Մամուլի տեսություն – 15.04.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197448-Մամուլի_տեսություն_15.04.2023
Ղոդսի միջազգային օրվա մեծ երթը աշխարհի տարբեր երկրներում: Իրանից մինչև իսլամական երկրներ և Եվրոպայից մինչև Ամերիկա, այս թեման զբաղեցրել է իրանական թերթերի այսօրվա վերնագրերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2023 07:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 15.04.2023

Ղոդսի միջազգային օրվա մեծ երթը աշխարհի տարբեր երկրներում: Իրանից մինչև իսլամական երկրներ և Եվրոպայից մինչև Ամերիկա, այս թեման զբաղեցրել է իրանական թերթերի այսօրվա վերնագրերը։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Համաշխարհային Ղոդսը

Ղոդսի օրվա այս տարվա արարողությունը կարևոր էր Պաղեստինում և օկուպացված տարածքներում տեղի ունեցող դաշտային և քաղաքական զարգացումներով, և ըստ այդմ աշխարհի տարբեր երկրների ժողովուրդներն արդյունավետ և մեծ մասնակցություն ունեցան Ղոդսի օրվա այս տարվա երթին։ 

 

Էնթեխաբ օրաթերթ

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների երրորդ հեռախոսազրույցը մեկ շաբաթվա ընթացքում

ԻԻՀ և ԱՀ ԱԳ նախարարներ Ամիր Աբդուլլահիանը և Ջիհոն Բայրամովը երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ։ Բանակցությունների այս փուլում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակականությունը։

Համատեղ օրակարգի հարցերից է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպման շարունակությունը երկու երկրների մայրաքաղաքներում։

 

Քեյհան օրաթերթ

Իրանը հաղթեց պատժամիջոցներին և անկարգություններին - Տարածաշրջանի երկրները հասկացան, որ Ամերիկայի վրա հույս դնել չի կարելի

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իրանը, Իմամ Խամենեիի գլխավորությամբ, դիմադրության իրական աջակիցն է, և ասել է, որ Իրանը կարողացել է հաղթել պատժամիջոցներին ու շրջափակմանը, նրան մեկուսացնելու ջանքերին, ինչպես նաև անկարգություններին։ 

Այս օրերին, երբ սիոնիստների կեղծ մեծության մասին լուրեր չկան, Երուսաղեմի ազատագրման հույսերը մեծացել են։

 

Իրան օրաթերթ

Ադրբեջանցի փորձագետ. Պատերա՞զմ Իրանի հետ. 3 միլիոնանոց Հայաստանին չենք կարողացել հաղթել

Ադրբեջանական հեռուստատեսության փորձագետը Իրանի հետ պատերազմի հեռանկարի մասին ասել է. «Մենք դեռ չենք հաղթահարել երեք միլիոնանոց Հայաստանը, ուզում ենք Իրան գնալ. Չթողնենք, որ մեզ Իրանի առաջ դնեն ու ծաղրանքի առարկա դառնանք:

 

tert.am

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն։

«2023 թվականի ապրիլի 14-ին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրաբար այրվել է Ադրբեջանի դրոշը։

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է «ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը» (չակերտները՝ Tert.am-ի), ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ «հոգեբանական ճնշման» (չակերտները՝ Tert.am-ի) պատճառով։

Հաշվի առնելով այս ամենը՝ ադրբեջանցի մարզիկներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

 

tert.am

Իշխանությունները «ձեռուոտք են ընկել». վարկանիշն ընկնում է, կուսակցության շարքերը լքողների թիվը՝ ավելանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրվա իշխանությունները «ձեռուոտք են ընկել»՝ գնալով ընկնող վարկանիշն ինչ-որ կերպով վերականգնելու համար։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քպականներին հանձնարարվել է կտրուկ ակտիվանալ հատկապես մարզերում: Եվ ահա, մեր տեղեկություններով, քպ-ականները նախաձեռնել են մարզային այցերի շարք սկսել (մի քանիսն արդեն տեղի են ունեցել) և տեղում մարդկանց, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» բացատրել, ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում, մի խոսքով՝ «արդարանալ»։

Հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները նախատեսում են ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ապացուցել, որ չեն շեղվել իրենց արժեքներից ու քաղաքական գծից, թե իրենք մեղավոր չեն ստեղծված վիճակում, թե... «ապագա կա»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, բացի վարկանիշային պատճառները, իշխանություններին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում շատ են կուսակցության շարքերը լքողները։

