Մամուլի տեսություն - 29.04.2023
Ուրբաթօրյա աղոթքից հետո Թեհրանի Նահատակները հողին հանձնեցին Իրանի ասորիներից նահատակ Ջանի Բեթ Օշանայի մաքուր մարմինը և ուղեկցեցին հավերժական գերեզման։
Վաթաե Էմրուզ օրաթերթ
Ցտեսություն եղբայր
Թեհրանի հավատացյալ ժողովրդի տպավորիչ ներկայությունը նահատակ Ջանի Բեթ Օշանայի հոգեհանգստի արարողությանը
Նահատակ Ջանի Բեթ Օշանա Ֆաղի Բեգլուի սուրբ մարմինը հուղարկավորվել է երեկ Թեհրանում ուրբաթօրյա աղոթքից հետո՝ ժողովրդի, նահատակների հարազատների ու տարբեր կրոնականների բազում ներկայությամբ և նրա դին հողոն է հանձնվել Իսլամշահր քաղաքի Սավարայ ասորական գերեզմանատանը։
Քանի որ Օշանայի հայրը, մայրը և եղբայրները ողջ չեն, Թեհրանի բնակիչները, ներկա լինելով նրա հուղարկավորության արարողությանը, հայտարարեցին, որ այս նահատակը առանց ընտանիքի չէ։ Թեհրանի ժողովրդի խանդավառ ներկայությունը նահատակ Օշանայի հուղարկավորությանը ցույց տվեց, որ նրանց համար կարևոր չէ՝ նահատակը մուսուլման է, թե ասորի, կարևորը միասնությունն ու կարեկցանքն է՝ պաշտպանելու Իրանի և իրանական հասարակության ամբողջականությունը։
Քեյհան օրաթերթ
Ե՛վ Իսրայելը, և՛ ամերիկյան համակարգերը փլուզվում են
Economist ամսագիրը վերլուծական զեկույցում անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի առջեւ ծառացած սպառնալիքներին եւ դրանցից ամենակարեւորը անվանել է «ներքին տարաձայնություններ»: Այս զեկույցը անդրադարձել է նաև ամերիկյան համակարգին և գրել է, որ Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի հաշտեցման պատճառներով ամերիկյան համակարգը փլուզվում է՝ ինչպես Իսրայելը։
Անցած երեք ամիսների ընթացքում օկուպացված Պաղեստինը ականատես է եղել սիոնիստական կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցերի։ Այս բողոքի ցույցերի ակնհայտ կետն այն է, որ դրանք օկուպացված հողերում բնակվող սիոնիստներից տարածվեցին դեպի այս ռեժիմի քաղաքական և անվտանգության հաստատություններ, այնպես որ այս ռեժիմի բազմաթիվ սպաներ, շարքային և անվտանգության ուժեր նույնպես միացան այս բողոքի ակցիաներին:
Ջավան օրաթերթ
Իրանը գիտության և տեխնիկայի 10 հսկաների թվում
Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի (ASPI) նոր զեկույցի համաձայն՝ Իրանը գիտության և տեխնոլոգիայի գերտերությունների տասյակում է և Ճապոնիայից բարձր դիրք է զբաղեցրել։
Էթելաաթ օրաթերթ
Հռոմի պապն առաջին անգամ կանանց քվեարկելու իրավունք է տվել
Աշխարհի կաթոլիկ առաջնորդը կանանց թույլ է տվել առաջին անգամ քվեարկել հոկտեմբերին կայացած արքեպիսկոպոսների խոշոր համաշխարհային ժողովում: Որոշում, որը ողջունվել է որպես պատմական և աննախադեպ քայլ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոփոխություններ է մտցրել Եպիսկոպոսների Սինոդը կառավարող կանոններում՝ Վատիկանի մի մարմին, որը համախմբում է աշխարհի եպիսկոպոսներին պարբերական հանդիպումների համար, որոնցից մեկը կանանց քվեարկելու խնդիրն է։
tert.am
Արարատ Միրզոյանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասին հայտնում են ՀՀ Աժարտաքին գործերի նախարարությունից։
Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
tert.am
Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները․ Տեղեկատվական շտաբ
Երեկ մոտ ժամը 21:00-ից մինչև այսօր մոտ 11:10-ը Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով:
Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:
Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է որոշման մեջ:
armenpress.am
Փախստականներն ու նրանց խնդիրներով զբաղվող մարդիկ Երևանում ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ փախստականներ և նրանց խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ ապրիլի 29-ին ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ, պատմաբան, հասարակագետ Հրանուշ Խառատյանն ասաց՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ փախստականների խնդիրներով զբաղվում են դեռևս 1995 թվականից:
«Փախստականությունն իր տարբեր զարգացումներով մշտապես հրատապ խնդիր է: Այս հավաքը նաև 2020-ի պատերազմի հետևանքով է: Այսօր Արցախը փաստացի շրջափակված է: Այնտեղ 120 հազար մարդ ծայրահեղ վատ վիճակում է: Նրանք ոչ միայն բարոյական, նյութական, այլև ֆիզիկական վտանգի առաջ են կանգնած: Այս հավաքի միջոցով աշխարհին ևս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ պատերազմ է, և այն միայն Հայաստանինն ու Ադրբեջանինը չէ: Այս պատերազմին մի շարք երկրներ են տարբեր կերպ մասնակցել»,-շեշտեց նա:
Խառատյանի խոսքով՝ փախստականությունն առհասարակ և մասնավորապես Հադրութից, Շուշիից, Քարվաճառից նոր փախստականության խնդիրն իրենց ամենօրյա աշխատանքն է:
news.am
«10 րոպեում հինգ-վեց անգամ կրակել են տրակտորիստի ուղղությամբ»․ մանրամասնում է Նախիջեւանիկի համայնքապետը
Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դաշտավայրում ադրբեջանցիների կողմից թիրախավորված բնակիչը չի տուժել։ Տրակտորը, որով բնակիչը դեպքի պահին կատարում էր գյուղատնտեսական աշխատանքները, նույնպես չի վնասվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նախիջեւանիկի համայնքապետ Սեւակ Պետրոսյանը։
«Տասը րոպեի ընթացքում հինգ-վեց անգամ կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ անող բնակչի ուղղությամբ։ Այդ ընթացքում նա կարողացել է դուրս գալ տրակտորից»,- ասաց Պետրոսյանը։
Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանական դիրքերը, որից կրակեն արձակել բնակչի ուղղությամբ, հեռու մոտ 1 կմ։
«Մեր բոլոր դաշտերը իրենց նշանառության տակ են։ Հաճախ են կրակում բնակիչների վրա կամ թեկուզ օդ են կրակում, բայց մենք ի՞նչ կարող ենք անել, չենք կարող չաշխատել»,- ասաց Սեւակ Պետրոսյանը։
news.am
Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումով է պայմանավորված «էկոակտիվիստների» ակցիայի դադարեցումը. Բաբայան
Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստների» ակցիան դադարեցնելու դեպքում իրավիճակը չի փոխվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։շ
Նշենք՝ քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ժամանակավորապես դադարեցնում են իրենց ակցիան։ Ըստ լրատվամիջոցների՝ երբ պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել եւ ակցիայի մասնակիցներին առաջարկվել է դադարեցնել այն։
««Էկոակտիվիստները» իրենց երկու գերնպատակերն իրականացրել են. մեկը՝ Արցախի շրջափակում, պաշարում, մյուսը՝ Լաչինի միջանցքը վերածել «проходной двор»-ի: Փաստորեն նման վարքագծով լուրջ հարված են տվել Ռուսաստանին, դանակահարել են Ռուսաստանին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը: Ադրբեջանն իր նպատակն իրականացրել է: Այդ չարաբաստիկ անցակետը, որը կախաղան է, դրել են, հիմա այլեւս իմաստ չկա կանգնելու: Այնպես է, որ նրանք կարող են ցանկացած պահի փակել միջանցքը»,- ասաց Բաբայանը: