Մամուլի տեսություն - 01.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198570-Մամուլի_տեսություն_01.05.2023
Եթե ​​Ուզբեկստանում սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, գործող նախագահ Շաուկաթ Միրզիաևը կմնա իշխանության ղեկին մինչև 2040 թվականը։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 01, 2023 09:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 01.05.2023

Եթե ​​Ուզբեկստանում սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, գործող նախագահ Շաուկաթ Միրզիաևը կմնա իշխանության ղեկին մինչև 2040 թվականը։

Իրան օրաթերթ

Թել Ավիվի կրկնակի վախը տարածաշրջանային նոր համակարգից

Իսլամական Հանրապետության տարածաշրջանային ակտիվ դիվանագիտությունը մտահոգության նոր ալիք է բարձրացրել սիոնիստ պաշտոնյաների մոտ։ Սիոնիստական ​​լրատվական շրջանակները ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի Բեյրութ կատարած կարևոր այցից հետո, նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի մոտալուտ այցը Դամասկոս գնահատել են որպես դիմադրության առանցքի միասնության ամրապնդում և Մերձավոր Արևելքում Իրանի նոր ծրագրի իրականացում։

Քեյհան օրաթերթ

Ուկրաինայում մեծ ճակատամարտի հետհաշվարկ է սկսվել

Մինչ Ուկրաինայում «մեծ ճակատամարտի»-ի համար հետհաշվարկ է սկսվել, CNN-ը գրել է, որ այս ճակատամարտը բեկումնային է լինելու ուկրաինական պատերազմի մեջ։ Ավելի քան 431 օր անց Ուկրաինայի պատերազմը թեւակոխում է ճակատագրական փուլ: Բոլորը սպասում են, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի «գարնանային մեծ հարձակումը» և Ռուսաստանի արձագանքը։ Ռուսաստանն ընդգծել է, որ լիովին պատրաստ է այս վճռական ճակատամարտին։ Փաստն այն է, որ Ուկրաինան ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել, և այս հարձակման խորքում կանգնած են ՆԱՏՕ և ԱՄՆ։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Նահատակություն՝ Միաստվածային կրոնների միացնող կետը

Թեհրանում ուրբաթօրյա աղոթքից հետո Քրիստոնյա նահատակ Ջանի Բեթ Օշանաի հուղարկավորությանը բարեպաշտ և մուսուլման  ժողովրդի ներկայությունը ցույց տվեց այն փաստը, որ երկնային կրոններն անխզելի կապ ունեն։

Անհրաժեշտ է, որ բոլոր հոգեւորականները, եպիսկոպոսներն ու ավաք կրոնականները  մի շարք համատեղ ժողովներով դատապարտեն պատերազմն ու արյունահեղությունը աշխարհում։ Պետական ​​մարդասպանները, ովքեր դիմակավորված պատերազմ են մղում Արևմտյան Ասիայի երկրներում, պետք է դատվեն միջազգային կազմակերպություններում:

Աչքերի արցունքները և մարդկանց ողորմած սրտերը այս նահատակի մաքուր դագաղի տակ այս պատգամը փոխանցեցին աշխարհին, որ մենք բոլորս միասին ենք, և ոչ ոք չի կարող Իրանի ժողովրդին բաժանել կրոնական տարբերություններով և պառակտմամբ։

 

Էթելաաթ օրաթերթ

Հանուն Բարեկեցիկ կյանքի՝ հանրաքվե Ուզբեկստանում, Միրզիաևի իշխանությունը շարունակվելու համար

Ուզբեկստանի ժողովուրդն այսօր՝ երկուշաբթի, կմասնակցի սահմանադրական հանրաքվեին, որպեսզի ապահովի գործող նախագահ Շաուկաթ Միրզիաևի գոյատևումը իշխանության ղեկին մինչև 2040 թվականը՝ ավելի շատ սոցիալական իրավունքների դիմաց։ Թեև Միրզիաևի առաջարկած փոփոխություններում նախագահությունը դեռևս սահմանափակվում է երկու անընդմեջ ժամկետով, սակայն այդ ժամկետների ժամանակը հինգ տարուց հասցվել է յոթ տարվա։ Միրզիաևը պաշտոնը ստանձնել է 2016-ին և կրկնել է նախագահությունը 2021-ի ընտրություններում, ուստի չի կարող առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններին, բայց եթե այս սահմանադրության փոփոխությունը հաստատվի, Միրզիաևը կարող է պաշտոնավարել այս 35 մլն բնակչություն ունեցող երկիրը՝ ևս երկու յոթ տարի, այսինքն՝ մինչև 2040 թվականը։ 