Ավելին, քպական «վերնախավին» առավել նյարդայնացնում է այն, որ կուսակցությունից հեռացողների շարքում են այնպիսի մարդիկ, ովքեր մինչև վերջերս ոչ միայն անկեղծորեն հավատում էին «հեղափոխության» գաղափարներին և «հեղափոխական» փոփոխություններին, այլև ամուր կանգնած էին այդ ամենի հիմքում, ամեն ինչի պատրաստ էին հանուն այդ ամենի»:

 

armtimes.com

Տեղ գյուղում կատարվածը մարտահրավեր էր Եվրամիության դիտորդներին. Արտաշես Խալաթյան

Իրավագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ առնվազն կյանքի իրավունք ունի այն տեսակետը, որ Տեղ գյուղում տեղի ունեցածը Հայաստանի վրա որոշակի ճնշում գործադրելու փորձ էր:

Սա կարծես մարտահրավեր է հենց Եվրամիության դիտորդներին, թե ինչպես կարձագանքեն: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Եվրամիության արձագանքն սպասվածից բավականին թույլ էր. ոչ թե դատապարտման խոսք հնչեց, այլ՝ ափսոսանքի: Թեպետ գովելի է, որ խոսվեց 1991 թվականի սահմանագծի մասին՝ որպես քաղաքական ստատուս քվոյի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իրավագետի կարծիքով՝ և պատահական չէ, որ Հայաստանը համաձայնում է Մոսկվա մեկնել՝ բանակցությունների հերթական «ռաունդի», քանի որ, ըստ նրա, խնդիր ունենք Արևմուտքի՝ ոչ այդքան համարժեք արձագանքի հետ:

 

armtimes.com

Սահմանին հանգիստ է, 2 կողմից զբաղված են բնագծերի ամրաշինական աշխատանքներով. Սյունիքի մարզպետ

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ Տեղ համայնքում ևս իրավիճակը կայուն է։

«Բնակիչները հերոսական մարդիկ են։ Իհարկե անհանգստություն կա, բայց կյանքը բնականոն հունով ընթանում է։ Խուճապային տրամադրություններ չկան։ Սահմանին հանգիստ է, երկու կողմից զբաղված են բնագծերի ամրաշինական աշխատանքներով։

Մարզում էլ կայուն իրավիճակ է, գործունեության որևէ ոլորտ չի դադարել։ Բանակը իրականացնում է իր առաջ դրած խնդիրները։ Ամենաշատ հանդիպող խնդիրը համացանցային իրականությունն է, հաճախ մարդը, որի բնակավայրի մասին գրում են, զարմանում է, թե որտեղից այդ լուրերը։

Տեղ համայնքում շատ մարդիկ զենք ունեն։ Բայց ՊՆ-ն է որոշում, թե երբ զինվեն ու ինչ անեն, այս դեպքում դրա կարիքը չկար, դրա համար էր մարդկանց դժգոհությունը։ Համայնքում խնդիր է, որ որոշ հողատարածքներ այս պահին չեն կարողանում օգտագործել։ Բոլոր հողերը, որը կօգտագործվի նաև մեր ՊՆ-ի կողմից, կստանան փոխհատուցում»,-ասել է Ղուկասյանը։

 

news.am

ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար. Ալեն Սիմոնյան

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջ՝ հայկական կողմի հասցեին արված սին մեղադրանքներին, հարց է ուղղել՝ «Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները»։

«Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը: Մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից: Եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում եւ եթե Ղարաբաղի հարցը փակ է, ապա ինչո՞ւ են զոհվում հայ եւ ադրբեջանցի զինծառայողները, եթե հարցը փակված չէ, ադրբեջանցի զինծառայողները պարզ չէ, թե ինչի համար են զոհվում»»,- պատասխանեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայղներին: Նա նշել է, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար:

 

news.am

«Ինքն է արել». ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը վստահ է՝ ԶՊՄԿ աշխատակցին ադրբեջանցի զինծառայողն է սպանել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Հինգերորդ ալիքի» հետ զրույցում վստահեցրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդին սպանել է Հայաստանի Հանրապետության սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որը հայտնաբերվել է երեկ՝ ապրիլի 13-ին:

Լրագրողի հարցին, թե հաստատվել է, որ կոմբինատի աշխատակցին սպանել է ադրբեջանցի զինծառայողը, սյունեցի պատգամավորը պատասխանում է. «Այո, ինքն է արել»:

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։