Մեկնաբանություն-Իրանի և Սիրիայի միջև տնտեսական համագործակցության նոր էջ է բացվել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Սիրիա կատարած այցի առաջին օրը ստորագրվել են երկու երկրների ռազմավարական և երկարաժամկետ համագործակցության մասին ծրագիրը և համագործակցության 14 այլ փաստաթղթեր։
Իրանի և Սիրիայի պաշտոնյաների կողմից չորեքշաբթի օրը ստորագրված այս փաստաթղթերը վերաբերում են առևտրային համագործակցության, նավթի և էներգետիկայի, տեխնիկա-ճարտարագիտության, բնակարանային, երկաթուղային և օդային փոխադրումների, ազատ գոտիների և մասնավոր հատվածի, կապի և տեխնոլոգիայի, երկրաշարժի, փրկարարական աշխատանքների և ուխտագնացության հարցերի դյուրացման ոլորտներին :
Թեև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի այցը Սիրիա ունի տարբեր քաղաքական և անվտանգության ասպեկտներ,որոնք պայմանավորված են խորը և կայուն հարաբերություններով և դիմադրության առանցքում երկու երկրների դերակատարությամբ, ինչպես նաև առկա զարգացումներով, սակայն այս ուղևորության կարևոր նպատակներից մեկը Իրանի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն է, ընդորում համապարփակ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ծրագրի ստորագրումը համագործակցության 14 այլ փաստաթղթերի հետ միասին կարող է գնահատվել նույն շրջանակներում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած Իրանի և Սիրիայի միջև անվտանգային ու քաղաքական խոր հարաբերություններին, երկու երկրների տնտեսական փոխգործակցությունները մինչ այժմ սահմանափակ են եղել: Օրինակ Իրանի արտաահանումները 2021 թվականին կազմել են 218 միլիոն դոլար, իսկ 2022 թվականին ընդամենը 25 միլիոն դոլարի ավելացմամբ, հասել են 243 միլիոն դոլարի, և դա այն դեպքում, երբ որոշ երկրներ,որոնք Սիրիայի ճգնաժամային պայմաններում լավ հարաբերություն չունեին Բաշար Ասադի հետ, բայց առևտրի ոլորտում ավելի մեծ ցուցանիշներ են արձանագրել:
Այժմ Սիրիան դուրս է եկել անվտանգային ճգնաժամից, և այս երկրում հարաբերական խաղաղություն է տիրում, սակայն այս երկրում արտադրությունն ու արտահանումը լուրջ դժվարությունների մեջ են՝ ենթակառուցվածքների թուլության և ոչնչացման պատճառով։ Այս երկիրը նախատեսում է ավելացնել իր արտադրությունն ու արտահանումը դաշնակից երկրների համագործակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն անհերքելի դեր է խաղացել Սիրիայում ահաբեկիչներին ու թշնամիներին ջախջախելու և այս երկրում անվտանգության հաստատմանն աջակցելու գործում, առաջնահերթություն է համարում հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Ուստի հնարավորություն կա մեծացնելու և զարգացնելու Իրանի և Սիրիայի միջև տնտեսական փոխգործակցությունը:
Տնտեսական փորձագետները ոչ նավթային ապրանքների տարբեր ոլորտներում դեպի Սիրիա Իրանի արտահանման ծավալները գնահատում են տարեկան առնվազն 700 միլիոն դոլար, իսկ տեխնիկական և ինժեներական ծառայությունները՝ տարեկան 600 միլիոն դոլար:
Բայց Իրանի և Սիրիայի միջև տնտեսական փոխանակումների մակարդակի բարձրացման ճանապարհին կան նաև մարտահրավերներ, որոնք խոչընդոտել են արտահանման աճին և երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը։ Իրանի և Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների վրա ազդող գործոններից են փոխադրումների հարցը և դրամական ու բանկային փոխանակման խնդիրները: Սիրիայի երկաթուղային ցանցի մասերը տուժել են այս երկրում վերջին տարիներին տեղի ունեցած հակամարտության պատճառով և դրանք վերակառուցման կարիք ունեն։ Այդ իսկ պատճառով Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև երկաթուղային տրանսպորտի հարցը Շալամչեհ-Բասրա երկաթուղով դեպի սիրիական նավահանգիստներ և հակառակը, ինչպես նաև համատեղ տրանսպորտային ընկերությունների ստեղծումը և Իրանի և Սիրիայի նավահանգիստների միջև նավագնացության գծերի գործարկումը ներառված են երկու երկրի պաշտոնյաների աշխատանքայն օրակարգում:
Ակնհայտ է, որ Իրանի և Սիրիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը բխում է երկու կողմերի և հարևան երկրների շահերից, և փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Սիրիա կատարած այցի շրջանակում, կարող են խթանել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների խորացումը, վերացնել առկա խոչընդոտները և նոր էջ բացել Իրանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին ասել է.-«Այս փաստաթղթերի շրջանակում ջանքեր են գործադրվում կայունացնելու Իրանի առևտրատնտեսական ներկայությունը և մասնավոր հատվածի ներկայությունը Սիրիայում, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա օգտվել այս ռազմավարական հաղթանակի տնտեսական շահերից»: