Մամուլի տեսություն 11.10.2023
Մինչ Իսրայելը պատրաստվում է Գազայի վրա ցամաքային հարձակում գործել , փորձագետները զգուշացրել են, որ այս հարձակման դեպքում Իսրայելին կսպասեն ահռելի կորուստներ՝ քաղաքային պատերազմի բարդության պատճառով:
Քեյհան
Աղետ Իսրայելի համար Գազայի վրա ցամաքային հարձակման դեպքում
Սիոնիստները մեծ խոչընդոտների են առաջ են կանգնած Գազայի հատված ցամաքային ճանապարհով մուտք գործելու և օկուպացնելու համար, այնպես, որ եբրայերեն «Հաարեց» թերթը իր հոդվածում գրել է, որ Գազայի վրա ցամաքային հարձակումը, հավանաբար, «Իսրայելին կկանգնեցնի գոյաբանական սպառնալիքի առջև»:
Այս հարձակման դեպքում Իսրայելին սպասվում է ահռելի կորուստներ՝ քաղաքային պատերազմի բարդության պատճառով։ Գազայի հատվածը շատ խիտ տարածք է իր բազմահարկ շենքերով ու բնակարաններով։ Գազայի հատվածի ամենակարևոր մասը Գազա քաղաքն է, որն ունի մոտ 600 հազար բնակչություն, իսկ բնակչության խտությամբ այն աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքն է։ Երկու քաղաքները՝ Ռաֆահը և Խան Յունիսը այս շրջանի մյուս կարևոր քաղաքներից են, և այս քաղաքները իրենց խտությամբ հաջորդ տեղերում են։ Իրար խաչվող նեղ փողոցներն ու նրբանցքները անիրագործելի են դարձնում իսրայելական բանակի ռազմական տեխնիկայի և տանկերի ցամաքային առաջխաղացումը։ Մյուս կողմից, խիտ բնակեցված շենքերում և տարածքներում դիմադրության՝ դարանակալած դիպուկահարների պատճառով սիոնիստների կորուստների թիվը շատ մեծ է լինելու, եթե նրանք ցամաքային ճանապարհով մտնեն Գազա: Հետեւաբար, իսրայելական բանակը Գազա մուտք գործելու դեպքում պետք է պատրաստ լինի մեծ թվով կորուստների՝ Գազայի քաղաքային պատերազմի բարդության հետեւանքով։
Էթելլաթ
Միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը Գազայում ցեղասպանությունը կանխելու համար
Փաստն այն է, որ քանի որ Իսրայելի վարչապետը շարունակում է օգուտ քաղել ստեղծված պայմաններից՝ Իսրայելում ներքին հակամարտությունների հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար, արևմտյան երկրներն, անթաքույց թե ծպտյալ, այնքան էլ դժգոհ չեն լինի կեղեքված պաղեստինցիների նկատմամբ ճնշումներից։
Ամբողջ աշխարհի, այդ թվում նաև Իրանում ազատատենչ ուժերի պարտքն է կանգնեցնել այդ հանցավոր ռեժիմին շարունակելու այս ոճրագործությունը՝ բարձրացնելով ոչ բռնի բողոքի մեծ ալիք։ Երթեր կազմակերպումը, տարբեր երկրներում ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց նստացույց անելը և տարբեր երկրների ղեկավարներին գրություններ ուղարկելը քայլեր են, որոնք կարող են կանխել հետագա ողբերգությունները Պաղեստինում և Գազայում։
Իրան
Ադրբեջանի նախագահը հայտնել է Նախիջեւանի երկաթուղային գիծը Իրանի տարածքով անցնելու մասին
Իլհամ Ալիևն ասել է. «Ադրբեջանն աշխատում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի թողունակության զարգացման վրա»։
Նա հավելել է. «Այս նախագիծը կառուցվելու է Իրանի տարածքի միջոցով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցային երթուղու ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի հիման վրա»։
Էթեմադ
Ռուսաստանը չկարողացավ հետ վերցնել Մարդու իրավունքների խորհրդում իր աթոռը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրության քվեարկության ժամանակ Ռուսաստանը չկարողացավ ստանալ անհրաժեշտ ձայները։
Ռուսաստանը հեռացվել էր այս խորհրդի կազմից ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
Armenpress.am
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրման շուրջ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին:
Tert.am
ԱՄՆ-ի միակ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության և ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովումն է. Պետդեպ
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի միակ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում տևական խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ «Վաշինգտոնը միջամտում է Հարավային Կովկասի գործերին՝ առաջնորդվելով իր աշխարհաքաղաքական հավակնություններով»:
News.am
Հայաստանը պետք է ընտրություն կատարի. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրում է «չհիմնավորված տարածքային հավակնությունների» մեջ։
«Ներկայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ հարեւանների հանդեպ անօրինական ու չհիմնավորված տարածքային հավակնությունների միջեւ։ Իհարկե, այս հարցում նշանակություն ունի նաեւ միջազգային հանրության դերը»,- գրել է Բայրամովը «Ադրբեջան» պաշտոնաթերթի իր հոդվածում։ Նրա խոսքով՝ «չափազանց կարեւոր է չաջակցել Հայաստանի ռեւանշիստական փորձերին իրենց ցանկացած դրսեւորմամբ, եւ անհրաժեշտ է «Երեւանին խաղաղության կոչ անել, քանի որ տարածաշրջանի բարեկեցության համար այլընտրանք չկա»։
News.am
Ալիեւը պնդում է, որ Արցախում «թաքնվում են որոշակի խմբեր»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետեւանքով ավելի քան 100 000 հայեր ստիպված լքեցին իրենց հայրենիքը, այնտեղ «թաքնվում են որոշակի խմբեր»։
«Սեպտեմբերի 20-ից հետո եղել են զինված սադրանքներ Ղարաբաղում։ Տարածքը բավական մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի մեզ ժամանակ է պետք, որպեսզի լիովին մաքրենք տարածքն ավազակախմբերից։ Ահա, ըստ էության, հարցի պատմությունն այսպիսին է»,- ասել է նա։
Panorama.am
Հայ համայնքում շրջանառվում է տարհանման հետ կապված ոչ հավաստի տեղեկատվություն. Իսրայելում ՀՀ դեսպանություն
Իսրայելում ՀՀ դեսպանությունից հայտնում են.
«Հայ համայնքում շրջանառվում է ոչ հավաստի տեղեկատվություն, այդ թվում՝ տարհանման հետ կապված։ Խնդրվում է չտարածել այն և հուզող հարցերի պատասխանները ստանալ միայն թեժ գծից կամ սույն գրության տակ գրառումներ կատարելու միջոցով։ Հնարավոր բոլոր քայլերի մասին դեսպանությունը կտեղեկացնի լրացուցիչ։ Խնդրվում է խստորեն պահպանել թիկունքի հրամանատարության բոլոր հրահանգները»։
Panorama.am
Պեսկովը հայտնել է, թե ում հետ է Մոսկվան որոշելու Ղարաբաղում խաղաղապահների ճակատագիրը
Ղարաբաղի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա ներկայության հարցը կքննարկեն Մոսկվան և Բաքուն: Նման հայտարարություն է արել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա հայտարարությունը։
Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, որ եթե ռուս խաղաղապահները լքեն Լեռնային Ղարաբաղը, նրանք պետք է վերադառնան Ռուսաստան և ոչ թե վերաբաշխվեն Հայաստան։
Հարցին, թե այդ հարցը քննարկվե՞լ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ, և ինչպե՞ս են ընկալվում այդ պայմանները Կրեմլում, Պեսկովն ասել է. «Ոչ, այս հարցը չի քննարկվել։ Հիմա դե ֆակտո և դե յուրե մեր խաղաղապահները փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում, այն ընդունում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց մնալու հետագա ռեժիմին և դրա հետ կապված բոլոր եղանակներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ։ Եվ, իհարկե, մենք կշարունակենք մեր շփումները մեր հայ ընկերների հետ»։