Մամուլի տեսություն 16-01-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161732-Մամուլի_տեսություն_16_01_2022
Իրանը հայտարարել է, որ վերջին ամիսներին երկրի նավթի արտահանման ծավալն աճել է 2.2 անգամ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 16, 2022 09:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-01-2022

Իրանը հայտարարել է, որ վերջին ամիսներին երկրի նավթի արտահանման ծավալն աճել է 2.2 անգամ:

Էթելաաթ օրաթերթ

160 միջուկային մարտագլխիկներով Ռուսաստանի միջուկային սուզանավը մոտեցել է ԱՄՆ ափերին

Ռուսական միջուկային սուզանավը, որը կրում է «Բուլավա» բալիստիկ հրթիռներ, անսպասելիորեն հայտնվել է ԱՄՆ-ի ափերի մոտ, մտահոգելով Վաշինգտոնին:

Ռուսական «Պրավդա» թերթի փոխանցմամբ՝ ռուսական «Բորեյs սուզանավը  մոտեցել է ԱՄՆ ափերին։ Սուզանավը կրում է 160 միջուկային մարտագլխիկ և ըստ ռուսական թերթի, կարող է մի քանի րոպեների ընթացքում ոչնչացնել ԱՄՆ տարածքի մեծ մասը։

Ավելի վաղ,  ՌԴ ԱԳՆ  մի պաշտոնյա հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը որոշի Կուբայում կամ Վենեսուելայում ռազմածովային բազաներ կառուցել, ապա ռուսական միջուկային սուզանավերը  մշտական պարեկլություն կհաստատեն ԱՄՆ ափերի մոտ։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Նոր էջ է բացվում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերություններում

Տարածաշրջանի երկրները և նրանց հարևանները, իրար մոտ գտնվելու պատճառով, մշտապես եղել են Իրանի առևտրային հարաբերությունների առաջնահերթությունը։ Իրանը, հատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ և ունենալով  15 սահմանակից ու 25 տարածաշրջանային հարևան, արտաքին առևտուրը զարգացնելու բացառիկ հնարավորությունմեր ունի: Սակայն վերջին տարիներին տարածաշրջանի երկրների հետ ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացման նկատմամբ նախորդ  կառավարության անուշադրության պատճառով Իրանը չի հասել լավ արդյունքների, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ հետընթաց է  արձանագրել։

Երկրի 13-րդ կառավարությունը հայտարարել է, որ իր հիմնական ծրագրերից է տարածաշրջանային առևտուրի և հարաբերությունների զարգացումը հարևան և տարածաշրջանի երկրների հետ։

 

Քեյհան օրաթերթ

Ինչպե՞ս են չնայած պատժամիջոցներին, աճել Իրանի նավթի վաճառքի ծավալները

Իրանը հայտարարել է, որ վերջին ամիսներին երկրի նավթի արտահանման ծավալն աճել է 2.2 անգամ:

Bloomberg-ը հաղորդել է Իրանից ու Վենեսուելայից և  Չինաստան նավթի արտահանման 53 տոկոս աճի մասին, նշելով, որ արդեն մի քանի ամիս  չինական փոքր և անկախ նավթավերամշակման գործարանները ավելի շատ նավթ են գնում այդ երկու երկրից։

«Քալա Քափլեր» ընկերության տվյալների համաձայն, անցյալ տարի Չինաստանն Իրանից և Վենեսուելայից գնել է 324 միլիոն բարել նավթ (օրական 887 հազար բարել), ինչը 53 տոկոսով ավել է, քան 2020 թվականին։ Ընկերության  հաշվարկներով, Իրանը 2021 թվականին երկու անգամ ավելի շատ նավթ է արտահանել, քան 2020 թվականին, ընդ որում Չինաստանն այս ժամանակահատվածում իրանական նավթի ամենամեծ գնորդն է եղել: Թեև Իրանը ենթարկվում է ԱՄՆ-ի նավթային և բանկային պատժամիջոցներին, սակայն համաշխարհային շուկայում հում նավթի առաջարկի և պահանջարկի պայմաններն այնպիսին են, որ իրենց անհրաժեշտ էներգիան մատակարարելու և նավթի բարձր գներին դիմակայելու համար, երկրները պատրաստ են անտեսել պատժամիջոցները:

 

Իրան օրաթերթ

Պոմպեոն վախենում է Իրանի սպառնալիքից

Թրամփի նախագահության օրոք պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած  Մայք Պոմպեոն, մի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Իրանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ իր  մտավախությունների մասին։ Պոմպեոն ասել է, որ տեսել է իրանցիների հրապարակած տեսանյութը, որում Իրանը սպառնում է լուծել  գեներալ Սոլեյմանիի սպանության վրեժը և սպանել իրեն ու Թրամփին։

Պոմպեոն ասել է․ «Ես տեսել եմ այն ​​կարճ տեսանյութը, որում իրանցիները սպառնում են սպանել ինձ և նախագահ Թրամփին։ Մենք այժմ ունենք բանակցողներ, որոնք նստած են Վիեննայի բանակցությունների սեղանի շուրջ»։

 

armenpress.am

Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։

«Վան Ին ասել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է Իրանի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցներին, քաղաքական մանիպուլյացիաներին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները և կոպիտ միջամտությունը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարը՝ Իրանցի գործընկեր Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումից հետո։

Վան Ին վերահաստատել է Իրանի հետ համագործակցելու, միմյանց աջակցելու իրենց հիմնական շահերը պաշտպանելու և հեգեմոնիզմի և ուժային քաղաքականության դեմ համատեղ հանդես գալու պատրաստակամությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վան Ին ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և «նրանք պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հնարավորինս արագ շտկեն իրենց սխալները»։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NPR ռադիոկայանի եթերում ասել էր, որ Իրանը, Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններում, պետք է հաշվի առնի, որ կա սահմանափակ ժամկետ՝ պլանի դրույթներին համապատասխանությանը վերադառնալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար։

Lragir.am

Հայաստանը «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի պատվավոր հյուրն է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, և հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ, հանդիպում ունեցել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի նախագահի աշխատակազմից, Հայաստանն այս տարի, որպես պատվավոր հյուր, մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող ամենամյա հեղինակավոր այս փառատոնին՝ բացառիկ հնարավորություն ունենալով ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային ժառանգությունը։

Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրում է որպես պատվավոր հյուր, և փառատոնի առանցքում լինում են հենց այդ երկրի ժառանգությունը, արհեստն ու արվեստը, մշակույթն ու ավանդույթները։ 

yerevanlur.am

Առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի սկզբունքը ընդունելի է նաև Թուրքիայի համար

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասված է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջին հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»։

Հայաստանի ակնկալիքները վերջին 30 տարում չեն փոխվել. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և հայ-թուրքական սահմանի բացում։ Այս համատեքստում կարևոր է, որ Թուրքիան ևս նման մոտեցում է արտահայտում, և առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու մոտեցումը ամրագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից։

Ըստ էության, երկու երկրների կողմից նույնաբովանդակ հաղորդագրությունների տարածումը փաստում է առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու հարցում փոխըմբռնման առկայության մասին, ինչը դրական սկիզբ է հետագայում ևս կառուցողական քննարկումները շարունակելու ուղղությամբ։

news.am

Եգիպտոսում հայտնաբերվել է Միջին Թագավորության հանքարդյունաբերության ղեկավարի նստավայրը

Եգիպտական ​​հնագիտական ​​առաքելությունը, որը պեղումներ է կատարել Հարավային Սինայի Վադի ալ-Նուսբ շրջանում, հայտնաբերել է Միջին Թագավորության շենքի ավերակներ: Այստեղ հին ժամանակներում գտնվել է Եգիպտոսի հանքարդյունաբերության ղեկավարի նստավայրը։ Գտածոյի մասին պատմում է Antiquities պորտալը։ 

Հնությունների Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար դոկտոր Մուստաֆա Վազիրին ասել է, որ նստավայրը գտնվում է առանձին հովտում, այլ շինություններից հեռու, բայց մոտ է պղնձի եւ փիրուզի արդյունահանման վայրին։ Տարածքի ընդհանուր մակերեսը զբաղեցնում է 225 քմ։

Առաջին հարկի որոշ սենյակների մեջտեղում գիտնականները հայտնաբերել են առաստաղը պահող սյուների մնացորդներ:

Դոկտոր Մուստաֆա Նուր Էլ-Դինը հավելում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ նստավայրը կառուցվել է Միջին Թագավորության ժամանակաշրջանում: Այնուհետեւ, երկրորդ միջանկյալ դարաշրջանում շենքը լքվել է։ Նստավայրը նորից սկսել է շահագործվել Նոր Թագավորության տարիներին։

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ շենքը ակտիվորեն օգտագործվել է նաեւ հռոմեական դարաշրջանի մարդկանց կողմից։ Այս ընթացքում այն ​​մասամբ վերակառուցվել է։ Այստեղ հայտնաբերվել են պղնձաձուլական վառարանների մնացորդներ, մետաղների մշակման արհեստանոցներ եւ 1,2-ից 1,3 կգ քաշով չորս պղնձե ձուլակտորներ։

Շենքի տարածքներից մեկում հայտնաբերվել է փիրուզի մշակման արտադրամաս։ Այստեղ գիտնականները հայտնաբերել են փիրուզի մշակման եւ մաքրման գործիքներ։ Նմանատիպ գործիքներ մինչ օրս օգտագործվում են քարի մշակման վարպետների կողմից։