Մամուլի տեսություն 4․11․2023
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի կարևոր ելույթը Գազայում պատերազմի և Սիոնիստական ռեժիմին նրա վերջնագրի մասին լայն անդրադարձ է ունեցել Իրանի և աշխարհի այսօրվա մամուլում:
Քեյհան
Թշնամին խեղդվում է Գազայի ճահիճում, մենք համապատասխան զենք ենք պատրաստել ամերիկյան նավերի համար. Սեյեդ Հասան Նասրալլահ
Երեկ տեղի ունեցավ Սեյեդ Հասան Նասրալլահի ամենաշատ դիտված ելույթներից մեկը։ Երբ թշնամիներն ավելի շատ են սպասում նրա ներկայությանը, քան ընկերները, նրա բացակայությունը խուճապ ու տարակուսանք է առաջացնում նրա թշնամիների մոտ։ Սիոնիստները, հատկապես Լիբանանի սահմանին մոտ գտնվող ավանների բնակիչները, ավելի շատ վստահում են նրա խոսքերին, քան իրենց ռեժիմի ղեկավարներին, որովհետև գիտեն, որ երբ խոստացել է, խոստումը կատարել է, և նրա մատի մի փոքրիկ շարժումով մի մեծ իրադարձություն է լինելու։ Պարզ է, որ երկար լռությունից հետո, այն էլ պատերազմի թեժ պահին, ինչ արձագանք կունենա նրա ելույթը: Լիբանանի դիմադրության առաջնորդի ելույթից առաջ Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարել էին, որ այս ռեժիմի բանակը բերվել է լիակատար պատրաստության աստիճանի՝ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի ելույթից առաջ։
Վաթան Էմրուզ
Ալժիրը պատրաստվում է պատերազմել սիոնիստների դեմ
Արաբական երկրորդ երկիրը նույնպես միանում է Պաղեստինին աջակցելու արշավին։
Վերջին կես դարում աննախադեպ զարգացումով 2 արաբական երկրներ հայտարարեցին Ղուդսի օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարելու իրենց պատրաստակամության մասին։ Այն բանից հետո, երբ Եմենի բանակի խոսնակը անցած շաբաթ պաշտոնապես հաստատեց մահապարտ ԱԹՍ-ների ու հրթիռների առաջին խմբաքանակի ուղարկումը դեպի օկուպացված տարածքներ՝ Գազայի անմեղ մարդկանց արյան համար վրեժխնդիր լինելու նպատակով, այս անգամ հերթը հասավ ալժիրցիներին՝ իրենց կառավարությանը տալու անհրաժեշտ լիազորությունը Սիոնիստական ռեժիմի դեմ պատերազմ սկսելու համար։ Վերջին անգամ, երբ 2 արաբական կառավարություններ պատերազմ հայտարարեցին Իսրայելին, կապված էր 1973 թվականի Ռամադան ամսում Սինայի անապատում և Գոլանի բարձունքներում Եգիպտոսի և Սիրիայի Արաբական Հանրապետությունների զուգահեռ գործողությունների հետ, որը հայտնի է որպես «Յոմ Քիփուր»:
Ջավան
Ո՞ւր են ֆեմինիստները, մի՞թե պաղեստինցի կանայք ապրելու իրավունք չունեն
Մարիամ Ալ-Դոսարին Սաուդյան Արաբիայի բիզնեսի դպրոցի միջազգային մարդկային ռեսուրսների կառավարման դասախոս է: Վերջերս արաբալեզու երկրների մեդիա դաշտում լայնորեն արտացոլված մի լրագրողական հոդվածում նա անուղղակիորեն վիճարկեց այնպիսի գաղափարների կախվածությունը, ինչպիսին է ֆեմինիզմը, որը տարիներ շարունակ անկախ լինելու ժեստով ներկայացվում էր որպես աշխարհի կանանց պաշտպան։
Էթելաաթ
Euronews-ի վիճահարույց հաղորդումը Եվրոպայում Անգլիայի և Ֆրանսիայի վարկաբեկման մասին
Եվրոպայում ժողովրդավարության վարկանիշի առաջին երեք երկրներն են Դանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան։
2023թ․ Ժողովրդավարության համաշխարհային վիճակի մասին զեկույցի Համաձայն, եվրոպական մայրցամաքի շատ երկրներում ժողովրդավարության վիճակը վատթարացել է։
IDEA միջազգային ինստիտուտի պատրաստած այս զեկույցում ժողովրդավարության սկզբունքները անկում են ապրում ամբողջ աշխարհում, և աշխարհի երկրների կեսում տեղի է ունեցել ժողովրդավարական անկում, օրենքի գերակայության վատթարացում և խոսքի ազատության նվազում։ Ըստ այս զեկույցի՝ չնայած Եվրոպան դեռ առաջատարն է աշխարհում, սակայն ժողովրդավարության վիճակը վատթարացել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ավստրիան և Նիդեռլանդները։
Դոնյայե Էղթեսադ
Երկաթուղային և օդային երթուղիների բացում Իրանի արևմուտքում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Քուրդիստանի նահանգ կատարած այցի ընթացքում 151 կմ երկարությամբ Համադան-Սանանդաջ երկաթուղու գործարկմամբ այս նահանգը որպես 24-րդ նահանգ միացավ երկրի երկաթուղային ցանցին։ Նաև նախագահական ինքնաթիռի վայրէջքով պաշտոնապես և ամբողջությամբ բացվեց և շահագործման հանձնվեց Սաղեզի նահատակների անվան օդանավակայանը՝ որպես Քուրդիստան նահանգի ամենամեծ շինարարական նախագիծ։
News.am
Փաշինյանը Ղարաբաղի մասին հայտարարությունները կարող էր անել Արեւմուտքի ազդեցության տակ. Պատրուշեւ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1991թ. սահմաններում Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին հայտարարություններն արել է, ըստ երեւույթին, Արեւմուտքի ազդեցության տակ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա արել է հայտարարություններ, որ մենք (Երեւանը- խմբ.) կճանաչենք տարածքները 1991թ. քարտեզով... Նա ուղիղ նշել է տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանությունները եւ հայտարարությունները նա արել է Արեւմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ բանակցություններ է վարել»,- ասել է Պատրուշեւը։
Armenpress.am
ԵՄ դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելեց Արարատի մարզի Երասխ համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։
Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցեցին դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ գործարանն այլ վայրում է կառուցվելու։
Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարարին ցույց տվեց գործարանի վարչական շենքի պատերին մնացած կրակոցների հետքերը, ծանոթացրեց դրա հետ կապված պատմությունը՝ նշելով, որ գործարանն արդեն այլ վայրում է կառուցվելու։
Կուբերսկին Անալենա Բերբոքին տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում դիտորդական 6 օպերատիվ բազաներից։ Նա նշեց, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են իրականացնում, էքսցեսներ հիմնականում չեն լինում, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։
Գերմանիայի ԱԳ նախարարը հետաքրքրվեց նաև, թե որքան է հեռավորությունը ադրբեջանական դիտակետերից մինչև Երասխ։ Հետաքրքրվեց նաև, թե ինչ հաճախականությամբ են դիտորդները դիտարկում իրականացնում Երասխի հատվածում։
Ամփոփ տեղեկատվություն ստանալուց հետո Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվեց Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։
Armenpress.am
Հայաստանը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ. վարչապետ Փաշինյանը՝ ԱԳ նախարար Բերբոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում, շատ ուրախ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, որ մենք շատ ենք կարևորում մեր երկկողմ հարաբերությունները Գերմանիայի հետ, ինչը կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև առավել լայն տեսանկյունից։ Շատ ուրախ եմ, որ տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, նաև մեր հարաբերություններում առկա է նոր դինամիկա։ Կարծում եմ՝ Ձեր այցը դրա լավագույն արտահայտությունն է, և վստահ եմ՝ մենք այսօր կունենանք իրական հնարավորություն քննարկելու մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր»։
Ըստ աղբյուրի՝ իր հերթին Անալենա Բերբոքն ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն մեզ ընդունելու համար։ Սա մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ՝ արդեն կարևոր հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախարարությունում, այսօր այցելել եմ նաև Ձեր խաղաղապահ առաքելություն, լսել եմ հայկական և գերմանական զինված ուժերի միջև համագործակցության մասին, ինչը մեր սերտ համագործակցության կարևոր ցուցիչ է։ Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ հնարավորություն ունենք այսքան խորքային մտքերի փոխանակություն ունենալ Ձեր կառավարության հետ այս դժվարին ժամանակներում, երբ այդքան կարևոր է համատեղ աշխատել եվրոպական աշխարհամասի համար»։
Panorama.am
Արևմուտքին Հայաստանը պետք է ու հետաքրքիր է բացառապես որպես հակառուսականության կենտրոն. Քաղաքագետ
«Վերջը պարզվե՞ց, աշխարհում կա՞ պետություն, որ պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառել, երբ հայ ժողովրդի նկատմամբ անգամ ամենածանր հանցանքները գործեցին»,-նման հարցադրում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նա ընդգծել է՝ չկա ու չի լինելու, ու ասել եմ` չի անցնի մի քանի տարի, ու նույն էնտուզիազմով դավաճան եք անվանելու նաև Արևմուտքին, հայհոյելու են հատկապես նրանք, ովքեր այսօր հայհոյում են Ռուսաստանին։
Արևմուտքին Հայաստանը հետաքրքիր չէ որպես հակաթուրքական պետություն, Արևմուտքին Հայաստանը պետք է ու հետաքրքիր է բացառապես որպես հակառուսականության կենտրոն։
Իսկ մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե Արևմուտքը ինչ որ պահից փոխի Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքը և վերադառնա 1990-2000 թվականների կոնցեպտին` Ռուսաստանի «դեմոկրատիզացիա» (մոտավորապես ինչպես Սաուդյան Արաբիայում) տևական և փափուկ աշխատանքի միջոցով։
Ազնիվ եղեք և ասեք, այդ դեպքում ինչ է սպասվում Հայաստանին, երբ ձեր կոնցեպտը Հայաստանի անվտանգության ապահովման մասով կախված է արտաքին կողմնորոշման հետ։
News.am
Ալիևի սուտը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել է մոլորության մեջ գցել Աստանայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցներին՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ կեղծ հավաստիացումներով։
«Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել։ Ադրբեջանը գործել է միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխան։ Այս փաստերը հաստատել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր երկու անգամ այցելել են տարածաշրջան»,- ասել է Ալիևը։
Իրականում, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մոտ 12 խաղաղ բնակիչ և 30 զինվորական անհետ կորած է համարվում։ Առնվազն 14 անձի նկատմամբ խոշտանգումների դեպքեր են հաստատվել, որոնցից 12-ը զինծառայողներ են, 2-ը՝ քաղաքացիական անձինք։ Մարտերի արդյունքում 3 երեխա է զոհվել։ 231 զինվորական և 80 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների՝ ծրագրված և կանխամտածված քաղաքականության արդյունքում գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանվեց՝ առանց գույքը հեռացնելու համապատասխան ժամանակի և հնարավորության։ Միևնույն ժամանակ, բռնի տեղահանման ժամանակ և դրանից անմիջապես հետո արձանագրվել է 64 խաղաղ բնակիչների մահ, ինչն ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ է շրջափակման, էթնիկ զտումների և բռնագաղթի ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղերի և բժշկական օգնություն սակավության և այլի հետ:
ՄԱԿ-ի առաքելությունը, որին անդրադարձել է Ալիևը, արդեն բազմաթիվ հարցեր է առաջացրել միջազգային փորձագետների շրջանում։ Առաքելությունը ղեկավարում էր Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, իսկ ինքն՝ առաքելությունը, եղել է Ստեփանակերտի՝ նրա ընտրած մի քանի փողոցներում։