Մամուլի տեսություն - 28.09.2023
Իրանը չեղարկում է վիզաները հարևան երկրների հետ և մտադիր է արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ հարևան երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար ավելի շատ հարմարություններ տրամադրել։
Իրան օրաթերթ
Իրանի օրակարգում է հարեւան երկրների հետ վիզաների չեղարկումը
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է. 《Նախորդ տարվա համեմատ 38 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ Իհարկե, Իրանի զբոսաշրջության աճը 3 անգամ գերազանցել է համաշխարհային միջին աճից կորոնավիրուսից հետո։ Բայց այս վիճակագրությունը ցածր է մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունների համեմատ, մենք նպատակ ունենք իրականացնենք զբոսաշրջիկների իրական աճը》։
Սեյեդ Էզաթոլլահ Զարղամին հավելեց. 《Շարունակական հետևողականությամբ մենք չեղարկում ենք վիզաները հարևան երկրների և Հինգ խմբի հետ: Արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ օրեցօր ավելի շատ հարմարություններ են տրամադրվում զբոսաշրջության համար》։
Դոնյա Էղթեսադ օրաթերթ
Արևմտյան աղբյուրներ. Իրանի առաջարկը Սաուդյան Արաբիային՝ վերապատրաստելու 600 սաուդցի միջուկային փորձագետների
Արեւմտյան աղբյուրները խոսել են Սաուդյան Արաբիային ուղղված Իրանի առաջարկի մասին՝ 600 սաուդցի փորձագետներ պատրաստել ատոմակայանի կառուցման եւ շահագործման հետ կապված բոլոր հարցերում։ Իրանի առաջարկը ներառում է օգնել Սաուդյան Արաբիային՝ սկսելու գիտական և խաղաղ նպատակներով և առանց ֆինանսական, տնտեսական, անվտանգության և քաղաքական պայմանների ամբողջական ատոմակայանի կառուցումը:
Իրանը հայտարարել է, որ ոչ մի կերպ չի միջամտի Սաուդյան Արաբիայի ներսում ատոմային էներգետիկայի նախագծի իրականացմանը։
Քեյհան օրաթերթ
Ամերիկայի վրա ապավինելը փլուզում է առաջացնում, իսկ Իրանի վրա հույսը` հարատեվություն
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է. 《Ով հույսը դրեց Ամերիկայի վրա, փլուզվեց, իսկ ով հույսը դրեց Իրանի վրա, մնաց: Ուստի Իրանին հենվելը պայմանավորված է այս հարցի ըմբռնմամբ, և այս ամենը ծագում է սուրբ պաշտպանությունից, և իհարկե այս պատմությունը շարունակվում է》։
Էթեմադ օրաթերթ
Լավրով. Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում չի կարելի անտեսել
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հեռու մնալ Մոսկվայից, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարելի անտեսել Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում։
Tert.am
Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, մարդասիրական ասպեկտը, դա ամենակարևորն է։ Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց: Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք։ Ցանկացողներին ցուցաբերվում է աջակցություն»,- ասել է Պեսկովը։
«Հատկանշական է, որ այդ հրապարակված տեքստի (Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը-Tert.am) երկրորդ կետում խոսքը պայմանավորվածության համաձայն՝ բնակչության վերաինտեգրման պայմաններին ծանոթանալու անհրաժեշտության մասին է», - շարունակել է Պեսկովը:
«Ռուսաստանը նույնպես կշարունակի կապի մեջ մնալ Ադրբեջանի իշխանությունների հետ և Բաքվի ուշադրությունը հրավիրել խնդրի հումանիտար ասպեկտների վրա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է Արցախի Հանրապետության գոյությունը։
«Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել պետական ենթակայության բոլոր հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ»,- ասված է փաստաթղթում։ Իսկ Արցախի բնակչությունը պետք է ծանոթանա Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման պայմաններին, որպեսզի ինքնուրույն որոշի վերադառնա՞լ կամ մնա՞լ Ղարաբաղի տարածքում։
Tert.am
ՔաղաքականությունԻրավունքՏնտեսությունՍպորտՄամուլի տեսությունMedicineLife
Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը. Օսկանյանը՝ Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի մասին
Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը։
Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․
«Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։ Ադրբեջանը չունի իրավական որևէ հիմք նրան պահելու համար։
Նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին և այլոց, որոնք, հնարավոր է, նման ճակատագիր ունենան։
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա այնտեղ էր՝ լինելու իր ժողովրդի կողքը և պաշտպանելու նրա ինքնորոշման իրավունքը։
Դավիթ Բաբայանը ծնունդով արցախցի է, նա նույնպես պայքարում էր իր նախնիների՝ իրեն ժառանգություն թողած հողը պաշտպանելու և այնտեղ ազատ ապրելու համար։
Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում, ապահովելու նրանց ազատ արձակումը։ Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը։
Սփյուռքը ևս այս հարցը պետք է դարձնի օրակարգային։
Իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանից միանշանակ պետք է պահանջի զերծ մնալ նման հետապնդումներից»։
Tert.am
Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու. հուսահատությունը մեղք է. Սերժ Սարգսյան
Երեկ չէ առաջին օրը մենք մեր գործադիր նիստում մեկ անգամ ևս միաձայն եկել ենք ընդհանուր եզրակացության, որ հուսահատությունը մեղք է, որ այդ ճշմարտությունը մեզ համար եղել ու այսօր էլ մնում է շատ արդիական։
Այս մասին դատարանի բակում լրագրողների և համակիրների հետ զրույցում ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինձ համար երբեք Արցախի էջը փակված չի լինելու։ Ի միջայլոց պետք է ասեմ, որ թեև հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ բոլորս միասին մարդկանց փորձենք բացատրել այս ճշմարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը։
News.am
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Եվլախում նոր հանդիպման մասին
Եվլախում մոտ ապագայում տեղի կունենա հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է Trend-ը, հանդիպման ամսաթիվը ճշտվում է:
Նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին:
News.am
Հայաստանը Ռուսաստանին հրավիրել է ստորագրել Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր
Հայաստանն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությանը ստորագրել Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 28-ին համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով, երկար ամիսներ բանակցություններ են վարվել ռուս գործընկերների հետ՝ կապված Հայաստանի մտադրությունների հետ՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ «Ռուսական կողմը հրավիրվել է ստորագրելու Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվում են միմյանց երաշխիքներ տրամադրել ամենաանհանգստացնող հարցերի վերաբերյալ»,- պարզաբանեց Կիրակոսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս առաջարկն ուղարկվել է ապրիլին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել։
News.am
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ
Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտին] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է [Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու] ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երեւանում սա շատ լավ հայտնի է։ Սա մի բան չէ, որը մենք ողջունում ենք»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանի համապատասխան գործողություններին։
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։