 

Tert.am

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի բնակիչներն են եղել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյությում․ նրանք Գորիսից սնունդ ու դեղորայք էին բերում․ Լիսագորի բնակիչ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում երևում է, թե ինչպես են արցախցիներն անցել Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետով։ Այդ տեսանյութում պատկերված անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի բնակիչներ են եղել, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիսագորի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն սկսել են խուզարկել հացով ու դեղորայքով բեռնված մեքենան, համայնքի ղեկավարը ևս եղել է Գորիսից Լիսագոր եկող խմբի մեջ։

«Խմբի մեջ եղել են յոթ հոգի, գնացել էին հաց ու դեղ բերելու։ Գյուղում վիճակը վատ է։ Գնացել են, ճանապարհը փակվել է ու չեն կարողացել հետ գալ։ Երբ եկել են Հակարիի կամուրջի մոտ, այդ ընթացքում ադրեբջանցիներն սկսել են նկարահանել, հետո ստուգել են համայնքի ղեկավարի անձնագիրն ու նոր թողել են, որ անցնեն»,- ասաց բնակիչը։

Արցախը մայր Հայաստանին կապող միակ միջանցքի փակումից հետո Շուշիի շրջանի չորս գյուղ՝ Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր և Եղցահող գյուղերը մի քանի ամիս է՝ կորցրել էին կապը Ստեփանակերտի հետ։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո՝ այդ գյուղերը հայտնվել են լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ՝ այս անգամ կորցնելով կապը նաև Հայաստանի հետ։

 

Tert.am

Արցախի նախագահը պետք է պարզաբանի, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի պետնախարարի վերջին հայտարարությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև

«Արձագանքելով ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, որում տեսանելի է, թե ինչպես են արցախցիները Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում` անձնագրային ստուգմամբ և մեքենայի զննությամբ, Արցախի պետնախարարը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների, վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»:

Միանգամից ասեմ, որ պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ հենց միայն այն տեսանկյունից, որովհետև մեկ շաբաթ է մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էր շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային:

Եվ ամենակարևորը, ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք բնականաբար տեղյակ էին իրավիճակից:

Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը:

 

Armenpress.am

Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում կանգնեցրել են Գորիսից վերադարձող արցախցիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղակայված անցակետի մոտ կանգնեցրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել՝ փորձելով ցույց տալ, թե Լաչինի միջանցքով երթևեկությունն ազատ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:

Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:

 

Armenpress.am

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը․ Բլինքենը՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը ։ Բլինքենն ընդգծել է առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի հնարավորինս արագ վերաբացման կարևորությունը։

Էնթոնի Բլինքենն  ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։

Բլինքենը համոզմունք է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր է։

 

Armenpress.am                                                                        

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից։

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ 

«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։

Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։

 

news.am

Արդյո՞ք Հայաստանը գլորվում է դեպի ավտորիտարիզմ. The National Interest

Չնայած մեծ ակնկալիքներին 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո, որը տապալեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչակարգը, Հայաստանի դեմոկրատական լանդշաֆտը վերջին տարիներին մնում է մռայլ։ Երկրի ներկայիս կառավարությունն անշեղորեն գլորվում է դեպի ոչ դեմոկրատական կառավարում եւ, գուցե, անգամ ավտորիտարիզմ, The National Interest պարբերականի համար գրել է  մեկնաբան Ալեքսանդար Սրբինովսկին։

Հոդվածի հեղինակը նշում է, որ հատուկ մտահոգություն է առաջացնում քաղաքական ակտիվիստների եւ լրագրողների հետապնդումը, ինչն արտացոլվել է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների (որոնք աշխատում են դեմոկրատական ինստիտուտների գործունեության գնահատման ուղղությամբ) ամենամյա հաշվետվություններում։

Օրինակ, Freedom House-ն իր ամենամյա հաշվետվությունում իջեցրել է Հայաստանում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների իր գնահատականը։ Զեկույցում տեղեկացվել է, որ երկրի իշխանությունները ծավալուն միջոցներ են ձեռնարկում քաղաքական այլախոհների, լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ։