Մամուլի տեսություն – 12.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199308-Մամուլի_տեսություն_12.05.2023
Անցած տարիների փորձն ապացուցում է, որ Իրանի տնտեսական առաջընթացը չի անցնում ՀԳՀԾ-ի և FATF-ի ճանապարհով։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մայիս 12, 2023 13:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 12.05.2023

Անցած տարիների փորձն ապացուցում է, որ Իրանի տնտեսական առաջընթացը չի անցնում ՀԳՀԾ-ի և FATF-ի ճանապարհով։

Շարղ

Ռուսաստանի արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտությանը. Ինքնազսպվածություն դրսևորեք

 

Կրեմլի պալատի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը, արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հակամարտություններին, երկու կողմերին «ինքնազսպվածության» կոչ է արել։

Ադրբեջանի և Հայաստանի սահմանին փոխհրաձգության հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանիսը։ Կրեմլի խոսնակը կոչ է արել Երևանին և Բաքվին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի։

Ջավան

Իրանի հաջողությունները՝ առանց ՀԳՀԾ-ի և FATF-ի. միջուկային արդյունաբերության առաջընթացից մինչև ռազմական և դիվանագիտական ոլորտներում հաջողություններ

 

Անցած տարիների փորձն ապացուցում է, որ Իրանի տնտեսական առաջընթացը չի անցնում ՀԳՀԾ-ի և FATF-ի ճանապարհով, և եթե այդպես լիներ, ապա նախկին իշխանությունը տնտեսական դաշտում այդ անընդունելի վիճակացույցը չէր թողնի։

Միջազգային հարցերով փորձագետ Ամիր Ալի Աբոլֆաթհը վերջերս թվիթերում գրել է. «ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալուց 5 տարի է անցել։ Թեև այս 5 տարում Իրանի տնտեսությունը խիստ տուժեց ԱՄՆ պատժամիջոցների ներքո, սակայն 2018-ի համեմատ 2023 թվականի Իրանն ավելի ուժեղ է դարձել միջուկային, ռազմական և տարածաշրջանային ոլորտներում. Գործընթաց, որը Դոնալդ Թրամփը, հավանաբար, չէր սպասում, երբ դուրս էր գալիս ՀԳՀԾ-ից»:

Ջամե Ջամ

Թուրքիան թեւակոխում է նոր դարաշրջան

 

Թուրքիայի հարցերով փորձագետը, վերլուծելով Թուրքիայի ընտրություններում չորս թեկնածուների հավանական քվեներն, ընդգծել է, որ երկիրը թեւակոխում է նոր դարաշրջան։

Jam Jam Online-ի հետ զրույցում Սիամաք Քաքային ասաց. «Այս ընտրությունները շատ կարևոր և ազդեցիկ են, բացի նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, ընտրական գործընթացը կարող է ազդեցություն ունենալ ներքին և տարածաշրջանային ասպարեզում»։

Քաքային նշել է. «Ամեն դեպքում, սա ամենադժվար ընտրություններից է, և նույնիսկ ընտրություններից հետո հնարավոր է ինչ-որ սոցիալական, քաղաքական և այլ ճգնաժամեր առաջանան, ինչը կախված է ընտրությունների արդյունքներից։ Թվում է, թե Թուրքիան թեւակոխում է մի նոր դարաշրջան, որտեղ յուրաքանչյուր թեկնածուի հաղթանակից ելնելով կարելի է պատկերացնել պայմանները։ Այս ընտրությունների արդյունքում, որոնք կոչվել են դարի ընտրություններ, Թուրքիան թևակոխելու է իր քաղաքական կյանքի մեկ այլ փուլ»։

Էթեմադ

Բլինքեն. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են ապահովել Ուկրաինայի բոլոր կարիքները մարտի դաշտում

 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է. «Ամերիկան և նրա դաշնակիցները պատրաստ են Ուկրաինա ուղարկել այն ամենը, ինչ պակասում է այդ երկրի մարտի դաշտում»։

Նա հավելել է. «Մենք բառացիորեն ամեն օր աշխատում ենք ուկրաինական ուժերի և Կիևին աջակցող երկրների կոալիցիայի հետ, որպեսզի համոզվենք, որ ուկրաինական զինված ուժերը ունեն համապատասխան աջակցություն»:

armenpress.am

Ստեփանակերտից հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ

 

Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր Պաշտպանության բանակը մի քանի ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։

news.am

Հայաստանի և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված. Սիրանուշ Սահակյան

 

Հայաստանի և Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողություններում ներգրավվել էր ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը։ Դրա անդամները հատկապես դաժան էին եղել Հադրութում։ 2022 թվականին էլ թուրքական բանակի մոդելով ստեղծվել էր «Կոմանդո» ստորաբաժանումը, նրանց պատրաստությունը եղել է հենց թուրք զինծառայողների ներգրավվածությամբ։

«Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում և Քարվաճառում։ Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,– նշեց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշպանը վստահ է` ադրբեջանցի հատուկ ջոկատայինների առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։

Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականին Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ հստակ ապացույցներ կան` Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում հայ ռազմագերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը։ Այդ ժամանակ դեպքի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ դիրքում 9 զինծառայող է եղել, 4-ին գնդակահարում են ադրբեջանցի զինծառայողները, սակայն հնարավոր էր եղել նույնականացնել նրանցից 2-ին։

news.am

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամներն ակցիա են կազմակերպել դեսպանատների դիմաց

 

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահավաքի նախաձեռնող խումբն այսօր՝ մայիսի 12-ին, Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնում Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին եւ ՀՀ կառավարությանը։

Խմբի ներկայացուցիչները կլինեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, Ֆրանսիայի դեսպանատանը, Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ կառավարության շենքի մոտ եւ կփոխանցեն ստորագրությունների պատճենները:

tert.am

Ադրբեջանցիները կոկորդը կտրած զինծառայողի նկարը հրապարակել են իր իսկ սոցիալական էջում, ուղարկել հարազատներին․ Սիրանուշ Սահակյան

 

Այս զեկույցում անդրադարձ ենք կատարել ռազմագերիների նկատմամաբ վերաբերմունքին ու փորձել ենք տեսնել՝ արդյոք այդ խաղաղության օրակարգի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նախկին  ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում գերիներին դաժան ծեծի են ենթարկել, դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն։ Այս դաժան ծեծի ու տառապանքի քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։

«Մենք դեպքեր ենք ունեցել, որ օրինակ կոկորդը կտրած զինծառայողի նկարները տեղադրել են հենց իր սոցիալական ցանցում։ Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով դուրս էին բերել ընտանիքի անդամներին ու վայրագությունները ուղարկել էին հարազատներին։ Բացահայտվել են նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, սակայն միտումնավոր չեն վերցնում դին ու չեն հանձնում ընտանիքի անդամներին։  Ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում են, նկարները տարածում են մեդիայում։ Սա ցայտուն վկայություն է, որ այն անհայտ կորածների թիվը, որը ունենք 2020թ-ից ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք են, այլ նպատակաուղղված քաղաքականություն է։ Գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ։ Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, թե բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։

tert.am

Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանն իրենց տարածքն է. Արման Թաթոյան

 

Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաև կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այն վայրագությունների միջև, որ տեղի են ունենում։ Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ նշելով, որ զեկույցը մշակվել է Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ։

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանություններն իրականում չունեն խաղաղության որևէ մտադրություն, դա շղարշ է արտաքին աշխարհի համար, բայց իրականում այլ նպատակներ ունեն։ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու հիմնական կողմ ունի․ առաջինն իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին լսարանի խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը կամ թշնամանքը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց են: Երկրորդը՝ նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում: Մենք դրա հետևանքներն արդեն տեսել ենք»,- ասաց նա։

Թաթոյանը նշեց, որ այս ընթացքում նոր միտումներ են բացահայտել։

«Նրանք ակնհայտ ցուցադրում են իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Իրենց պաշտոնական հայտարարություններով հայերին ներկայացնում են որպես ջարդարարներ, պղծողներ։ Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, արդեն ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով և անգամ խոշտանգելիս՝ օգտագործում են նույն բառերը։ Իրենք լայնորեն ներգրավում են քաղաքացիական անձանց թշնամանքի, ատելության տարածման գործում»,- ասաց Թաթոյանը։

Վերջինիս խոսքով, Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացել են հայկական Սփյուռքին թիրախավորելու շեշտադրումները:

«Այս ապացույցները ցույց են տալիս, որ Արցախի և Հայաստանի միջև չկա տարանջատում, Ադրբեջանի նպատակը, թիրախը առհասարակ հայկականությունն է։ Եթե նրանք անգամ մի պահ որոշում են առանձնանցնել Արցախը, դա չի նշանակում, որ Հայաստանը թիրախի տակ չեն պահում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաները: Օրինակ՝ Google քարտեզներում կազմակերպված ձևով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները: Մենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրեցինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա ևս օկուպացիայի օրինակ է, փորձում են դրանով կարծրատիպ ձևավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են: Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է և Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձևով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»,- հայտարարեց Թաթոյանը:

lurer.com

Հայաստանի և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ

 

Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի արտահանման հնարավորությունների 5-րդ ցուցահանդեսը (Iran Expo 2023), որտեղ ներկայացվել են գյուղատնտեսության, սննդի, շինարարության, հագուստի, կենցաղային պարագաների, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանից 23 գործարար։ Միջոցառմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Իրանի գործարարների միջև տեղի են ունեցել նաև B2B հանդիպումներ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Միջոցառման բացմանը ներկա է եղել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։

Ցուցահանդեսին մասնակցել է 750 իրանական խոշոր արտահանող ընկերություն, ինչպես նաև գործարարներ մի շարք այլ երկրներից։