Մամուլի տեսություն – 17.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199646-Մամուլի_տեսություն_17.05.2023
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ բանակցություններ են գնում տարածաշրջանի երկրների երկաթուղային նախագծերին իրանական ընկերությունների մասնակցության և Իրանի երկաթուղային և նավահանգստային նախագծերում հարևանների ներդրումների համար՝ որը պատճառ կը դառնա Մետաքսի ճանապարհը և Հյուսիս-Հարավ միջանցքը վերակենդանանա:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մայիս 17, 2023 13:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 17.05.2023

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ բանակցություններ են գնում տարածաշրջանի երկրների երկաթուղային նախագծերին իրանական ընկերությունների մասնակցության և Իրանի երկաթուղային և նավահանգստային նախագծերում հարևանների ներդրումների համար՝ որը պատճառ կը դառնա Մետաքսի ճանապարհը և Հյուսիս-Հարավ միջանցքը վերակենդանանա:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Մետաքսի ճանապարհը վերակենդանացնելու ճանապարհին

 

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը Աբու Դաբիում կայացած Մերձավոր Արևելքի երկաթուղային կոնֆերանսում հայտարարելով տեխնիկա-ինժեներական ծառայությունների և իրանական ընկերությունների ներկայության մասին երկաթուղային նախագծերի շինարարության մեջ, ողջունել է տարածաշրջանի երկրների, ներդրողների և ֆինանսավարկային հաստատությունների մասնակցությունը Իրանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում խոշոր նախագծերի մեջ։

 

Քեյհան օրաթերթ

Ամերիկյան վերլուծական կենտրոն. Պարսից ծոցի վերահսկողությունը Իրանի ձեռքում է

 

Ամերիկյան Hoover վերլուծական կենտրոնը գրել է. «Չնայած ԱՄՆ-ի ջանքերին, Իրանի նավթի արտահանումը կրկնապատկվել է, և Իրանն է, որ վերահսկողության տակ է վերցրել Պարսից ծոցը»: Financial Times-ը նաև խոստովանել է, որ չնայած պատժամիջոցներին արևմտյան նավթային հսկաները Իրանի էլեկտրաէներգիայի հաճախորդներն են։

Hoover վերլուծական կենտրոնը, որը հետազոտական հաստատություն է, տեղակայված է Կալիֆորնիայի նահանգի «Սթենֆորդ» համալսարանում, և իր վերլուծության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը անվանել է Միացյալ Նահանգների «անկասելի թշնամի» և գրել, որ Իրանի զսպման քաղաքականությունը փլուզվել է:

Էթելաաթ օրաթերթ

Փաշինյան. Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները լավ են

 

Չեխիայի հրատարակություներից մեկին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոսել է այս երկրի և Իրանի լավ հարաբերությունների մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Respect ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի նորմալ հարաբերությունների հաստատումը բոլոր հարևանների հետ և այս հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի և Վրաստանի հետ։

Հայաստանի վարչապետը հավելել է, որ այս երկիրը ներկայումս գրեթե հարաբերություններ չունի Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության հետ, և իհարկե այդ հարաբերությունները չպետք է մնան այսպես։

Շարղ օրաթերթ

Անկարան ափսոսանք է անվանել միջազգային դիտորդների հայտարարությունները Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ

 

«Սթար» լրատվական կայքը, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, հայտարարել է. «Որոշ միջազգային դիտորդների հայտարարություններն արվել են քաղաքական նպատակներով և մեղադրական ձևով, իսկ որոշների զեկույցը վեր է ընտրություններից, իսկ քաղաքական վերլուծությունների և կանխակալ մեկնաբանությունների արտահայտումը վնասում Եվրոպայում անվտանգության և համագործակցության Կազմակերպության վստահությանը»:

Քեյհան օրաթերթ

National Energy Action. անցած ձմռանը վառելիքի թանկացումները խլել է 13000 բրիտանացիների կյանքը

 

Բրիտանական «National Energy Action» ինստիտուտը հայտարարել է, որ անցած ձմռանը վառելիքի գների բարձրացումը խլել է 13 հազար բրիտանացու կյանքը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրոպայում 68 հազար մարդ է մահացել «դաժան ձմռան» պատճառով։

tert.am

Ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ, վիրավորում են ստացել զինծառայողը և բուժակը․ ՊՆ

 

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող:

Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

tert.am

Ակնկալում ենք, որ սպասվող շփումները կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Մոսկվայում կայանալիք հանդիպումը

 

Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան առանձին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում դինամիկ իրավիճակը: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ նրա՝ տեղի կունենա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացի առարկայական քննարկում. խոսքը ճանապարհների և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին է:

Զախարովան հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

«Ակնկալում ենք, որ սպասվող շփումները կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, փոխընդունելի  լուծումների որոնմանը և, ընդհանուր առմամբ, կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը», - ասել է Զախարովան:

tert.am

Հայաստանը ճանաչում է 86,600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը. Փաշինյան

 

Հայաստանը ճանաչում է 86.600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանը, իր հերթին, հայտարարել է, որ ճանաչում է 29,800 քկմ տարածքով ՀՀ ամբողջականությունը։

Այս մասին Ռեյկյավիկում ընթացող ԵԽ գագաթնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում․

«Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»։

armenpress.am

ՀՀ վարչապետը Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ:

Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և այլք:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:

Գագաթնաժողովի աշխատանքները կշարունակվեն մայիսի 17-ին:

armenpress.am

Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման դեպքում Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը ստորագրելու դեպքում Երևանն ավելի կայուն իրավիճակ կստանար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

 

«2022 թ.-ի աշնանը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր նախապատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան: Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված էր արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին՝ հենց գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն թղթի վրա է և չի իրականացվում: Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր, և պատրաստ մնար ստորագրմանն ու դրա՝ ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - նշել է Լավրովը:

armenpress.am

Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել․ ԱԳ նախարարի տեղակալ

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել  է և որի համար վճարել է։

«Սպառազինությունները իրոք չեն հասել Հայաստան, և այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս հայտարարության հետ կապված ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասաց Սաֆարյանը։