Մամուլի տեսություն 07.10.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i207186-Մամուլի_տեսություն_07.10.2023
Իրանի ծովային փոխադրումների ռեկորդը գերազանցել է վերջին 2 տարվա ռեկորդը՝  28 մլն տոննա բեռնափոխադրմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2023 12:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.10.2023

Իրանի ծովային փոխադրումների ռեկորդը գերազանցել է վերջին 2 տարվա ռեկորդը՝  28 մլն տոննա բեռնափոխադրմամբ։

 

Քեյհան

Euronews-ի զեկույցը Ֆրանսիայում կանանց իրավունքների մասին. «Այստեղ կանանց բռնաբարում են փողոցներում»

Եվրոպական միության հեռուստատեսության զեկույցի համաձայն՝ Փարիզի փողոցներում և հասարակական վայրերում կանանց բռնաբարությունը «լուրջ խնդիր» է դարձել։ Սակայն հենց Ֆրանսիայի նման երկրները ճնշում են գործադրում մյուսների վրա՝ «կանանց իրավունքները չպահպանելու» պատրվակով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO, ԱՀԿ) զեկույցը ցույց է տալիս, որ բռնաբարության ամենաբարձր վիճակագրություն ունեցող երկրների թվում են եվրոպական երկրները։ Եվրոպական երկրներից Շվեդիան անմխիթար վիճակում է բռնաբարության վիճակագրության առումով. Այս առումով երկիրը չորրորդ տեղում է աֆրիկյան երեք երկրներից՝ Բոտսվանայից, Լեսոտոյից և Գրենադայից հետո։

 

 

Վաթան Էմրուզ

Իրանը ծովային տնտեսական միջանցքում

Իրանի ծովային փոխադրումների ռեկորդը գերազանցել է վերջին 2 տարվա ռեկորդը՝  28 մլն տոննա բեռի փոխադրմամբ։

Նախորդ տարիներին ծովային հիմքով տնտեսությունը եղել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի շեշտադրումներից մեկը, և նա բազմիցս ընդգծել է ծովային հիմքով և ծովային տնտեսության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության բացառիկ ներուժի առավելագույն օգտագործման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, թեև այս ոլորտում որոշակի աշխատանք է կատարվել, սակայն այն պետք է ամրապնդվի և հետևողականորեն իրականացվի գործադիր և պատասխանատու իշխանությունների կողմից: Աշխարհում թշնամաբար տրամադրված պետությունները, շատ լավ գիտակցելով Իրանի համար նման ռազմավարական դիրքն ու դեպի ազատ ջրեր հասանելիությունը, մշտապես անարդար ու դաժան պատժամիջոցների են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության ազգային նավատորմը, որպեսզի ազդեն երկրի ապրանքափոխադրման գործընթացի և ապրանքները միջազգային կամ ներքին նպատակակետեր փոխադրելու միջոցով արտարժութային եկամուտների վրա՝ թույլ չտալով այս ոլորտի զարգացումը:

Սա է պատճառը, որ վերջին տասնամյակում Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության ազգային նավատորմը երկու անգամ պատժամիջոցների է ենթարկվել OFAC-ի կողմից: Այդուհանդերձ, մեր երկրի հակապատժամիջոցային լուծման տարբերակը արդյունավետ է եղել և իրանական նավագնացության համակարգը վերջին 2 տարում կարողացել է տեղափոխել 28 մլն տոննա բեռ՝ գերազանցելով վերջին 56 տարվա ծովային բեռնափոխադրման ռեկորդը ։

 

 

Էթեմադ

Ֆիդանը Բլինկենի հետ զրույցում ասել է. Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունները Իրաքում և Սիրիայում շարունակվելու են

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրաքում և Սիրիայում վճռականորեն շարունակվելու են Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունները։

Այս հեռախոսազրույցում Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Ամերիկան ​​պետք է դադարեցնի համագործակցությունը «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) ահաբեկչական խմբավորումների հետ։

 

 

Իրան

Իրանի և Ադրբեջանի բարեկամությունը կարևոր գործոն է տարածաշրջանի համար. Էլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն շարունակում է տրանսպորտային միջանցքների ստեղծման ոլորտում իր գործողությունները՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափով։

Ալիևը հավելել է, որ կարևոր է Աղբանդ կամրջի իրագործման  մեկնարկի միջոցառման անցկացումը. Երկու երկրները միմյանց կապող ճանապարհների և երկաթուղային գծերի կառուցումը շատ կարևոր է տարածաշրջանի համար և կծառայի կայունությանն ու համագործակցությանը ողջ տարածաշրջանում։

 

Armenpress.am

Միջազգային հանրության արձագանքը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը

Աշխարհի մի շարք երկներ և միջազգային կառույցներ արձագանքել են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ-ի անունից դատապարտել Է ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դատապարտել է Իսրայելի տարածքում պաղեստինցիների սկսած գործողությունը։ Նրա խոսքով ՝ Իսրայելն «իրավունք ունի միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանվել ահաբեկչությունից»:

Հունգարիան Իսրայելի հրթիռակոծումը գնահատել է որպես «ահաբեկչական հարձակում»։

Ռուսաստանում  Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների պատասխանը կլինի և ռազմական, և քաղաքական:

Մինսկը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին դեէսկալացիայի կոչ է արել։

Եգիպտոսը հայտարարել է լարվածությունը նվազեցնելու նպատակով Իսրայելի և պաղեստինցիների հետ շփումների մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նշել է ՀԱՄԱՍ-ի հրետակոծությունից հետո Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է պաղեստինցի զինյալների հարձակումն Իսրայելի վրա։

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրի ժողովուրդն աջակցում է եղբայրական Իսրայելին:

Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նվազեցնել լարվածությունը Իսրայելի և Պաղեստինի միջև։

 


Panorama.am

Այն, ինչ կատարվի Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Առավոտվանից լուրեր են ստացվում, որ Իսրայել-Պաղեստին նոր պատերազմ է սկսվել։

Այս նորությունը կարդալով՝ շատերդ կցանկանաք չխորանալ և արագ անցնել։ Չէ՞ որ սա մեզ հետ կապ չունի։ Բայց մի՛ շտապեք։ Կապ ունի։

Մենք՝ Հայաստանը, ոչ միայն նույն տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի մի մասն ենք, ինչ որ Իսրայելն ու Պաղեստինը, այլև փոխկապակցված ենք հստակ աշխարհաքաղաքական կապերով։

Հայաստանում՝ Արցախ-Սյունիքյան ճակատում կատարվողն ու կատարվածը նույն մեծ խաղի մի մասն է, ինչ այս պահին Ուկրաինայում, Իսրայելում ու Պաղեստինում կատարվողը։ Այս առումով բավական է հիշեցնել, որ Իսրայելը Ադրբեջանին օգնում է և զինում է մեր դեմ, որովհետև դրանով փորձում է չեզոքացնել Իրանի սպառնալիքը Պաղեստինում, Սիրիայում և այլուր։

Հետևաբար՝ այն, ինչ կատարվի մեզ համար «հեռավոր և անհրապույր» թվացող Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա»։

 

Առավոտ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի շուրջ

 Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում էր ամիսներ շարունակ՝ նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում ուժի կիրառման շարունակվող վտանգի բացառման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին:

 

 

Հրապարակ

Առաջիկայում նոր տարածքներ կզիջվեն Ադրբեջանին

«Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր ստորագրված հայտարարությունում վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր նախորդ հայտարարությունը՝ 86,6 հազար քառ․ կմ տարածքով։ Սա նշանակում է, որ առաջիկայում նոր տարածքներ կզիջվեն Ադրբեջանին:

Խոսքը, այսպես կոչված, անկլավների մասին է, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին: Հիշեցնեք, որ դեռ մայիսին Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը և, այսպես կոչված, անկլավները:

Սակայն Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Գրանադայի հանդիպումից հետո որոշեց պապից ավելի կաթոլիկ երևալ՝ ֆեյսբուքյան էջով հայտարարելով, թե սուտ է անկլավները հանձնելու մասին տեղեկությունը, և իբր Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: «Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ նման հայտարարություն էր արել՝ հաստատելով, որ 86,6-ի մեջ նաև անկլավներն են մտնում»։

 

Հրապարակ

Արցախի նախագահները խանգարո՞ւմ էին Նիկոլ Փաաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքուն 4 ամսով կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեք բարձրաստիճան անձանց ապօրինաբար առևանգել էին Արցախից և տեղափոխել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

Իշխանական և մերձիշխանական շրջանակներում շշուկով իրար են փոխանցում, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ձերբակալությունն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, որ նրանք չգան Հայաստան և իր դեմ պայքարը չառաջնորդեն:

Մոտավորապես՝ այն մոտիվացիայով, որ ինձ մի 6 ամիս ժամանակ է պետք՝ ձեր պահանջները կատարելու համար, իսկ արցախցի նախագահները կարող են խանգարել դրան»։

 

 

Իրավունք

Ռուսաստանը չեղարկում է Հայաստանում մի շարք կարեւոր ծրագրեր

«Հայաստանի ժամանակավոր վարչակազմի, այսինքն` ըստ Լավրովի բնորոշման` Նիկոլի ու ՔՊ-ականների հակառուսական գործողությունները արդեն սկսել են տալ իրենց պտուղները նաեւ հումանիտար համագործակցության ոլորտում:

Այսպես, ռուսական կողմը հրաժարվել է Հայաստանում անցկացնել մի շարք նախապես ծրագրավորված կարեւորագույն միջոցառումներ` կրթության, գիտության, բնապահպանության, մշակույթի եւ այլ հումանիտար համագործակցության բնագավառներում: Ընդ որում, այդ միջոցառումները ֆինանսավորվում էին բացառապես ռուսական կողմի միջոցներով եւ կարող էին ունենալ Հայաստանի համար շատ դրական արդյունքներ:

Ինչպես մեզ ասաց չեղարկված ծրագրերից մեկի ղեկավարը. «Նախ դուք պետք է կողմնորոշվեք` ում հետ եք եւ ինչ եք ուզում: Միայն դրանից հետո կարելի է մտածել վերականգնել կամ չվերականգնել այն ծրագրերը, որոնք մեր հաշվին Հայաստանին պետք է մեծ օգուտ տային: Ձեր ղեկավարությունը որոշեց, որ այդ օգուտը ձեր երկրին պետք չէ: Դե, դա ձեր ընտրությունն է»:

 

 

Առավոտ

ՌԴ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը նույն սանրի կտավներն են

 Արցախի Հանրապետության վրա վերջին հարձակումից առաջ ՌԴ, ԵՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում խորհրդակցում էին հենց այդ թեմայի շուրջ: Երեք կողմերն էլ դա պաշտոնապես հաստատել են: Քանի որ նման խորհրդակցությունների մասնակիցները, որպես կանոն, միամիտ մարդիկ չեն, ակնհայտ է, որ նրանք շատ լավ գիտեին, որ այդ հարձակման արդյունքը էթնիկ զտումն է լինելու եւ փաստացի արտոնեցին այդ ցեղասպան գործողությունները: Երեքի մեջ, այսպես ասած, «կոնսենսուս» ձեւավորվեց: Ափսոս, այն ժամանակ Քրիստիննե Գրիգորյանը Արտաքին հետախուզության ծառայության պետը չէր, թե չէ մեր հետախույզներն իսկույն կզեկուցեին վարչապետին այդ հանդիպման արդյունքների մասին: Իսկ եթե լուրջ, ապա Փաշինյանը շատ լավ էլ տեղյակ էր այդ հանդիպման եւ հարձակման մասին հենց հանդիպման մասնակիցներից եւ ոչինչ չձեռնարկեց դրա դեմ: Որովհետեւ գիտեր՝ Արցախի վերջնական կորուստը նրա իշխանությանը չի սպառնում՝ նախկինների, Ղարաբաղի իշխանությունների, Դաշնակցության, ռուսների մասին «ֆռիկները» միանգամայն բավարար են հասարակական ցասումն իրենից շեղելու համար: Բայց հայաստանյան զարմանահրաշ հասարակական կարծիքի մասին շատ ենք գրել: Անդրադառնանք ռուսներին, եվրոպացիներին եւ ամերիկացիներին: Ռուսաստանի հարցում նույնպես ամեն ինչ պարզ է, եւ Պուտինի ծայրահեղ ցինիկ հայտարարությունները Վալդայան ֆորումի ժամանակ դրա վառ ապացույցն են: Բայց առավել ուշագրավ են, մասնավորապես, ԵՄ-ին «հրեշտակի թեւեր» կպցնելու փորձերը: Եթե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը կատարվել է Շառլ Միշելի հովանավորությամբ, ապա նա ամբողջական պատասխանատվություն է կրում այդ քայլի հետեւանքների համար: Հիմա ոչ մի «դատապարտումներ», Ադրբեջանի հասցեին ոչ մի «խիստ զգուշացումներ», Հայաստանին փող տալու խոստումներ իրավիճակը չեն շտկի, իրադարձությունների անիվը հետ չեն պտտացնի: