Մեկնաբանություն - «Աբրահամյան համաձայնագիր»-ն ստորագրած երկրների ռազմական բյուջեի ահռելի աճը
Ամերիկյան «Global Firepower» կայքը հրապարակել է 2023 թվականի Արևմտյան Ասիայի երկրների պաշտպանական բյուջեները։
Ըստ այս կայքի վիճակագրության՝ Մերձավոր Արևելքի 11 երկրների շարքում, Իրանի ռազմական բյուջեն գտնվում է 10-րդ հորիզոնականում: Առաջին տեղում է Սաուդյան Արաբիան, որին հաջորդում են ԱՄԷ-ը, Թուրքիան, Իսրայելը, Ալժիրը, Օմանը, Քուվեյթը, Կատարը, Իրաքը և Եգիպտոսը։
Իրանի պաշտպանական բյուջեն 2023 թվականին գնահատվելով հինգուկես միլիարդ դոլար,Արևմտյան Ասիայում զբաղեցնում է 10-րդ և աշխարհում 40-րդ հորիզոնականները։ Այս վիճակագրությունը ևս մեկ ապացույց է Իրանի՝ պաշտպանական մոտեցման և տարածաշրջանում դեէսկալացիայի ու վստահության ամրապնդման օրինականության մասին, ինչը միևնույն ժամանակ զրոյացնում է Իսլամական Հանրապետության թշնամիների և հակառակորդների պնդումները, որոնք Թեհրանին մեղադրում են միլիտարիզմի և ռազմատենչության մեջ,որպեսզի այդպիսով կարողանան շարունակել իրենց ծավալապաշտական նկրտումները տարածաշրջանում:
Այս փաստի վառ օրինակը կարելի է գտնել Global FirePower կայքի վիճակագրության մեջ, որի համաձայն այն բոլոր չորս երկրները, որոնք քայլեր են ձեռնարկել միմյանց հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հատկացրել են ամենամեծ ռազմական բյուջեն։
Սաուդյան Արաբիան 46 միլիարդ դոլար ռազմական բյուջեով Մերձավոր Արևելքում զբաղեցնում է առաջին և աշխարհում ութերորդ տեղը, ԱՄԷ-ն 25 միլիարդ 260 միլիոն դոլար ռազմական բյուջեով Մերձավոր Արևելքում զբաղեցնում է երկրորդ և աշխարհում 15-րդ տեղը։ Թուրքիան 25 միլիարդ 200 միլիոն դոլար ռազմական բյուջեով զբաղեցնում է երրորդ տեղը Մերձավոր Արևելքում և 16-րդ տեղն աշխարհում, իսկ Սիոնիստական ռեժիմը 24 միլիարդ 300 միլիոն դոլար ռազմական բյուջեով Մերձավոր Արևելքում զբաղեցնում է չորրորդ և աշխարհում 17-րդ տեղը։
Այս վիճակագրությունը հստակ ցույց է տալիս այս երկրների կողմից ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականության որդեգրումը և միաժամանակ հաստատում է այն փաստը, որ դրա հետևում կան միանգամայն ծավալապաշտական և ագրեսիվ նպատակներ։ Այս մասին են վկայում Եմենում Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի վարած ագրեսիվ քաղաքականությունը և Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական մոտեցումները։ Թեև Թուրքիան որոշ չափով վերանայել է իր մոտեցումը սիրիական պատերազմում կրած պարտությունից հետո և փորձել է հավասարակշռություն ստեղծել իր արտաքին քաղաքականության մեջ, ամեն դեպքում, Իսրայելի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիայի կողքին լինելը կարող է ազդել նրա վրա:
Հարկ է նշել նաև, որ Թուրքիան ամբողջությամբ չի նահանջել նեոօսմանական իր նպատակներից և միայն իր ծավալապաշտական նկրտումները Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից տեղափոխել է Կովկասյան տարածաշրջան։
Հաշվի առնելով, որ արաբական երկրների մեծ մասը զենք ներկրողներ են, հետեւաբար, այդ երկրների ռազմական բյուջեի ավելացումը նշանակում է արեւմտյան սպառազինության ընկերությունների շահույթի ավելացում։ Global FirePower կայքի վիճակագրության համաձայն՝ Օմանը ռազմական գործերին հատկացրել է 8 միլիարդ 300 միլիոն դոլար, Քուվեյթը՝ 8 միլիարդ 100 միլիոն դոլար, իսկ Կատարը՝ 5 միլիարդ 800 միլիոն դոլար, ինչը, անկասկած, արձագանք է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ռազմական բյուջեին: Պարսից ծոցի տարածաշրջանի այս երեք արաբական երկրները վտանգ են զգում ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի բյուջեի ավելացումից, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի՝ նրանց շատ մոտ լինելուց,քանի որ Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների ռազմական ագրեսիան Եմենի դեմ և Արաբիայի կոալիցիայի կողմից Կատարի քանիամյա ռազմական շրջափակումն իրենց աչքի առջև են: