Մամուլի տեսություն 07.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198978-Մամուլի_տեսություն_07.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներին,որը լայն արձագանք է գտել Իրանի մամուլում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2023 11:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.05.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներին,որը լայն արձագանք է գտել Իրանի մամուլում։

 

Քեյհան

Չարլզի 3-րդի մեծածախս թագադրումը՝ Բրիտանիայի ժողովրդի աղքատության, բողոքի և ճնշումների պայմաններում

Այն դեպքում երբ մի քանի իրարահաջորդ ճգնաժամերի պատճառով Բրիտանիայի տնտեսական պայմանները գտնվում են վերջին կես դարի վատթարագույն պայմաններում, Չարլզ 3-րդ թագավորի «շքեղ» թագադրման արարողությունը,որի համար ծախսվել է ավելի քան 250 միլիոն ֆունտ ստեռլինգ, և որի անվտանգության ապահովման գործում ներգրավված է եղել ավելի քան 11 հազար մարդ,   նշանակում է ժողովրդի վերքերին աղ լցնել։

Guardian թերթի վերջին զեկույցի համաձայն՝ Բրիտանիայում որոշ կանայք դիմել են մարմնավաճառության՝ իրենց բնակարանի վարձավճարը վճարելու համար։

Էթելաաթ

ՓաշինյանԱդրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է,-«Հայաստանն ընդունել է  Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները։

Նիկոլ Փաշինյանը հավելել է,-« Պաշտոնական Երևանը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի վերաբերյալ  Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկները»։ Նա  ասել է,-« 2022 թվականի օգոստոսին մենք Ռուսաստանից առաջարկ ստացանք Ադրբեջանի Հանրապետության հետ փոխզիջման մասին և պատրաստ էինք ստորագրել, բայց Բաքվի կառավարությունը փոխեց իր դիրքորոշումը, և այժմ շեշտում եմ, որ երբ նորից նման առաջարկ արվի, մենք պատրաստ ենք ընդունել այն»։

 

Ջավան

Վերջ տվեք սևամորթների նկատմամբ վայրագություններին

 

Երեք տարի առաջ 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահից հետո մեկնարկեց  Միացյալ Նահանգներում  ռասիզմի իրավիճակի հետաքննումը։ Այդ նպատակով ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների պաշտոնական այցն այդ երկիր այն պայմաններում է արդյունքի հասել,երբ ԱՄՆ-ն հայտնվել է նոր լարվածության առջև ոստիկանի կողմից ևս մեկ աֆրոամերիկացու սպանության պատճառով։

 Միավորված ազգերի կազմակերպությունը ոչ միայն ընդունում է, որ ԱՄՆ-ում ռասիզմը նույնքան հին է, որքան այս երկրի պատմությունը, այլ նաև բացահայտորեն Վաշինգտոնի իշխանություններին կոչ է արել կանխել սևամորթների նկատմամբ բռնի գործողությունները և նրանց նկատմամբ ոստիկանության  վայրագությունները։

 

Վաթան Էմրուզ

Սիոնիստները հայտնվել են փակուղում

Անցած տարիներին Սիոնիստական ​​ռեժիմը մի լավ օր չի ունեցել, և ձախակողմյան ու աջակողմյան կաբինետների հերթական փլուզումը ցույց է տալիս այս ռեժիմի լիակատար հյուծվածությունը տարբեր խնդիրների դիմաց։ Թեև սիոնիստները կարծում էին, որ վերջին խորհրդարանական ընտրություններում Բենիամին Նեթանյահուի հաղթանակով որոշ չափով հաղթահարեցին քաղաքական փակուղին, սակայն երկար ժամանակ չպահանջվեց, որ օկուպացիոն ռեժիմը առերեսվի ավելի մեծ ու խորը խնդիրների հետ, որոնք դեռ շարունակվում են։

Չնայած դատաիրավական բարեփոխումների օրինագծից  Նեթայահուի կաբինետը նահանջեց և բռնազավթված Պաղեստինում փողոցային ցույցերը համեմատաբար նվազեցին, բայց այս ռեժիմի ներքին և երկբևեռ խիստ տարաձայնությունները շարունակվում են: Վեճեր, որոնց  կրակը մոխրի տակ է, և ամեն վայրկյան կարող է նորից բռնկվել։

