այժմ գերիշխում է տարածաշրջանի երկրների շրջանում, և վերջին այցերն ու խորհրդակցությունները վկայում են, որ այն հաջողություն է ունեցել»։
Կարևորելով Թեհրանի և Անկարայի միջև համատեղ համագործակցության նիստերի անցկացումը՝ նա հավելել է.«Թեհրան կատարելիք այցով երկու երկրների հարաբերությունները թևակոխելու են զարգացման նոր փուլ»։
Իրանը և Թուրքիան, աշխարհաքաղաքական խնդիրների բերումով և պատմական, մշակութային կապերի, ընդհանրությունների, ժողովրդագրական կառուցվածքի և բնական պաշարների պատճառով, տարածաշրջանի ազդեցիկ երկրներից են համարվում, իսկ երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը կարևոր գործոն է կայունության և տարածաշրջանային անվտանգության երաշխավորման գործում։
ԻԻՀ-ը հարևաննեին ու իսլամական երկրներին համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Տարածաշրջանում առկա խնդիրներից շատերը, այդ թվում՝ ահաբեկչությունը, պայմանավորված են արտաքին միջամտություններով և օտարերկրացիների առկայությամբ, և այդ խնդիրների լուծումը պահանջում է տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու ջանքերը։
Ըստ այդմ, վերջին ամիսներին Իրանի և Թուրքիայի պաշտոնյաներն ակտիվացրել են խորհրդակցությունները տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, ուշադրություն դարձնելով երկու երկրների միջև հարևանության քաղաքականությանը և առևտրափոխանակումների ծավալների ավելացմանը:
Ավելի վաղ, Աշխաբադում ԷԿՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում, հայտարարելով, որ իր երկիրն անհրաժեշտ է համարում ԻԻՀ-ի հետ զարգացնել և ամրապնդել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը, Էրդողանն ասել էր. «Մենք կարող ենք թռիչքային զարգացում ապահովել երկու երկրների հարաբերություններում, հատկապես՝ տնտեսական ոլորտում»:
Իրան-Թուրքիա հարաբերությունների վերանայումը ցույց է տալիս, որ չնայած քաղաքական տարաձայնություններին և տարածաշրջանային մրցակցություններին, երկու հարևան երկրները, մոտ 500 կիլոմետր ընդհանուր սահմանով, միշտ անհրաժեշտ են համարել բարեկամական հարաբերությունների պահպանումը և տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։ Իրան-Թուրքիա առևտրային կարողությունները կազմում են մոտ 30 միլիարդ դոլար, որը վերջին տարիներին՝ կորոնավիրուսի բռնկման և Իրանի դեմ ԱՄՆ անօրինական պատժամիջոցների հետ կապված խնդիրների պատճառով, հասել է մոտ 9 միլիարդ դոլարի:
Իրանի և Թուրքիայի շահերից է բխում զարգացնել տարածաշրջանային և երկկողմ համագործակցությունը, ինչը հնարավոր կլինի իրականացնել երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի վերջնական ձևակերպմամբ: Այս փաստաթուղթը հավանաբար կստորագրվի երկու երկրների պաշտոնյաների կողմից Թուրքիայի նախագահի Թեհրան կատարելիք այցի ժամանակ։
Ներկայումս երկու երկրներում կան տարբեր կարողություններ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների և զբոսաշրջության, նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնք կարելի է հաշվի առնել այս փաստաթուղթը կազմելիս։
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Բերսամ Մոհամմեդին այս կապակցությամբ ասում է.«Իրանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթն արդյունավետ կլինի երկու երկրների հարաբերություններում խոշոր ստրատեգիաների համակարգման միջոցով նոր հնարավորությունների ու կարողությունների ստեղծման և ազգային ու տարածաշրջանային շահերի փոխըմբռնման համար»։