Վերլուծություն․ Իրանի դեմ պատերամը և ԱՄՆ-ի ռազմարդյունաբերության շահույթը
Իրանի դեմ վերջերս իրականացված ռազմական գործողությունները, անվտանգության և մարդկային հետևանքներից բացի, վերլուծաբանների ուշադրությունը սևեռել են ԱՄՆ-ի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների՝ պատերազմներից տնտեսական շահ ստանալու հարցի վրա։
«Լոքհիդ Մարտին»-ի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ բանակից 13,3 միլիարդ դոլարի պայմանագիր ստանալուց հետո ընկերությունը քառապատկելու է PrSM (Precision Strike Missile) հրթիռների արտադրությունը, նորից առաջ է բերել այն հարցը, թե արդյոք պատերազմները մղվում են միայն անվտանգության նպատակներով, թե դրանցում դեր ունեն նաև սպառազինություն արտադրող ընկերությունների տնտեսական շահերը։
12-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն ռազմական գործողություններում կիրառեց իր մի շարք առաջադեմ սպառազինություններ։ 2026 թվականի մարտի 4-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարեց, որ PrSM հրթիռն առաջին անգամ օգտագործվել է իրական մարտական գործողության ընթացքում, և դրա մարտական փորձարկումը հաջողությամբ ավարտվել է։ Դրանից կարճ ժամանակ անց «Լոքհիդ Մարտին»-ը հայտարարեց Պենտագոնի հետ 13,3 միլիարդ դոլարի պայմանագրի ստորագրման մասին, որի նպատակն է քառապատկել այդ հրթիռների արտադրությունը։ Քննադատների կարծիքով՝ այս փաստը վկայում է պատերազմի դաշտի և սպառազինությունների շուկայի զարգացման միջև առկա անմիջական կապի մասին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրը, որի կազմում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Լոքհիդ Մարտին»-ը, «Ռեյթեոն»-ը, «Նորթրոփ Գրումեն»-ը և «Բոինգ»-ը, միջազգային ճգնաժամերի շարունակությունից շահող հիմնական կողմերից է։ Այս ընկերությունները ոչ միայն միլիարդավոր դոլարների եկամուտ են ստանում զենքի վաճառքից, այլև լոբբիստական գործունեության և քաղաքական ուժերին ցուցաբերվող աջակցության միջոցով փորձում են ազդել ԱՄՆ-ի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում ընդունվող որոշումների վրա։
Այս երևույթը երկար պատմություն ունի ԱՄՆ քաղաքականության մեջ։ Ավելի քան վեց տասնամյակ առաջ ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Այզենհաուերը նախազգուշացրել էր, որ խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ձեռքում տնտեսական և ռազմական հզորության կենտրոնացումը կարող է ազդել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա։ Այսօր բազմաթիվ վերլուծաբաններ Իրանի դեմ պատերազմի զարգացումները գնահատում են հենց այդ պատմական նախազգուշացման համատեքստում։
Քննադատների գնահատմամբ՝ Իրանի դեմ պատերազմը միայն ռազմական բախում չէր, այլ նաև ամերիկյան նոր սերնդի սպառազինությունների գործնական փորձարկման հնարավորություն։ Նման պայմաններում մարտի դաշտում այդ համակարգերի արդյունավետությունը կարող է հանգեցնել ինչպես ներքին պատվերների ավելացման, այնպես էլ ԱՄՆ դաշնակիցներին սպառազինության արտահանման աճին։ Այլ կերպ ասած՝ պատերազմը, ռազմական նպատակներից բացի, վերածվում է նաև պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ցուցադրման և շուկայավարման հարթակի։
Պենտագոնի բազմամիլիարդանոց պայմանագրերից բացի, լարվածության և պատերազմների ժամանակ ռազմարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի արժեքի աճը ևս մշտապես գտնվում է տնտեսագետների ուշադրության կենտրոնում։ Որքան աճում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում անկայունությունը, այնքան մեծանում է հրթիռային, հակաօդային պաշտպանության համակարգերի և առաջադեմ ռազմական տեխնիկայի պահանջարկը, ինչը նպաստում է պաշտպանական ընկերությունների շահույթի ավելացմանը։
Ընդհանուր առմամբ, Իրանի դեմ պատերազմից հետո առավել ակնհայտ է դարձել ԱՄՆ-ի ռազմական հզորության և ռազմարդյունաբերության տնտեսական շահերի միջև առկա կապը։ Շատ վերլուծաբանների կարծիքով՝ քանի դեռ սպառազինություն արտադրող ընկերությունները հսկայական շահույթ են ստանում հակամարտությունների շարունակությունից, մտահոգությունը կմնա, որ պատերազմը ոչ միայն քաղաքական և ռազմական գործիք է, այլև ԱՄՆ տնտեսական համակարգի մի հատվածի համար չափազանց շահավետ բիզնես։