Armenpress.am

ՀՀ ԱԺ պատգամավորները Թուրքիայում ընթացող ՍԾՏՀ ԽՎ նիստին բարձրացրել են Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի հարցը

 Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ընդգծել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ պատգամավորները ներկայացրել են, թե ինչ աշխատանք են իրականացրել ԽՎ-ի նիստի շրջանակում:

Օրակարգի առանցքը եղել է խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: Տարբեր երկրների կողմից հնչել են տարբեր թեմաներով զեկույցներ:

«Անդրադարձա նախ Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձությոններին, հսկիչ անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին, բնականաբար, իրենք բուռն արձագանքեցին»,-ասել է հայկական պատվիրակության նախագահ Բաբկեն Թունյանը:

Գևորգ Պապոյանն էլ շեշտել է, որ Ադրբեջանն ապօրինի շրջափակել է Արցախն ու արցախահայությանը:

«Շեշտել եմ, որ այդ մարդիկ հիմա սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած, դեղորայքի, պարենի պակաս կա: Եվ այնտեղ, ըստ էության, ցեղասպանության վտանգ կա: Եվ, բնականաբար, դրա մեղավորն ու պատասխանատուն առաջին հերթին հենց Ադրբեջանն է»,-պատմել է Պապոյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հորդոր են հղել նաև ց գլխավոր քարտուղար, ազգությամբ ադրբեջանցի Ասաֆ Հաջիևին, ով հանդիսանալով միջազգային կարգի պետական ծառայող՝ խախտել է քաղաքական չեզոքության սկզբունքը:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ նա վերջին շրջանում, օգտագործելով կազմակերպության սոցիալական ցանցի հարթակները, միակողմանի հայտարարություններ է արել: Թուրքական լրատվամիջոցի հետ հարցազրույցում ի պաշտոնե հանդես գալով՝ անթույլատրելի արտահայտություններ է արել Հայաստանի և մի քանի այլ երկրների հասցեին՝ ընդհուպ հնչեցնելով ուժի կիրառման սպառնալիքներ:

«Վերջին նախազգուշացումը տվեցինք: Կոչ արեցինք, որ ոչ միայն հեռացնի տվյալ հրապարակումները, այլ նաև հետագայում չփորձի երբեք նման արտահայտություններ անել»,-նշել է Թունյանը:

 

Araxnews

Թեհրանում մեծարվեց իրանահայ հանրահայտ մանկաբույժ դոկտ. Վիգեն Զարգարյանը

Իրանահայ բժիշկների միության (ԻԲՄ) նախաձեռնությամբ, հինգշաբթի մայիսի 4-ին, Թեհրանում, տեղի ունեցավ մեծարման երեկո` նվիրված իրանահայ հանրահայտ մանկաբույժ, բարերար և ազգային-հասարակական գործիչ Դոկտ. Վիգեն Զարգարյանին:

Araxnews-ի փոխանցմամբ՝ մեծարման միջոցառումը սկսվեց ԻԲՄ միության նախագահ բժիշկ Սիլվա Խուրշիդյանի բացման խոսքով, ապա միության փոխնախագահ Ռուբիկ Սարդարյանը խոսեց դոկտ. Զարգարյանի բժշկական ու հասարակական կյանքի մասին, իսկ նրա հարուստ կենսագրականը սեղմ տողերի մեջ ներկայացրեց վարչության քարտուղար ատամնաբուժ Սերժիկ Մարգարյանը:

Մեծարման երեկոյի շրջանակներում սեփական հետաքրքիր հուշերով ու գնահատականներով հանդես եկան նաև հյուրերը:Այնուհետև խոսքը փոխանցվեց դոկտ. Վիգեն Զարգարյանին, ով հակիրճ կերպով ներկայացրեց իր երկար տարիների աշխատանքը Իրանում և Ամերիկայում, ապա անդրադարձ կատարեց Արցախում և Հայաստանի Հանրապետությունում իրականացրած և իրականացվող իր բժշկական և բարեգործական գործունեությունը, որն այսօր արդեն ամփոփվել է Երևանի Կոմիտաս պողոտայի 24 հասցեում հաստատված՝ «Առողջ Ապագա Հայաստան» ոչ շահադիտական մանկաբուժական կլինիկայում:

Երեկոյի ավարտին ԻԲՄ վարչության կողմից հատուկ գնահատագիր և հուշանվեր տրվեց  դոկտ․ Վիգեն Զարգարյանին:

Այնուհետև մետերմիկ զրույցների ընթացքում, դոկտ․ Զարգարյանը պատասխանեց երեկոյին ներկա հյուրերի հարցերին:

Մեծարման երեկոյին ներկա էին համայնքային կառույցների, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:

Lurer.com

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց թուրք մարզիկին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում, փոխանցում է Armsport.am-ը։

ԱԱ-ի 1/8 եզրափակչում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 (30-27, 30-25, 29-28, 29-28), առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Կանլիի նկատմամբ։

Հայ մարզիչը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Մադոյանը՝ իր առաջին մենամարտը անցկացնելով ընթացիկ ԱԱ-ում։ Մադոյանի մրցակիցը կլինի Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն։

 

Armtimes.am

Նախկինները վախենում էին զինել քաղաքացիներին. հեղափոխությունից հետո կա այդ հնարավորությունը. Հովհաննիսյան

«Համապարփակ անվտանգային հայեցակարգը, որի մասին վերջերս անդադար բոլորը խոսում են, նույն է, որ մինչ հեղափոխությունը ազգ-բանակ հայեցակարգն էին ուզում ներդնել, պարզապես այն ժամանակ անունը դրել էին ազգ-բանակ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը և հավելում՝ նման հայեցակարգ հնարավոր է միայն ժողովրդավարական պետություններում. «Հայաստանում դա հնարավոր է միայն 2018 թվականից հետո, մինչ այդ բոլոր նման ցանկությունները բաժակաճառերի ամբողջություն էին»:

Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո ժողովրդավարության հիմքերը Հայաստանում տալիս են այդ հնարավորությունը. «Ինչո՞ւ, որովհետև դրա հիմքը ազատ մտածող, դաստիարակված, կրթված, բայց նաև զինված քաղաքացին է: Նախկինները վախենում էին իրենց քաղաքացիներին զինել, որովհետև կարող էր առաջացնել հակառակ էֆեկտը. ավտորիտար համակարգերը չեն գնում դրան, որովհետև քաղաքացուց վախենում են, ժողովրդավարությունը նման խնդիր չունի»:

Հովհաննիսյանն ասում է՝ նման պրակտիկա ունեցող երկրներում՝ Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, զինված հասարակությունը կոնկրետ առաքելության համար է, և այդ հասարակությունը միևնույն ժամանակ հակադարձ օրինաչափությամբ ժողովրդավարության երաշխավորն է:

«Այդպիսի զարգացած, կրթված, բայց նաև զինված հասարակության հետ դու այլևս ավտորիտարիզմ չես կարող խաղալ: Այս շղթան փոխադարձ կապն է, որ ժողովրդավարական համակարգերը ծնում են համապարփակ անվտանգություն, և համապարփակ անվտանգության ողնաշարը հանդիսացող ազատ, մտածող, պատրաստ և զինված քաղաքացին ժողովրդավարության հավերժ երաշխավորն է: Եթե այս գաղափարն այսօր շրջանառենք, կարող է դառնալ քաղաքական կապիտալ»,- կարծում է նա:

Վերջինս նաև նկատում է, որ համապարփակ անվտանգային հայեցակարգի դեպքում բնակչության հասուն բոլոր շերտերը պիտի նվազագույն տիրապետեն զենքին, լինեն պատրաստված. «Անվտանգային ռիսկերն այդպիսին են. ողջ հասարակությանը պետք է որոշակիորեն ծանոթացնել այդ ամենին: Եվ Պապիկյանի վերջին հայտարարությունը՝ պահեստազորի հետ կապված, ևս դրան է միտված, կանանց բանակում ներգրավելը՝ նույնպես, և սրանք շատ դրական փոփոխություններ են»: