Մամուլի տեսություն – 13.04.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197356-Մամուլի_տեսություն_13.04.2023
Զեկույցները ցույց են տալիս, որ Չինաստանը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Թայվանի ափերի ջրերում, որն էլ Պեկինի արձագանքն է Թայվանի ԱՄՆ-ի մերձեցմանը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 13, 2023 14:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 13.04.2023

Զեկույցները ցույց են տալիս, որ Չինաստանը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Թայվանի ափերի ջրերում, որն էլ Պեկինի արձագանքն է Թայվանի ԱՄՆ-ի մերձեցմանը:

Ջավան օրաթերթ

Թայվանի շրջակա ջրերում չինական 26 կործանիչների և 7 նավի առկայությունը

 

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այս կղզու շրջակա տարածքում 26 ինքնաթիռի և մի քանի չինական նավերի առկայության մասին։

Թայվանի նեղուցում լարվածության սրումից հետո այս ինքնավար շրջանի կառավարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ վերջին 24 ժամում կղզու շրջակայքում նկատվել է 26 ռազմական ինքնաթիռ և 7 չինական ռազմանավ։

Թայվանի շուրջ լարվածությունը կտրուկ աճել է այս ինքնավար կղզու նախագահ Ցայ Ինգ Վենի ԱՄՆ կատարած այցից, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի և ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Քևին Մաքքարթիի հետ հանդիպումից ու ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նաագահի` Թայվան այցից հետո:

Իրան օրաթերթ

Ամերիկացի երեխաները զոհեր են՝ որոնց համար երբևե հատուկ զեկուցող չի նշանակվել

 

Հետաքննական զեկույցի համաձայն՝ ավելի քան վեց տասնամյակ և ավելի քան 600 երեխա բռնաբարության և սեռական բռնության է ենթարկվել Բալթիմորի թեմի կաթոլիկ քահանաների կողմից (Մերիլենդ նահանգում, ԱՄՆ հյուսիս-արևելքում):

Ըստ այս հաղորդագրության՝ երևում են երեխաների վրա հարձակում գործած 156 հոգևորականների անունները, և պարզ է, որ նրանց բռնության տևողության և չափերի պատճառով այս գործողությունը հնարավոր է եղել միայն պատասխանատուների մեղսակցությունով։

Ամերիկացի պաշտոնյաները բազմիցս հերքել են բռնաբարության և երեխաների նկատմամբ սեռական բռնության այլ տեսակների մասին հաղորդումները կամ համարժեք և պատշաճ հետաքննություն չեն իրականացրել, և նույնիսկ մեղադրյալներին նշանակել են այլ պաշտոնների:

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հայտարարությունը. Մենք պատրաստ ենք ջիհադի «Սիոնիստական ռեժիմի հետ առաջին շարքերում»

 

Ղուդսի համաշխարհային օրվան ընդառաջ, ԻԻՀ բանակ հայտարարության մեջ ընդգծւած է. «ԻԻՀ բանակի նախանձախնդիր և հեղափոխական աշխատակիցները և նրանց հավատարիմ ընտանիքները Ղուդսի օրվա երթում ցույց կտան, որ, ըստ Գերագույն առաջնորդի և գերագույն գլխավոր հրամանատարի, նրանք «սիրում են կռվել սիոնիստների դեմ» և պատրաստ են կռվել «առաջնագծում Սիոնիստական ռեժիմի հետ»։

Էթեմադ օրաթերթ

The Washington Post. ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերի բացահայտողը՝ աշխատել է ռազմաբազայում

 

Մարդը, ով կարող էր ներգրավված լինել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի բացահայտման մեջ, փաստաթղթերը ձեռք է բերել այն ռազմաբազայում, որտեղ նա աշխատում էր, գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյաներին:

Armenpress.am

Ադրբեջանի պատվիրակությունն արդեն Երևանում է՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

 

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով արդեն Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը․ Ադրբեջանի պատվիրակության կազմում 12 անձ է ներգրավված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ առաջնությունը հյուրընկալող երկիրը պարտավոր է ընդունել այն մարզիկներին, որոնք առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնում։

«Ադրբեջանի հավաքականի հետ գրագրության միջոցով խոսվել է, հստակեցվել են մարզիկների և թիմի անվտանգության պայմանները: Ադրբեջանի պատվիրակությունը`ընդհանուր 12 ներկայացուցիչով, արդեն իսկ Երևանում է: Վստահ եմ, որ այս առաջնությունն իր հիմքում ունենալու է մարզական բաղադրիչը, ոչ թե քաղաքականը: Մենք ապահովելու ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,-ասաց Հարությունյանը:

Armenpress.am

Սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է. ՀՀ ԱԳ նախարար

 

Բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ սահմանապահ ներկայացուցիչներով, վստահ եմ, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հանրային ռադիոյի թղթակցի՝ Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները սահմանապահ ստորաբաժանումներով փոխարինելուն առնչվող հարցին:

«Վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը.,- նշեց միրզոյանը:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը:

«Փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների մեխանիզմի արդյունավետությունն իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն, դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

factor.am

Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 5 միլիարդ դոլար վճարել ուկրաինական «Նավթոգազ»-ին

 

Հաագայի Մշտական պալատի երրորդ դատարանի արբրիտրաժային տրիբունալը Ռուսաստանին պարտավորեցրել է «Նավթոգազին» վճարել 5 մլրդ դոլար որպես փոխհատուցում 2014 թվականին Ղրիմի բռնակցման հետևանքով ուկրաինական ազգային ընկերության կրած վնասների համար։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշևը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Խոսքը գազի հանքավայրերի զարգացմանն ու ռազմավարական կարևոր այլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ակտիվների փոխհատուցման մասին է, որոնք 9 տարի առաջ ուկրաինական թերակղզու օկուպացիայի ժամանակ դարձել են ագրեսորի գլխավոր թիրախներից մեկը»,-գրել է նա։ Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ եթե ՌԴ իշխանությունները հրաժարվեն կամավոր որոշման կատարումից, ապա 1958 թ-ի Նյու Յորքի կոնվենցիայի համաձայն՝ «Նավթոգազն» ունի իրավունք սկսել հարկադիր կատարման գործընթացը այն երկրների տարածքում, որտեղ առկա են ՌԴ ակտիվները։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին  հայտնել է, որ ռուսական կողմը կվերլուծի Հաագայի դատարանի այս  որոշումը։

factor.am

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական օդաչուների պատրաստման հարցեր

 

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մարկ Սասևիլի հետ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Վաշինգտոնում  Բաքվի դեսպան  Խազար Իբրահիմի մասնակցությամբ կայացած հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել պետական ​​գործընկերության ծրագրի շրջանակներում ռազմական համագործակցության ներկա վիճակի, հետագա զարգացման շուրջ, ռազմական օդաչուների պատրաստման ու այլ հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Հավելենք, որ օրերս էլ Թաիրովը հանդիպել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար,բանակի գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Կողմերը քննարկել էին ռազմական համագործակցության ներկա վիճակի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Tert.am

Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Արարատ Միրզոյան

 

Հայաստանը հետևողական է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո.,- նշեց նա:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում:

«Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան»,- ասաց Մրզոյանը:

Ասուլիսի շրջանակում եզրափակելով իր ելույթը՝ ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնեց, որ առանձնազրույցի ընթացքում  Բույար Օսմանիի հետ մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

«Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը: