Մամուլի տեսություն, 3.10.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i206978-Մամուլի_տեսություն_3.10.2023
Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ և խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններ չեն եղել։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 03, 2023 11:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն, 3.10.2023

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ և խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններ չեն եղել։

Շարղ

ՄԱԿ. Ղարաբաղի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն չի եղել

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ կազմակերպության կողմից Ադրբեջանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան գործուղված առաքելությունը չի նկատել որևէ բռնի պահվածք հայ խաղաղ բնակիչների նկատմամբ կամ այս տարածաշրջանի ենթակառուցվածքների թիրախավորում։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի օրը Ադրբեջանի կառավարության հրավերով ՄԱԿ-ի առաքելության՝ Ղարաբաղ կատարած այցի մասին ասել է, որ այս առաքելությունը փորձել է վերահսկել տարածաշրջանում հումանիտար կարիքների հետ կապված աշխատանքները։ Առաքելությանը մասնակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն Կոմիսարիատի և ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:

 

Էթեմադ

Մենք անվտանգային խնդիրների ենք բախվում ամբողջ Ֆրանսիայում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ամբողջ Ֆրանսիայում անվտանգային բազմաթիվ խնդիրներ կան՝ իրավապահների և ոստիկանական ուժերի անբավարար քանակի պատճառով։

 

Ջամեջամ

Սիոնիստների ծուղակը Բեն Սալմանի համար

Վերջին օրերին բազմաթիվ լուրեր և զեկույցներ են հրապարակվել Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։ Վերջին գործընթացներն  ու զարգացումները ցույց են տալիս, որ Ռիադն ու Թել Ավիվը արագացնում են քայլերը՝ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարելու համար։

Սիոնիստական ​​ռեժիմն իր ամենաթույլ և վատթարագույն վիճակում է. Հետեւաբար, Թել Ավիվը շատ ավելի մեծ ոգեւորություն է ցուցաբերում հարաբերությունների կարգավորման համար։

Սիոնիստական ​​ռեժիմը վերջին մեկ տարվա ընթացքում՝ Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի իշխանության գալուց ի վեր  ներքին և արտաքին ծանր ճգնաժամ է ապրում, և Ռիադի հետ հարաբերությունները կարգավորելով՝ նա փորձում է արաբական և իսլամական այլ երկրներին ներքաշել հարաբերությունների բացահայտման գործընթացում, որպեսզի այն իր համար որպես ձեռքբերում ձևակերպի։

 

Իրան

Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունը  «Այն ալ-Ասադ»-ում ամերիկյան ռազմաբազայի վրա Իրանի հարձակման մասին

Իսլամական միասնության միջազգային կոնֆերանսի հյուրերի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ սպառնալու հետ միաժամանակ, Ամերիկան ​​մեսիջ էր ուղարկում առ այն, որ եկեք  համաձայնության գանանք Իրանի վրեժխնդրության ձևի մասին։ Միաժամանակ ԱՄՆ-ի կողմից մի շարք սուրհանդակներ առաջարկում էին չեղարկել պատժամիջոցների մի մասը՝ ԱՄՆ-ի դեմ չհարձակվելու դիմաց։ Բրիգադի գեներալ  Սոլեյմանիի նահատակության երրորդ օրը ամերիկացիները ուղերձ են հղել, որ պատրաստ են իրենք սահմանել Իրանի վրեժխնդրության ձևը։ Իրանը թիրախավորեց Իրաքում Ամերիկայի ամենառազմավարական կետը. Հարձակումից մի քանի րոպե անց Սպիտակ տան պաշտոնյաները հաղորդագրություն են ուղարկել, որ այլևս մի հարվածեք, դադարեցնել օպերացիան։

 

Ջավան

Մի լրտեսական ծառայության կապի սարքավորումները հայտնվել են Իրանի անվտանգության համակարգի ձեռքում/ ձերբակալվել է ծառայության 5 գործակալ

Իրանի անվտանգության համակարգի  կողմից բռնագրավվել են մի լրտեսական ծառայության կապի սարքավորումներն ու Starlink-ը, որոնք պետք է տրամադրվեին այս ծառայության որոշ գործակալներին՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդանում քաոսը վերարտադրելու նպատակով։

Համագործակցելով Մոնաֆեղին խմբավորման հետ, նշված լրտեսական կազմակերպությունը ծրագրել էր Զահեդանի անկարգությունների տարելիցին վերարտադրել քաոսը։ Այդ թիմերի և հարակից կազմակերպական ստորաբաժանումների  բոլոր ծրագրերի ձախողումից և նրանց հասցված հարվածից հետո, այժմ փորձում են արհեստական ​​շնչառություն տալ նախագծի ձախողված գործակալներին։

 

Hraparak.am

ՔՊ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԸ

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը։

Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր ՔՊ-ից։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Եղիշե Կիրակոսյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վավերացնելուց հետո, եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նրան կձերբակալեն, ասել էր, որ գործող նախագահներն ունեն իմունիտետ։

Հայաստանում Հռոմի ստատուտը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը։

 

Armenpress.am

Մարուքյանը քննադատել է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության կողմից Ադրբեջանի հանցագործությունների օրինականացումը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատել է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը՝ շեշտելով, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Մարուքյանը գրել է X սոցիալական հարթակում։

«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը», - գրել է նա։

Օրերս ՄԱԿ-ի առաքելությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները:

Նկատենք, որ այդ օրերին Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե հայաթափված էր, Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով ԼՂ բնակչությունը բռնի տեղահանվեց:

 

Panorama.am

75 կոնգրեսական Բայդենի վարչակազմից պահանջում է պատժել Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամներ, այդ թվում կոնգրեսան Աննա Էշուն և նախկին խոսնակ Նենսի Փելոսին,  ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա՝ պահանջելով  դադարեցնել ԱՄՆ-ի մեղսակցությունը Արցախի 120.000 բնիկ հայ քրիստոնյաների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող  էթնիկ զտումներին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ կոչ են արել վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կիրառել ԱՄՆ-ի 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ռազմական օգնություն չցուցաբերել Ալիևի ցեղասպան ռեժիմին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Բայդենին մեղադրում է Արցախում ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևի իրականացրած ցեղասպանության օգնելու համար, քանի որ   իմանալով, որ Ադրբեջանը ագրեսոր է, վերջին երեք տարիների ընթացքում Արցախում ԱՄՆ-ն օգնության ոչ մի ծրագիր չի իրականացրել, բացի այդ,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթի ժամանակ չի հիշատակել Ադրբեջանի ագրեսիայի մասին։

Օրենսդիրներն առաջարկել են երեք կոնկրետ գործողություն, որոնք Բայդենի վարչակազմը պետք է ձեռնարկի վերջ տալու այս անհարկի տառապանքներին։  Նրանք կոչ են անում արգելել ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին, ինչպես նաև կիրառել պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ իր ագրեսիան չեն հանդուրժելու:

Օրենսդիրները պահանջում են տրամադրել մարդասիրական լուրջ օգնություն՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակչությանը, ինչպես նաև այդ գործի շուրջ համախմբել  միջազգային հանրությանը։

Ավելի քան 7 տասնյակ գործիչները Բայդենի վարչակազմից պահանջում են նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգ տարհանումը Հայաստան, Լաչինի միջանցքում դիտորդներ անհապաղ տեղակայում, ինչպես նաև անմիջական ներգրավվածություն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ապահովելու համաներում Արցախի ղեկավարների համար։

 

News.am

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը եւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

 

Armenpress.am

ՄԱԿ-ի առաքելության միակ արդյունքը կարող է լինել ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը. Միրզոյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և, մասնավորապես, սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավելի հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար: Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: