Մամուլի տեսություն 30.09.2023
ՆԱՏՕ-ն ձգտում է հասնել Կենտրոնական Ասիա և նրա հարուստ ռեսուրսներին՝ ստեղծելով միջանցքներ Ադրբեջանից և Հայաստանից։
Իրան
10 տարվա ընթացքում Իրանի վարկանիշը նորարարության ցուցանիշով 50 աստիճանով թռիչքաձև բարձրացել է
Համաձայն «Գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի, որն ամեն տարի հրապարակվում է Ժնևում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունն այս ցուցանիշով բարելավվել է իր դիրքը ավելի քան 50 տեղով՝ բարձրանալով 2013թ 113-րդ հորիզոնականից 63-րդ հորիզոնական 2023 թվականին:
Ֆարահիխթեգան
ՆԱՏՕ-ն Կենտրոնական Ասիա է հասնում Ադրբեջանի և Հայաստանի միջոցով
Զանգեզուրի միջանցք ստեղծելու հարցում Թուրքիայի համառությունը դեռևս արդյունք չի տվել, սակայն ճնշումները դեռ շարունակվում են։ Բաքուն և Անկարան փորձում են Երևանին պարտադրել իրենց պահանջները այդ միջանցքի հարցով, սակայն մինչ օրս տարբեր պատճառներով դա չի հաջողվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջանցքի ստեղծման միակ խոչընդոտը համարում է Իրանը, ուստի անցած շաբաթ նա խաբուսիկ հայտարարությամբ փորձեց Հայաստանին փոխանցել այս ուղերձը, որ անհամաձայնությունը շարունակելու դեպքում, ինքը հետամուտ է լինելու Իրանի ճանապարհով անցնող միջանցքով: Իրանը տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին կտրուկ դեմ է և այն անվանել է իր կարմիր գիծը և պատրաստ է դրան արձագանքել ցանկացած մակարդակում։ Թեհրանի պաշտոնյաները կարծում են, որ Զանգեզուրն ավելին է, քան տնտեսական ծրագիր. Այն անվտանգության լուրջ սպառնալիքներով լի միջանցք է և ի վերջո կբացի ՆԱՏՕ-ի ոտքը տարածաշրջանում։
Ջավան
«Ղարաբաղը» հայաթափվում է
Ղարաբաղից հայ բնակչության երկու երրորդի հեռանալով և դեպի Հայաստան մեկնելով, այս տարածաշրջանի ինքնահռչակ հանրապետությունը երեք տասնամյակ անց հայտարարեց իր լուծարման մասին, որպեսզի հաջորդ տարվա հունվարից Ղարաբաղն անցնի Ադրբեջանի ինքնիշխանության տակ։ Այս քայլն Ադրբեջանում ուղեկցվում էր տոնախմբությամբ և ուրախությամբ, սակայն այն տխուր էր հայերի համար և լուրջ մարտահրավեր նետեց այս երկրի ղեկավարներին։
Քեյհան
Անգլիայի համար արդեն հնչել է «ծանր ձմռան» ահազանգը
Անգլիայի հարյուր քառասուն բարեգործական կազմակերպություններ վարչապետին ուղղված բաց նամակով զգուշացրել են «այս ձմռանը էլեկտրաէներգիայի և գազի անսանձ ծախսերը հոգալու համար միլիոնավոր խոցելի տնային տնտեսությունների խնդիրների մասին»:
Շատ փորձագետներ կարծում են, որ Կիևի հետ մեկտեղ Եվրոպան եղել է ուկրաինական պատերազմի խոշոր պարտվողը, և որ այս մայրցամաքը ամենամեծ տնտեսական, քաղաքական և անվտանգության վնասն է կրել Ռուսաստանի հետ ներկայիս պատերազմից: Էներգետիկ ճգնաժամը, գների կտրուկ աճը և վերջին մի քանի տասնամյակների ընթացքում դրա բազմակի ռեկորդը Եվրոպայում աննախադեպ էին։
Վաթան Էմրուզ
Պոպուլիզմի աճը խնդիր է եկեղեցու համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լավ լուրեր չի հասնում Բուենոս Այրեսից և այնտեղ ձևավորված նախընտրական հարցումներից։
Ծայրահեղ ազգայնական հոսանքից Խավիե Միլլին ընտրություններում մյուս թեկնածուներից ավելի շատ հաղթելու և իշխանության աթոռին հայտնվելու շանսեր ունի։ Վերջերս նա կարողացավ ձայների մեծամասնությունը հավաքել Արգենտինայի նախագահի նախնական ընտրություններում (որը համարվում է համապետական ընտրությունների նախերգանքը) և ուժեղ ցնցում հասցնել Բուենոս Այրեսում իշխանության ավանդական հոսանքներին։
Armenpress.am
ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձերբակալվել է ադրբեջանցի իրավապահների կողմից
Ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը՝ հայտնում են ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Դավիթ Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ ինքնակամ մեկնում է Շուշի՝ ադրբեջանական կողմի պահանջած հետաքննության համար։
«Ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,-գրել էր Բաբայանը։
Panorama.am
Արտակ Բեգլարյան. Արցախում գրեթե հայ չի մնացել
Արցախի Հանրապետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Սա իմ ոչ պաշտոնական տեղեկությունն է։
«Արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվել են Հայաստան։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքավոր մարդիկ։ Նրանք եւս պատրաստվում են հեռանալ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է։
Panorama.am
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստիտուտը նաև աշխարհի առաջնորդներին է մեղադրել ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ։
«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», - գրում է ինստիտուտը X սոցցանցի իր էջում:
Tert.am
Գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասել է՝ կասկած չկա, որ հաջորդիվ իրեն է Ադրբեջանը պահանջելու։
«Մտահոգություններ չունեմ, բայց գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու։ Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու»,- կարճ նշել է Մովսես Հակոբյանը։
Tert.am
Իշխանությունը քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը․ Լուսինե Բադալյան․
Իշխանությունը քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունը չի անջատում ՀՀ-ում ռուսական հեռուսաալիքներն այն դեպքում, երբ դրանք միջամտում են ՀՀ-ի ներքն գործերին, ինչն արգելված է ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարությունների միջև կնքված պայմանագրով։
Նրա խոսքով՝ հեռուստաալիքներն անջատելն իրականում մեծ փրկություն չի լինելու, քանի որ ներկայում կա նաև համացանցը։ Բացի այդ, ըստ Բադալյանի, ռուսական քարոզչությունը տարբեր խողողվակներով է տարվում՝ ներառյալ երկրի ներսում գործող գործակալների միջոցով։
Բադալյանի խոսքով՝ ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է և «սպառնալիք է պետության անվտանգությանը»։
«Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման պիտի արվեն՝ անկախ նրանից՝ դրանք օգուտ կտան, թե օգուտ չեն տա»,- նշեց է ՔՊ-ականը՝ հավելելով, որ ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցն իրականում վաղուց է քննարկվում և որոշում կայացնելու դեպքում համապատասխան գերատեսչությունները հայտարարություններ կանեն։
«Նույնիսկ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում է հարցը բարձրացվել, հանրությունը տեսել է։ Ամեն անգամ, երբ հեռուստատեսությանը վերաբերող հարց է քննարկվում, միշտ, պարտադիր այդ հարցը բարձրացվել է»,- նշեց է նա։
News.am
Կանադան մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում․ ո՞վ է Երևան ուղարկված կանադացի դիվանագետը
Արցախում հայության բռնի տեղահանման և էթնիկ զտման ֆոնին աշխարհում՝ մեծությամբ երկրորդ երկիրը փորձում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում։ Տարածաշրջանի երկրներից Հայաստանում առաջին դեսպանությունը բացելով Կանադայի կառավարությունը հայտարարում է, թե նպատակ ունի խորացնել հայ-կանադական հարաբերությունները, մինչդեռ Կանադայում հայկական լոբբինգով զբաղվող և Կանադայի կառավարության հետ սերտ կապեր ունեցող մեր աղբյուրների պնդմամբ, այս կերպ Կանադայի իշխանությունները փորձում են կոնկրետ ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության վրա՝ ի հակակշիռ Մոսկվայի։
NEWS.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերները արդեն իսկ ժամանել է Երևան, թեև պաշտոնապես հայտարարվում էր, որ նրա այցը նախատեսվում է հաջորդ ամիս։
Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերների դիվանագիտական կարիերայի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ նրա հայտնած դիրքորոշումների, Հայաստանում դեսպանություն բացելու հրատապության պատճառների վերաբերյալ մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են հայտնել։
Նշենք, որ Թերները 2002թ․ աշխատել է Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում՝ Արևելյան և Հարավային Աֆրիկայի հետ կապերի, այնուհետև Մերձավոր Արևելքի հետ կապերի բաժնում, եղել է մահմեդական համայնքների աշխատանքային խմբի անդամ։ 2004-2019թթ․ Էնդրյու Թերները դիվանագիտական առաքելություն է իրականացրել հակամարտության մեջ գտնվող երկրներում՝ այդ թվում Սիրիայում (2011-2012), Աֆղանստանում (2013-2015), Պակիստանում (2015-2017), Իրաքում (2017-2019): Վերջին շրջանում նա զբաղեցրել է Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի փոխտնօրենի, ապա նաև տնօրենի պաշտոնը:
