Փեզեշքյան․ Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններն ընդլայնվում են․ մենք չենք լքի բանակցությունների սեղանը
https://parstoday.ir/hy/news/iran-i251070-Փեզեշքյան_Թեհրանի_և_Մոսկվայի_հարաբերություններն_ընդլայնվում_են_մենք_չենք_լքի_բանակցությունների_սեղանը
IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների շարունակական ընդլայնման կարևորությունը՝ հայտարարելով, որ Իրանը չի լքի բանակցությունների սեղանը։
(last modified 2026-10-09T08:46:08+00:00 )
Հոկտեմբեր 09, 2026 12:04 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններն ընդլայնվում են․ մենք չենք լքի բանակցությունների սեղանը

IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների շարունակական ընդլայնման կարևորությունը՝ հայտարարելով, որ Իրանը չի լքի բանակցությունների սեղանը։

Նա նշել է, որ ամերիկյան կողմի հետ միջնորդների միջոցով փոխանակված առաջարկները վերջնական տեսքի բերելուց հետո կամփոփվեն։

ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երեկոյան հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովի և Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպման ընթացքում Փեզեշքյանը գոհունակություն է հայտնել ձևավորվող փոխգործակցության կապակցությամբ՝ ընդգծելով առևտրի, տնտեսության և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման, համատեղ ռազմավարական ծրագրին հավատարիմ մնալու, միակողմանիության դեմ պայքարի և աշխարհն ու տարածաշրջանը բազմակողմանիության ուղիով տանելու անհրաժեշտությունը։

Նշելով ԻԻՀ  վճռականությունը՝ ընդլայնելու երկկողմ հարաբերությունները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ռազմավարական ծրագրի շրջանակում, Փեզեշքյանը հայտարարել է, որ այդ հարաբերություններն ու ծրագրերը կարող են նպաստել բազմաթիվ ոլորտներում հաջողությունների և հաղթանակների հասնելուն։

Նա հույս է հայտնել, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ձևավորված կապերն ու համագործակցությունը կզարգանան արագ և արդյունավետ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ ձեռք բերված համաձայնեցումները լավ արդյունքներ են տվել, և այժմ փոխգործակցությունն ամրապնդելու ու ընդլայնելու լավագույն ժամանակն է։

Անդրադառնալով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը՝ Իրանի նախագահն ասել է. «Ինչպես դուք դեմ եք արտահայտվել միակողմանիությանը, այնպես էլ աշխարհը և տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, պետք է շարժվեն դեպի բազմակողմանիություն։ Մենք չպետք է թույլ տանք, որ միակողմանիությունը տարածվի աշխարհում։ ԱՄՆ-ը փորձում է իր քաղաքականությունն ու տեսակետները պարտադրել բոլոր երկրներին և գերիշխանություն հաստատել։ Այժմ այն նաև իր ներքին քաղաքականությունն է թելադրում այլ երկրներին»։

Շնորհակալություն հայտնելով Մոսկվային՝  դիրքորոշումների համար, ԻԻՀ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի նախագահը իր ելույթներում և հայտարարություններում մշտապես հանդես է եկել միակողմանիության դեմ, և Իրանը նույնպես փորձում է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։

Անդրադառնալով դիվանագիտական գործընթացի շարունակմանը՝ Իրանի նախագահն ասել է. «Մենք բանակցում ենք, սակայն ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի հետ երկխոսություն ենք վարում, նրանք կրկին հարձակվում են։ Այնուամենայնիվ, մենք չենք լքի բանակցությունների և երկխոսության սեղանը։ Մենք առաջարկներ ենք ներկայացրել,  ամերիկացիները նույնպես նոր առաջարկներ են արել։ Մենք դրանցում մեր ճշգրտումներն ենք կատարել։ Նախատեսվում է, որ առաջարկները վերջնական տեսքի բերելուց հետո առկա միջնորդների միջոցով կնստենք և կամփոփենք դրանք»։

Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին՝ Իրանի նախագահը նշել է, որ գնահատում է Մոսկվայի դիրքորոշումները տարածաշրջանային հարցերի և ՄԱԿ-ի շրջանակում, ինչպես նաև այն աջակցությունը, որի շնորհիվ թույլ չի տրվել, որ միակողմանիությունը դրսևորվի։ Նրա խոսքով՝ Իրանի նպատակն է ավարտել պատերազմը և ապահովել իր ժողովրդի իրավունքների հարգումը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Սակայն եթե ԱՄՆ-ը փորձի գործել միակողմանիության սկզբունքով, դա հնարավոր չի լինի։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին և քննարկել առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և առևտրի բնագավառներում տնտեսական ու ռազմավարական համագործակցության ամրապնդման հարցերը։

 Փեզեշքյանն ու Պուտինը կարևորել են համատեղ նախագծերի ավարտման և իրականացման գործընթացի արագացումը, ինչպես նաև երկու երկրների ազգային շահերի և տարածաշրջանային կայունության ապահովման նպատակով համակողմանի համագործակցության ընդլայնումը։

Ռուսաստանի նախագահը, անդրադառնալով պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի   նոր առաջարկներին, հայտարարել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում լիովին հստակ է, և Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար։

Պուտինը նաև ողջույններ և առողջություն ու հաջողություններ է մաղթել ԻԻՀ  գերագույն առաջնորդ այաթոլլա սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ ընդգծելով տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման և պատերազմի ավարտի անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի առանցքային խնդիրը ստեղծված ճգնաժամի կարգավորումն է, որի առաջացման գործում Իրանը դեր չի ունեցել։ Այժմ մի շարք երկրներ փորձում են դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը, իսկ Իրանը նույնպես նոր առաջարկներ է ներկայացրել այդ նպատակով։

ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքյանը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու և ելույթ ունենալու  (ԱՊՀ) Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովում և Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովում։