Մամուլի տեսություն, 29.09.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i206794-Մամուլի_տեսություն_29.09.2023
Իրանական որոշ լրատվամիջոցներ արձագանքել են Էրդողանի վերջին խորամանկությանը կապված Իրանից Զանգեզուրի այլընտրանքային միջանցքի հետ ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2023 13:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն, 29.09.2023

Իրանական որոշ լրատվամիջոցներ արձագանքել են Էրդողանի վերջին խորամանկությանը կապված Իրանից Զանգեզուրի այլընտրանքային միջանցքի հետ ։

Դոնյայե Էղթեսադ

Էրդողանի նոր խաղն Իրանի հետ

Իրանի Արտաքին գործերի նախկին փոխնախարար Հոսեյն Ջաբարի Անսարին թվիթերում գրել է, որ եթե  միջանցքն անցնի Իրանի տարածքով, ապա կմեծանա Իրանի ռազմավարական ներուժը։ Էրդողանի նման հայտարարություններով գործն առաջ չի գնա: Պարոն Էրդողանը ռազմավարական նպատակներին ուղղված մարտավարական խաղերի վարպետ է, և այս հարցը բարձրացնելով՝ խաղում է Իրանի և Հայաստանի որոշում կայացնողների մտքի ու ոգու հետ՝ իր առաջնահերթ ծրագիրը առաջ տանելու համար։

 

Շարղ

Ջրի ճգնաժամը Թուրքիայի արևմուտքում. Ստամբուլը միայն 70 օրվա ջրի պաշար ունի

Թուրքիայի Ստամբուլի մեգապոլիսում ջրի ճգնաժամն այս օրերին սրվել է, քանի որ երեք կարևոր ջրամատակարարման ամբարտակների ջրի պաշարները նվազել են մինչև հինգ տոկոսից էլ ցածր մակարդակի։ Այս քաղաքը միայն 70 օրվա ջրի պաշար ունի։

Ստամբուլ քաղաքի ջուրն ապահովող 10 ամբարտակների պաշարներն այժմ նվազել են՝ հասնելով 23%-ից ցածր մակարդակի, և փաստորեն, ջրի օգտագործման ծավալների մեծացման և երաշտի պատճառով սաստիկ գոլորշիացման հետևանքով այս ամբարտակների մակարդակը հասել են կրիտիկական կետի։

 

Ջամեջամ

Լիբանանում Հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա

Բեյրութում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դիմաց հավաքված հարյուրավոր լիբանանահայեր Մոլոտովի կոկտեյլներով, քարերով ու փայտերով հարձակվել են Լիբանանի անվտանգության ուժերի վրա։

 

Իրան

Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռների վաճառքի կապակցությամբ որևէ ապացույց չկա . Զելենսկի

Կիևում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահն ընդգծել է. «Մինչ այսօր, մեր հետախուզական ծառայությունների զեկուցումների համաձայն, դեռևս ոչ մի իրանական հրթիռ Ռուսաստանին չի վաճառվել»։

Այս կապակցությամբ մեր հետախուզական ծառայությունները մշտական ​​փոխգործակցության և կապի մեջ են դաշնակից երկրների իշխանությունների հետ։

Նախորդ ամիսներին Եվրոպան և ԱՄՆ-ը մշտապես պնդել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական զենք և անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստան, և այդ պնդումն ընդգծվել է արևմտյան լրատվամիջոցների կողմից։

 

Ջավան

Կանխվել է մի քանի հոգևորականների, դատավորների և ԻՀՊԿ-ի աշխատակիցների դեմ մահափորձը. Իրանի Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարար

Հետախուզության նախարար Հոջաթ. Խաթիբը հայտարարել է երկրում մի քանի հոգևորականների, դատավորների և ԻՀՊԿ-ի աշխատակիցների դեմ մահափորձի չեզոքացման մասին։

Մաշհադում ամբողջ երկրի նահանգային վերահսկողության խորհուրդների անդամների հավաքում Հոջաթ. Խաթիբը, նշելով, որ թշնամիները ձգտում են անապահով դարձնել երկրի արևելյան սահմանները, ասել է. «Սեպտեմբերի 30-ին թշնամիները մտադիր էին մահափորձ կատարել երկրում մի քանի հոգևորականների, դատավորների և ԻՀՊԿ-ի աշխատակիցների դեմ, և հետո այդ միջադեպի մեջ մեղավոր ներկայացնել այլ կողմերին՝ հրահրելով էթնիկ և կրոնական տարաձայնություններ»:

 

Panorama.am

Ադրբեջանցիները գերեվարել են Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի պետական ծառայությունը  ձերբակակել ու գերեվարել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Բաքուն նրան մեղադրում է «ահաբեկչական հանցագործությունների համար»։

 

 

Armenpress.am

Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը, որին նախորդել են Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված լայնածավալ հարձակումը, իսկ մինչ այդ՝ 9-ամսյա շրջափակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ պատվիրակությունը շեշտել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։

«Հրատապ է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում արտակարգ օգնության տրամադրմանը», - գրված է հայտարարությունում:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է Եվրահանձնաժողովի կողմից հումանիտար օգնության 5 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին, որը պետք է օգնի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց և նրանց, ովքեր «Ղարաբաղի ներսում կհայտնվեն խոցելի իրավիճակում»։

«ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են տրամադրել լրացուցիչ հումանիտար օգնություն», - հավելել են ԵՄ պատվիրակությունում։

Հայտարարությունում շեշտվում է ՄԱԿ-ի առաքելության կողմից տեղում իրավիճակի գնահատման կարևորությունը։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք», - նշվում է հայտարարությունում:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հավելում է, որ Եվրոպական Միությունը հաշվի է առնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը և կշարունակի ուշադրությամբ հետևել տեղում զարգացումներին։

 

Armenpress.am

ՌԴ խաղաղապահ զորակազմի աշխատանքը կքննարկվի Ադրբեջանի հետ. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի աշխատանքի հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին խաղաղապահների հետագա ճակատագրի վերաբերյալ։

«Առայժմ հազիվ թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը գնում է առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան», - ասել է Պեսկովը։

 

News.am

Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին», - NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ այսօր Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։

 

Panorama.am

Ալիևը հայտարարել է, թե մինչև 2023 թվականի վերջը օկուպացված Արցախում կվերաբնակեցնի 5,5 հազար ադրբեջանցի

Լեռնային Ղարաբաղում վերադարձած ադրբեջանցիների թիվը 2023 թվականի վերջին կկազմի 5,5 հազար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է  Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով կովսական քաղաքում բացված Քաղաքաշինության 2-րդ ֆորումում։

Նար խոսքով, արդեն վերադարձվել է 2,3 հազար ադրբեջանցի, իսկ այս տարվա վերջին նրանց թիվը կկազմի 5,5 հազար մարդ:

Ալիևը հավելել է, որ այժմ հերթ է գոյացել նրանցից, ովքեր սպասում են վերաբնակեցմանը:

 

News.am

Գերմանիան անհանգստացած է, որ Լեռնային Ղարաբաղը «կարող է շուտով գրեթե հայաթափվել» 

Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փախչելով Ադրբեջանի ռազմական գործողության հետեւանքներից։ Այս մտահոգությունը հայտնել է Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հետ համագործակցության համակարգող Ռոբին Վագեները Table.Media մեդիա ընկերությանը տված հարցազրույցում։

«Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ հազարավոր մարդկանցով մեքենաների շարասյունները շարժվում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհով»,- ասել է Վագեները։ «Մենք պետք է վախենանք, որ առաջիկա օրերին բնակիչների ճնշող մեծամասնությունը կմիանա նրանց, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը կարող է գրեթե հայաթափվել»,- հայտնում է DW-ն։

Չնայած Հայաստանի հետ շարունակվող խաղաղ բանակցություններին, Ադրբեջանը հույսը դրել է ռազմական լուծման վրա, ընդգծել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մաս կազմող «Միություն 90/Կանաչներ» կուսակցության անդամ Ռոբերտ Վագեները։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչներից շատերն այլևս չեն տեսնում իրենց անվտանգ ապագան տարածաշրջանում»,- հայտարարել է նա։

 

News.am

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։

Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հոդվածներով։

Արցախցի պաշտոնյան, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանն» ասաց՝ պարզ չէ՝ խնդիրը կլուծվի համաներմա՞ն միջոցով, թե՞ այլ մեխանիզմով։ Արցախի նախագահի խորհրդականը դեռ երեկ առավոտյան էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։