Մամուլի տեսություն 09.04.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197012-Մամուլի_տեսություն_09.04.2023
Ջրի տեղափոխման թունելի բացմամբ Ուրմիա լիճը՝ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի կապույտ գոհարը, նոր շունչ է ստացել, և այս տարի Նոռուզյան տոնի առթիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ են ուղղևորվել դեպի այս ջրային տարածք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2023 15:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.04.2023

Ջրի տեղափոխման թունելի բացմամբ Ուրմիա լիճը՝ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի կապույտ գոհարը, նոր շունչ է ստացել, և այս տարի Նոռուզյան տոնի առթիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ են ուղղևորվել դեպի այս ջրային տարածք։

Քեյհան 

Ուրմիա լիճը հյուրընկալում է ճանապարհորդների և զբոսաշրջիկների

Մի քանի ամիս առաջ «Քանի Սիբ» ջրատար թունելի բացման արդյունքում  ջրի մակարդակի բարձրացմամբ, Ուրմիա լիճն այս օրերին  ավելի բարենպաստ վիճակում  է գտնվում:

«Քանի Սիբ» ջրատար թունելը  նոր շունչ է հաղորդել Իրանի  Արևմտյան Ատրպատականի գոհար հանդիսացող՝ Ուրմիա լճի երակներին:  Ուրմիա լիճն այս օրերին հյուրընկալում է մարդկանց, ովքեր ճանապարհորդում են այս ջրային տարածք։ Լճի կամուրջը, որն անցած տարիներին լճի չորանալու պատճառով այնքան էլ լավ վիճակում  չէր, սակայն  լճի ջրով լցվելուց հետո  դարձել է զբոսաշրջային գրավչություններից մեկը, և այս կամրջի շուրջ գեղեցիկ տեսարաններ են  բացվել: 

 

Վաթանե Էմռուզ

Հավակնոտ եվրոպացիների մարմինը դող է  ընկել

Էմանուել Մակրոնը շարունակում է պնդել իր տնտեսական բարեփոխումների , այդ թվում՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան բարձրացնելու վրա, իսկ Փարիզի և Մարսելի փողոցներում ցուցարարների շարունակական լայնածավալ ներկայությունը չի ազդել Ելիսեյան պալատի այս սկանդալային որոշման վրա։  Ֆրանսիայի ավանդական կուսակցությունները, այսինքն՝ պահպանողականներն ու սոցիալիստները, ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի երկու հոսանքների հետ միասին, կարծում են, որ չնայած  քաղաքացիների ընդհանուր գոհության բացակայությանը և ֆրանսիական հասարակության աճող դժգոհությանը, արհմիությունները կարող են պարալիզացնող գործադուլներ պարտադրել այս երկրին, որոնց նյութական և անվտանգության ծախսերը միանշանակ ներառված չեն Մակրոնի և նրա ուղեկիցների նախորդ հաշվարկներում։

 

Էթելաաթ

Թրամփը Ռուսաստանում ապաստան ստանալու  հրավեր է ստացել 

Ռուս քաղաքական գործիչ Վիկտոր Բուտը ուղերձ է հղել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նրան կոչ անելով  ապաստանել Ռուսաստանում՝ իր կյանքը փրկելու և հակագլոբալիստական ​​շարժումը ղեկավարելու համար։ Վիկտոր Բուտն իր թելեգրամյան ալիքում գրել է,-«Առաջին հերթին կարծում եմ, որ ԱՄՆ-ում Թրամփի կյանքին վտանգ է սպառնում»:

 

Իրան 

Իրանի աղջիկների  հիանալի խաղը

Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման երկրորդ փուլ դուրս եկավ Մյանմարի հետ խաղում մեկ «հաղթանակով» և մեկ «ոչ-ոքի» արդյունքով։ Հակառակ կանխատեսումների՝ նրանք մրցակցի տանը կարողացան հաղթահարել Մյանմարի արգելապատնեշը երկու շատ զգայուն հանդիպումներում,և  ընդգրկվել  12 լավագույն թիմերի շարքում։

.... 

News.am

 

Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին

Մոսկվայի և  Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը զատկական շնորհավորանքներ է հղել  քույր եկեղեցիների առաջնորդներին, այդ թվում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին։ Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը։

«Սրտանց շնորհավորելով Սուրբ Զատկի տոնի առիթով՝ Ձեզ եմ դիմում կենսահաստատման ողջույնի խոսքով

Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․

Առողջություն, հոգու խաղաղություն և Աստծո օգնությունն եմ ցանկանում Ձեզ Ձեր ծառայության մեջ», նշվում է Ռուսաստանի պատրիարքի շնորհավորական ուղերձում։

 

 

Armenpress.am

Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորություններից Կոպիրկին

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը մնում է երկու երկրների փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը։ Ինչպես հաղորդում է  Արմենպրեսը  Armeniatoday-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում այն պարտավորություններից, որ ունի երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրերով։ «Շարունակում է գործել 102-րդ ռազմաբազան, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ զորախմբի հասցեին հնչում են քննադատական ​​արտահայտություններ, սակայն դա չի չեղարկում այն ​​փաստը, որ սա առանցքային գործոն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և ապրելակերպի ապահովման գործում։ Անգամ հիմա, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու, այնտեղ կենսապահովման պարագաների և սննդի առաքման հարցում օժանդակելու հարցում։ Կարելի է ինչ-որ պահանջներ հայտնել Ռուսաստանի դեմ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ, բայց այն, որ ռուսական ներկայությունը եղել և մնում է անվտանգության և իրավիճակի սրումը կանխելու շատ կարևոր գործոն, դա, իմ կարծիքով, չի պահանջում ապացույցներ»,- ասել է Կոպիրկինը։

Անդրադառնալով երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին հարցին՝ Կոպիրկինն ընդգծել է, որ դա զգայուն և ոչ հրապարակային ոլորտ է։ «Այն ավանդաբար եղել և մնում է մեր երկկողմ հարաբերությունների կարևոր մաս: Գործում են համապատասխան մեխանիզմներ այս ոլորտում փոխգործակցությունն ապահովելու համար: Ինչ վերաբերում է համատեղ զորավարժություններին, ապա, ընդհանուր առմամբ, սա «ժամացույցի ստուգման» ձև է՝ կապված ռազմական գործողությունների պլանավորման և միացյալ զինված ուժերի կիրառման հետ։ Սա բավականին սովորական գործընթաց է, որը տեղի է ունենում տարբեր մակարդակներում, և, որքան գիտեմ, հայկական ստորաբաժանումներն ու մասնագետները պարբերաբար մասնակցում են նման միջոցառումներին»,- ասել է դեսպանը։

 

168.am

«Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանին ներառելը վրիպակ է եղել․ Պենտագոն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը ներառվել «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում, իսկ որոշ ժամանակ անց հեռացվել այդ ցանկից։ Պենտագոնը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը։

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից  երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել է մասնակից երկրների շարքից:

Թեմայի վերաբերյալ ապրիլի 8-ին 168.am-ին պարզաբանում էին տվել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հայտնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:

 

1in.am

Սունակը և Բայդենը կհանդիպեն ապրիլի 11-ին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 11-ին կայցելի Բելֆաստ, որտեղ հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ: Ամերիկացի առաջնորդի այցը նվիրված կլինի Բելֆաստյան համաձայնագրի ստորագրման 25-ամյակին, որը վերջ դրեց Հյուսիսային Իռլանդիայում զինված հակամարտությանը:

Բայդենը Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք կժամանի երեքշաբթի երեկոյան: Բայդենի և Սունակի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ շատ հպարտ է իր իռլանդական ծագմամբ, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում Միացյալ Նահանգների դերով:

ԶԼՄ-ները գրում են, որ Սունակը կարող է օգտագործել Բայդենի այցը Մեծ բրիտանիա երկարաժամկետ ներդրումներ ներգրավելու համար:

 

News.am
Էրդողանն Իսրայելի նախագահի հետ քննարկել է Երուսաղեմում լարվածության աճը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ երեկոյան զանգահարել է Իսրայելի նախագահ Իսակ Հերցոգին և իր մտահոգությունը հայտնել վերջին շաբաթվա ընթացքում Երուսաղեմում և Արևմտյան ափում լարվածության մեծացման առիթով։

Ինչպես տեղեկացրել են Հերցոգի գրասենյակից, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Էրդողանը, մասնավորապես, իր ցավակցությունն է հայտնել իսրայելական ժողովրդին ուրբաթ օրը Արևմտյան ափում առանձին հարձակումների կապակցությամբ, նշում է իսրայելական ԶԼՄ-ն։