Մամուլի տեսություն – 23.04.2023
Եվրոպական վիճակագրական կենտրոնը հայտարարեց 2022 թվականին Եվրամիության որոշ անդամների կողմից իրանական նավթի ներմուծման մասին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։
Իրան
Եվրոպացիները նավթ են գնում Իրանից
Եվրոպական վիճակագրական կենտրոնը հայտարարեց 2022 թվականին Եվրամիության երեք անդամների կողմից իրանական նավթի ներկրման մասին և Բուլղարիան ներկայացրեց որպես այս միությունում իրանական նավթի նորագույն պատվիրատու։
Եվրոպական վիճակագրական կենտրոնի (Եվրոստատ) հրապարակած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ անցած տարի Եվրամիությունը Իրանից ներկրել է 4181 տոննա հում նավթ կամ նավթամթերք։
Իրանից ԵՄ նավթի ներկրման ծավալը վկայում է եվրոպական նավթավերամշակման գործարանների ցանկության մասին՝ անտեսելու Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։
Այս թվերի ընդգրկումը նավթի ներկրման եվրոպական պաշտոնական վիճակագրության մեջ ցույց է տալիս եվրոպական իշխանությունների ցանկությունը՝ հեռու մնալ պատժամիջոցներից կամ գոնե ցույց տալ, որ կողմ չեն Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությանը։
Էթեմադ
Ավարտվեց բելառուսական ուժերի վերապատրաստումը ռուսական միջուկային հրթիռային համակարգերի հետ աշխատելու համար
Բելառուսի տարածքում միջուկային հրթիռային համակարգեր տեղակայելու մասին ՌԴ կառավարության հայտարարությունից հետո, Մինսկի կառավարությունը հայտարարեց այդ համակարգերի հետ աշխատելու համար երկրի ուժերի վերապատրաստման ավարտի մասին։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զորամասերը շաբաթ օրը Ռուսաստանից տուն են վերադարձել այն բանից հետո, երբ սովորել են օգտագործել միջուկային զենք արձակելու կարողությամբ օժտված «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համակարգը։
Ջավան
Կիբերհարձակում Սիոնիստական ռեժիմի էլեկտրաէներգետիկայի ընկերության վրա
Եբրայերեն լույս տեսնող Yediot Aharonot թերթը հայտարարել է, որ հաքերային խումբը, որը հայտնի է որպես «Անանուն Սուդան», թիրախավորել է սիոնիստական էլեկտրաէներգիայի ընկերության կայքը և այն անհասանելի է դարձրել։
Այս լրատվամիջոցը նաև հայտնել է, որ հաքերները հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի կայքի վրա, և ջանքեր են գործադրվում իրավիճակը վերականգնելու համար։
Ջամ է Ջամ
Ուկրաինան պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի վրա Սիրիայում
Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ուկրաինան ծրագրել է հարձակվել Սիրիայում ռուսական ուժերի վրա։
News.am
Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարություն են ընդունել:
«Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներս միաձայն ընդունել ենք հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.
«Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը, Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում, Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ, Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ. Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։
iravunk.com
Կոչ ենք անում ՌԴ-ին կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը․ ԱԳՆ
2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։
Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ ջանք չի գործադրում ոչ միայն ձեռք բերված հանրահայտ պայմանավորվածությունները կատարելու, այլև իր կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շարունակական խախտումները կոծկելու ուղղությամբ և ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Armenpress.am
Նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է զոհվել Սոթքի դիրքում
ոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, ապրիլի 23-ի ժամը 11:50-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Armenpress.am
Ծանրամարտի ԵԱ. Լալայանը դարձավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր, Տալախաձեն՝ 7-ակի չեմպիոն
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների մրցելույթով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Մարզահամալիրում մրցաշարին հետևում էր ռեկորդային 4418 հանդիսական:
Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և 212 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը գլխավերում պահեց 240, 250 կգ կշռող ծանրաձողը: Այստեղ ևս նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 462 կգ նա դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր:
Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը: Իսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ: