Մամուլի տեսություն, 11․11․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208992-Մամուլի_տեսություն_11_11_2023
Ամերիկյան Washington Post թերթը իր հոդվածում գրել է, որ Սլովակիայի կողմից «Կիևին» օգնելուց հրաժարվելը ուկրաինական պատերազմում ՆԱՏՕ-ի կազմում հարաճուն հոգնածության առաջին շոշափելի նշաններից է։
(last modified 2025-09-27T13:50:11+00:00 )
Նոյեմբեր 11, 2023 16:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն, 11․11․2023

Ամերիկյան Washington Post թերթը իր հոդվածում գրել է, որ Սլովակիայի կողմից «Կիևին» օգնելուց հրաժարվելը ուկրաինական պատերազմում ՆԱՏՕ-ի կազմում հարաճուն հոգնածության առաջին շոշափելի նշաններից է։

Էթելաաթ

Ո՞վ է Գազայի ճգնաժամի հաղթողը

 

Գազայի ճգնաժամի պայմաններում իրականությունը, շատ երկրներում, հատկապես Եվրոպայում և Ամերիկայում հասարակական կարծիքի տեսակետից, կայանում է հետևյալ արտահայտության մեջ․ «մարդու հիմնական իրավունքների ոչնչացում և կառավարությունների քաղաքական փակուղի»։

Իրականությունը Գազայում իսրայելական բանակի կողմից մի քանի օր ու գիշեր շարունակվող ռմբակոծություններն են, մարդու իրավունքների ոչնչացումը և քաղաքական փակուղու առաջացումը, որոնք հաստատել են այն դրույթը, որ «սիոնիզմը հոմանիշ է ռասիզմի հետ Նեթանյահուի ղեկավարությամբ»։ Ժողովրդական բողոքի ցույցերն աշխարհի շատ երկրներում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայում, այնքան են տարածվել, որ Բայդենի արտգործնախարարը շտապ մեկնել է հանդիպելու Նեթանյահուի և մի շարք արաբական երկրների (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա և Հորդանան) ղեկավարների հետ՝ կոչ անելով անհապաղ «ժամանակավոր զինադադար» հաստատել, քանի որ իրական դաշտում ԱՄՆ պետքարտուղարի և Սպիտակ տան գնահատականն այն է, որ Գազայում շարունակվող ռմբակոծությունների և պատերազմի առաջին հետևանքը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մթնոլորտում խառնաշփոթի առաջացումն է և դեմոկրատների (Բայդենի) պարտության նշանների բացահայտումը։ Սակայն Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման մերժել է ժամանակավոր հրադադարի մասին Սպիտակ տան առաջարկը։

 

 

Վաթան Էմրուզ

Հոլիվուդի անավարտ ճգնաժամը

 

Խոշոր ստուդիաների, պրոդյուսերների և նրանց բարձրաստիճան ղեկավարների դեմ դերասանների արհմիության «աննախադեպ» գործադուլը վերջապես ավարտվեց մի քանի ամիս անց՝ գործադուլավորների պահանջների մասնակի բավարարմամբ, բայց, այնուամենայնիվ, այս միջադեպը լուրջ խնդիր և ճգնաժամ է կինոարդյունաբերության սիրտն հանդիսացող՝ Հոլիվուդում:

Բայց ինչո՞ւ ենք օգտագործում «աննախադեպ» բառը։ Նախ, այս գործադուլը թե՛ մասնակիցների թվով, և թե՛ տեւողությամբ՝ շուրջ 160 հազար մարդու գործադուլը մոտ 4 ամիս տևողությամբ, աննախադեպ է Հոլիվուդի պատմության մեջ և բացառիկ այս 10-15 տարիների ընթացքում։ Թեև նմանատիպ գործադուլներ և բողոքի ցույցեր տեղի ունեցել են 1960, 1980 և 2008 թվականներին, սակայն դրանցից ոչ մեկը չի ունեցել այն ազդեցությունը, ինչն ունի այսօր:

 

 

Քեյհան

ՆԱՏՕ-ն հոգնել է ուկրաինական պատերազմից. Սլովակիան նույնպես մի կողմ քաշվեց

Ամերիկյան Washington Post թերթը իր հոդվածում գրել է, որ Սլովակիայի կողմից «Կիևին» օգնելուց հրաժարվելը ուկրաինական պատերազմում ՆԱՏՕ-ի կազմում հարաճուն հոգնածության առաջին շոշափելի նշաններից է։

Ուկրաինայի ձախողումը վերջին հակահարձակման գործում և պատերազմում Կիևի հաղթանակից հիասթափությունը, Գազայի պատերազմի մեկնարկը և Սիոնիստական ​​ռեժիմին օգնելու անհրաժեշտությունը, զենքի պահեստների դատարկվելը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ֆինանսական խնդիրները պատճառ են դարձրել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հոգնեն ուկրաինական պատերազմից. Ամերիկյան Washington Post թերթը իր հոդվածում, անդրադառնալով Սլովակիայի նոր կաբինետի որոշմանը` կանխելու ավելի քան 40 մլն եվրո արժողությամբ զինամթերքի ուղղարկումը Ուկրաինա, այս խնդիրը համարել է ՆԱՏՕ-ում Կիևի աջակիցների հարաճուն հոգնածության շոշափելի նշաններից մեկը։

 

Ֆարհիխթեգան

Ամբողջական պատժամիջոցների պայմաններում Իրանի նավթի արդյունահանումը հասել է օրական ավելի քան 3,4 միլիոն բարելի

 

Էներգետիկայի փորձագետների կարծիքով, առևտրից բացի, Իրանը նաև առանցքային միջոցներ է ձեռնարկել նավթի և գազի արդյունահանման և արտադրման ոլորտում զարգացնելու գազի և նավթի ընդհանուր հանքավայրերը՝ ապավինելով ներքին կարողություններին, ինչը հանգեցրել է նավթի ու գազի առավելագույն արդյունահանմանը։

Այս ոլորտում Իրանի վերջին նախաձեռնությունը եղել է Հարավային Փարս հանքավայրի 11-րդ տեղամասում Իրանի և Կատարի միջև սահմանային բարդագույն համատեղ շերտից գազի արդյունահանման տեխնոլոգիայի ձեռքբերումը:

 

 

Armenpress.am

ՀՀ և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական, գիտակրթական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարներին:

Վերոնշյալ ուղղություններով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման համատեքստում Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրներում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մտադրությունները: Անդրադարձ է կատարվել նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցության հարցերի:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ նախարար Միրզոյանն իր կորեացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը և 100 հազարից ավել բռնի տեղահանված հայության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ իրականցվող միջոցառումները: Այս համատեքստում կարևորել է նաև միջազգային գորրծընկերների և կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

 

News.am

Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, բայց ՀՀ–ն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան». Փաշինյանի պատասխանը Ադրբեջանի դեսպանին

«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որտեղ նա խոսել էր Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հարց է ուղղել նրան,  որն ավելի շուտ հուզառատ ելույթ էր հիշեցնում։

Նա հայտարարել է, որ 2020 թվականին ու դրանից հետո Ադրբեջանի գործողությունների միակ նպատակը եղել է իր տարածքային ամբողջականությունը վերականգնելը, հիշեցրել, որ միջազգային հանրությունը եւս ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ Բաքուն ինքն է նախաձեռնել խաղաղության գործընթաց, իսկ Ֆրանսիայից մեղադրել է այդ գործընթացը խոչընդոտելու մեջ՝ հիշեցնելով հոկտեմբերի 5-ին Գրանդայում կայացած գագաթնաժողովին նախորդած գործընթացների մասին, մասնավորապես, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը Երեւանում խոսել էր Հայաստանին սպառազինությամբ օգնելու մասին։

Փաշինյանն ասել է, որ մի կողմից Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Հատկապես մտահոգիչ է, որ այդ նարատիվը կառավարությունը պաշտոնապես քաջալերում է։

«Բայց կա մի պարզ հարց. արդյո՞ք Ադրբեջանը վերահաստատում է այն երեք սկզբունքները, որոնք համաձայնեցվել են Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։ Եթե՝ այո, ապա մենք կարող ենք առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի մասին հարցին, յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի ունենալու բանակ եւ զինվելու՝ իրեն պաշտպանելու նպատակով։ Ադրբեջանը նույնպես հսկայական ծավալի սպառազինություն է գնում, իսկ  զենքի գնման նրանց բյուջեն եռակի գերազանցում է Հայաստանի ռազմական ծախսերը։ Իմ հիմնական ուղերձն է՝ եթե Ադրբեջանը վերահաստատի համաձայնեցված երեք սկզբունքները, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկա ամիսներին ավելի քան իրատեսական է»,– ասել է նա։

 

Panorama.am

Caucasus Heritage Watch. օկուպացված Հադրութի հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի կողմից՝ խախտելով Հաագայի դատարանի որոշումը

Caucasus Heritage Watch (CHW) միջազգային կազմակերպությունն ահազանգում է՝ հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի կողմից՝ խախտելով Միջազգային դատարանի որոշումը։

2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը, տարածք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի իրավասության տակ։ Այսպիսով, Ադրբեջանը հիմնովին ավերել է Մոխրենես գյուղի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։

«Բայց Սուրբ Սարգիս եկեղեցու քանդումը, ըստ ամենայնի, վերջին քայլը չէր ադրբեջանական միջամտության առումով։ Դիտարկման ընթացքում մենք փաստագրել ենք հետագա շինարարական աշխատանքների ապացույցներ»,- նշված է հրապարակման մեջ։

CHW-ն Ադրբեջանին կոչ է անում տեղեկացնել հանրությանը Մոխրենեսում տեղի ունեցածի մասին. «Պետությունը պետք է կատարի 2021 թվականի դեկտեմբերի որոշումը՝ հետաքննել Սուրբ Սարգիս եկեղեցու ավերածությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հաշվի առնելով եկեղեցու ավերման իրավական հետևանքները՝ Ադրբեջանը պետք է ներկայացնի եկեղեցու հետ կապված իր ծրագրերը, հանրությանը տրամադրի տեղեկատվություն նոր շինարարության մասին և թույլ տա լրագրողներին և փորձագետներին մուտք գործել գյուղ՝ գնահատելու աշխատանքները»։

«Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և կանխել Մոհրենեսում հայկական դարավոր մշակութային և կրոնական կյանքը ջնջելու ցանկացած փորձ»,- ընդգծում է կազմակերպությունը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշում էր կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

 

Armenpress.am

ՀՀ վարչապետը փարիզյան համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի, որն այնպիսի իրավիճակ է, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։ Առանց տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման նման իրավիճակ ապահովելը շատ դժվար կլինի, և դա հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով, էլեկտրահաղորդման գծերով կապելու կամ գոյություն ունեցող կապերն ամրապնդելու ծրագիր է։ 

«Ինչպես գիտեք, մենք ներկայումս չունենք գործող ճանապարհներ, գործող երկաթուղիներ, մալուխներ, խողովակաշարեր կամ էլեկտրահաղորդման գծեր ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ, և առաջարկում ենք դրականորեն փոխել իրավիճակը։«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն օգուտ կբերի նաև Վրաստանին և Իրանին, այդ թվում՝ երկկողմանի, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով։ Մանրամասները ներկայացված են մեր «Խաղաղության խաչմերուկ» գրքույկում, որը բաժանվել է ձեզ, և հուսով եմ, որ մենք կկարողանանք իրականացնել նախագիծը՝ որպես մեր տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության երաշխիք»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար։ 

«Եվ ես աջակցության հույս ունեմ ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլ ընդհանրապես միջազգային հանրության կողմից։ Միանշանակ, մենք շատ կարևոր, կարող ենք ասել պատմական խաչմերուկի առաջ ենք կանգնած։ Եկեք դարձնենք այն խաղաղության խաչմերուկ»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։

 

Armenpress.am

ԵՄ-ի քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է. ԵՄ պաշտոնյա

Եվրոպական Միության քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է։ Բրյուսելում նոյեմբերի 13-14-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ Եվրոպական խորհրդում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ այս մասին ասաց ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ պատասխանելով Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե որքանով է ԵՄ-ն լուրջ վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային նկրտումներին Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ եւ ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում։ 

«Ըստ մեր տեղեկությունների բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագիրն է դրված, որի շուրջ պետք է համագործակցել։ Բարձր եմ գնահատում փաստը, որ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. եւ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում սրա հետ։ Կան շատ վտանգված հարցեր՝ բանտարկյալներ, սահմաններ, բայց մենք ցանկանում ենք վերանայել այն հարցերը, որոնք դեռ սեղանի վրա են, որոնք դեռեւս երկու երկների միջեւ առճակատման խնդիրների առարկա են։ Մեր քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն է, Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելն է, որը Ռուսաստանի կողմից շատ զգալի ճնշման տակ է, եւ դա այն է, ինչ մենք ուզում ենք», - ասաց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։  

ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ ԵՄ արտգործնախարարների խորհուրդը քննարկելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ շեշտադրեց, որ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի հասնելը եվրոպական անվտանգության տեսանկյունից կարեւոր գործոն է։ Պաշտոնյան նաեւ հավելեց, որ քննարկման առանցքային հարցերից մեկն էլ Հայաստանին աջակցելն է լինելու, որը պատերազմից հետո թուլացել է, բայց շարունակում է պայքարել ժողովրդավար ուղու վրա մնալու համար։ 

 «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք քննարկվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության լիազորությունների ընդլայնման հարցը, ինչ է դա իրենից ենթադրելու, պաշտոնյան պատասխանեց. «Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, ցանկանում ենք շարունակել հնարավորինս շատ վստահություն բերել հայերին: Մենք ցանկանում ենք արդյունավետորեն տարածել աջակցության քաղաքական առաքելությունները Հայաստանին։ Դա քննարկում ենք ներքին կարգով, և հուսով եմ, որ շատ շուտով կկարողանանք խոսել Հայաստանի իշխանությունների հետ»։ 

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության երկխոսություն կա, եւ ԵՄ-ն հույս ունի քննարկել Հայաստանում իր առաքելության եւ այլ թեմաների վերաբերյալ հարցեր։ 

 

Armenpress.am

Հայտնի է, թե ՄԱԿ-ի միջազգային դատարանը երբ կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցների մասով վճիռը

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կհրապարակի իր որոշումը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքի հարցով:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից:

Նիստը կընթանա տեղի ժամանակով ժամը 15:00-ին (Հայաստանի ժամանակով՝ 12:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում: Դատարանի նախագահ դատավոր Ջոան Դոնոգյուն կկարդա դատարանի որոշումը:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հիմքով:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։ Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննել էր Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի: