Շուտով կտեսնենք դեպի Իրան բեռնափոխադրումների տեխնիկական լուծումները. Միրզոյան
Չկա ոչ մի դավադրություն կամ կեղծավորություն. ամեն ինչ շատ թափանցիկ է` հայկական կողմը շատ բարձր է գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերությունները, և դրանք վտանգի տակ չեն դրվելու։
Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին, թե Իրանի հետ ավիափոխադրումների և բեռնափոխադրումների ինչ ապագա կա։
«Իրանի հետ մենք մեր հարաբերություններն այնքան, որքան դրանք թույլ տալիս են պատժամիջոցները, խորացնելու ենք, այդ թվում և ավիափոխադրումների մասով այնքան ժամանակ, մինչև մենք չենք հայտնվի այն սահմանագծին, որից այն կողմ Հայաստանն ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում, և մեր տնտեսությունը կսկսի փլուզվել»,– հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ Իրան է մեկնել և վերադարձել իրանական ավիաընկերություններից մեկով։
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա իրանական կողմի մաքսատան մոտ կան որոշակի խցանումներ և կուտակումներ։ Միրզոյանի խոսքով` այս հարցն ինտենսիվ քննարկում են իրանցի գործընկերների հետ։
«Կան տեխնիկական լուծումներ, որոնց իրագործումը, կարծում եմ, շուտով կտեսնենք»,– ընդգծեց նախարարը։