Մեզ հայտնի դարձավ, որ Թերները քաջատեղյակ է հայ-ադրբեջանական հակամարտությանը և կոնկրետ դերակատարում է ունեցել 2022թ․ սեպտեմբերյան ռազմական գործողությունների վերաբերյալ Կանադայի պաշտոնական արձագանքի «ձևավորման» և խնդրի առնչությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ։
Թերները հայ-ադրբեջանական կոնֆլիկտով սկսել է «զբաղվել» 2020թ. 44 օրյա պատերազմից հետո, իսկ արդեն 2022թ․ սեպտեմբերյան պատերազմից հետո, զբաղեցնելով Եվրոպայի և Եվրասիայի բաժնի տնօրենի պաշտոնը, Կանադայի խորհրդարանում ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հակամարտության վրա Կանադայի ազդեցության հնարավոր լծակները։
Մասնավորապես՝ 2022թ․ սեպտեմբերի 28-ին Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, քննարկելով 2022թ․ սեպտեմբերյան էսկալացիան, Թերները նշել է, որ կողմերը միմյանց են մեղադրում հարձակման համար։ Հարցուպատասպանի ժամանակ նա պարզաբանել է, որ Կանադայի իշխանությունները չունեն հստակ փաստեր, թե որ կողմն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, քանի որ սահմանին միջազգային ներկայություն չի եղել։ Կանադացի պաշտոնյայի խոսքով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին, երբ Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց եռակողմ համաձայնագիր, ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո դուրս մղվեց գործընթացներից։ Թերները, դիվանագետին բնորոշ զգուշավորությամբ նշել է, որ Կանադան պետք է երկկողմ դրական հարաբերություններ պահպանի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման համար հարկավոր է սահմանազատում իրականացնել և հստակեցնել երկու երկրների սահմանները։ Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, պաշտոնյան նկատել է, որ դա թույլ կտա զարգացնել տարածաշրջանային տնտեսական կապերը։ Սակայն ըստ նրա՝ ներկայումս Թուրքիան ավելի շատ շահագրգռված է ոչ թե ապահովելու տնտեսական ինտեգրացիան, այլ ցանկանում է Ադրբեջանի համար դեպի Նախիջևան մուտք ապահովել։
«Երևանում հնարավորինս շուտ Կանադայի դեսպանատան բացումն առաջնահերթություն է և մենք գործադրում ենք բոլոր ջանքերն այս նպատակին հասնելու համար»,-իր խոսքում նշել է Թերնորը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախքան Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հոկտեմբերին, Թերները Հայաստանում փակ հանդիպումներ է սկսել հայաստանյան քաղաքական շրջանակների հետ։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Կանադան պատրաստվում է 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված հայերին:
News.am
Ալիև. Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատում անցկացնել
Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում ենք այդ մասին և դա անում ենք ողջ պատասխանատվությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եթե մենք այլ մտադրություն ունենայինք, սեպտեմբերի 20-ին գործողությունը չէր դադարեցվի։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան սա: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանի ղեկավարությանը, նրանց թիկունքում կանգնածներին, և նրանց, ովքեր մտածում են Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ անընդունելի ծրագրերի մասին, հերթական անգամ չփորձել մեր համբերությունը։
Ուստի հիմա՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո, ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղության համաձայնագրի նախագծի վրա։ Կարծում եմ, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, ավելի հեշտ կլինի լուծում գտնել և հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը։ Եվ դրանից հետո կամ սրան զուգահեռ ակտիվորեն աշխատել սահմանների սահմանազատման վրա և վերջ դնել երկարատև առճակատմանը։ Մենք խաղաղություն ենք ուզում Կովկասում, և դա հասանելի է։ Իսկ ընտրությունը պետք է Հայաստանը կատարի»,- հայտարարել է Ալիևը։