Մամուլի տեսություն 15.11.2023
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, կարևորելով տարանցման խնդիրը երկրի համար, Հայաստանի հետ 200 մլն դոլար արժողությամբ ճանապարհի կառուցման համաձայնագրի ստորագրումը նշեց որպես Իրանի տարածաշրջանային կարևորագույն պայմանագրերից մեկը ։
Վաթան Էմրուզ
Իրանի ծովային զարգացման առանցքները
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Քիշ կղզու օդանավակայանի տերմինալի բացման արարողության ժամանակ տեղեկացրեց, որ 27 կետ ընտրվել է ծովափնյա ավաններ կառուցելու համար։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է.- «Մենք այսօր գտնվում ենք այնպիսի առանձնահատուկ իրավիճակում, երբ մեզ համար կարևորել է դարձել տարանցման հարցը այնքան, որքան նավթի հարցը։ Այս առումով տարածաշրջանի երկրների հետ ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, ինչպիսիք են՝ Շալամչեհ-Բասրա-Սիրիա երկաթուղային գիծը, Արաքսի միջանցքի վերաբերյալ համաձայնագիրը Ադրբեջանի հետ, Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի համաձայնագիրը Ռուսաստանի հետ, 400 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիրը Թուրքմենստանի հետ Իրանի սահմանային կետը Թորքաման նավահանգիստին միացնելու համար և Հայաստանում 200 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհի կառուցման համաձայնագրի ստորագրումը»։
Իրան
Իրանի նախագահի՝ Ուզբեկստան և Տաջիկստան կատարած այցի մշակութային ձեռքբերումները՝ ըստ Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի
Մոհամմադ Մեհդի Էսմայիլին ասել է. «Իրանի նախագահի այցը Ուզբեկստան և Տաջիկստան բավականին լավ ձեռքբերումներ ունեցավ։ Մշակութային փոխհարաբերությունների ընդլայնումը, իրանցիների ահռելի ներկայությունը, Տաջիկստանի հետ վիզայի ռեժիմի չեղարկումը այն կարևոր իրադարձություններից էին, որոնք տեղի ունեցան այս ուղևորության ընթացքում, և շուտով մենք կունենանք մի քանի մշակութային շաբաթ Թեհրանում և Սպահանում»։
ՔԵյհան
Հարյուր հազարավոր եմենցիներ պատրաստ են պատերազմի մեջ մտնել Իսրայելի դեմ
Գազայի ռմբակոծմանը զուգահեռ Եմենի «Անսարուլլահ» խմբի առաջնորդը հայտնել է հարյուր հազարավոր եմենցիների՝ սիոնիստների դեմ առճակատվելու պատրաստակամության մասին՝ ասելով. «Մենք բազմիցս ԱԹՍ-ներով ու հրթիռային հարձակում ենք գործել Օկուպացված տարածքների հարավային շարջանների վրա և կրկին դա կանենք»։
«Պաղեստինյան դիմադրությունը ճանաչում է իր թշնամուն և իր փորձի շնորհիվ սովորել է, թե ինչպես պայքարել նրա դեմ: Սա լավ նորություն չէ Իսրայելի համար». Այս մասին ասել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, գրող և լրագրող Քրիս Հեջեսը, ով տասնհինգ տարի եղել է The New York Times-ի արտասահմանյան թղթակիցը: Այժմ, դիտարկելով Գազայում տեղի ունեցող զարգացումները, շուրջ վեց շաբաթ անց նա կարծում է, որ սիոնիստները Գազայի մարտադաշտում լավ վիճակում չեն։
Ջավան
Հզոր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գլխավոր սպառնալիքն է Իսրայելի դեմ
Անգլիական Financial Times թերթը տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական ներկայության ուժեղացման գլխավոր պատճառ է համարում Գազայում ԱՄՆ-ի ղեկավարմամբ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների դեմ տարածաշրջանում դիմադրության ուժերի գործողությունների ակտիվացումը, իսկ հզոր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համարում է որպես Սիոնիստական ռեժիմի և արևմտյան երկրների դեմ ուղղված հիմնական սպառնալիքը։
Ընդամենը մեկ օր էր անցել Սիոնիստական ռեժիմի դեմ ՀԱՄԱՍ-ի ավերիչ հարձակումից, երբ Ամերիկան իր ամբողջական աջակցությունը ցուցաբերեց այս ռեժիմի նկատմամբ՝ նախազգուշական ուղերձ հղելով նրա տարածաշրջանային թշնամիներին։
Mamul.am
«ԱՄՆ-ը, Իսրայելն ու ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում». Լուիս Մորենո Օկամպո
Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է հասկանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Տեսեք, թե ինչ եղավ Լաչինի միջանցքում։ Սկզբից նա ուղարկում է, ինչպես ինքն է անվանում, էկոակտիվիստների, որ Ադրբեջանի կառավարության անդամներ չեն, հետո նա անվտանգության ուժեր է այնտեղ տեղակայում, մասնակի շրջափակելով Լաչինի միջանցքը, այնուհետև էսկալացնում է շրջափակումը։ Նա տեսավ, որ ոչինչ չպատահեց։ Այո, որոշ երկրների ղեկավարներ զանգեցին նրան, բայց ոչինչ չպատահեց։ Նա հիմար չէ, նա ստուգում է նրանց ռեակցիան»,- ասել է Օկամպոն։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել:
Armenpress.am
Յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի․ Դարչիաշվիլին՝ Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված զրահամեքենաների մասին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Վրաստանի տարածքով Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարմանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Դարչիաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին երկու երկրներին էլ թույլատրել է հավասարապես օգտվել իր տրանզիտային երթուղիներից և հավելել, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, իսկ երբ խոսքը գնում է սովորական սարքավորումների կամ միջազգային համաձայնագրերով թույլատրված զենքերին, յուրաքանչյուր պետություն դրանք ձեռք բերելու իրավունք ունի։ «Թբիլիսիի դիրքորոշումն է թույլ տալ երկու երկրներին էլ հավասար պայմաններում օգտագործել տրանզիտային գործառույթը, որը մեր երկիրն ունի։ Այսպիսով՝ սա է մեր արձագանքն այդ թեմային և այլ ակնարկների անհրաժեշտություն չկա»,- ասել է Դարչիաշվիլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկատվությունը կխոչընդոտի՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի կարևոր դերին՝ որպես միջնորդ։
Օրերս համացանցում տարածվել էին ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների լուսանկարներ՝ մեկնաբանություններով, որ լուսանկարներն արված են «Փոթի» նավահանգստում, որտեղից էլ ուղարկվել են Հայաստան։ Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել էր ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ «Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti ընկերությունը զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող բեռի ընդունումը մերժելու հնարավորությունից»,- ասված էր ընկերության տարածած հայտարարության մեջ։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանը Ֆրանսիայից զրահամեքենաներ է ձեռք բերել։ Նա նշել է, որ Հայաստանն է դիմել Ֆրանսիային այդ զրահամեքենաները ձեռք բերելու հարցով։ Վրաստանի տարածքով Ֆրանսիական զրահամեքենաների մատակարարումը Հայաստանին Բաքվում դժգոհության ալիք է բարձրացրել։
News.am
Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան
Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։
Նրա խոսքով՝ երկար տարիներ «Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին»։ «Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես եւ բազմաթիվ այլ երազողների հազարամյակների ընթացքում»,- նշել է նա։
Armenpress.am
Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և այդ իրավունքը պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։
«Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանում են։ Եվ դա իրավունք է, որը պետք է ապահովվի»,- հայտարարել է Միլերը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվել է։ Նրանց մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր բնակավայրերում, մի մասն էլ հեռացել է նաև Հայաստանից։
Mamul.am
ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կանցկացվեն
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 15-ին, լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։
Mamul.am
Արարատ Միրզոյանը ժամանել է Բրյուսել
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:
Armenpress.am
Արարատ Միրզոյանը Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները
Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) նոյեմբերի 14-ին կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորությունները:
Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմի մոտեցումները հիմնականում արտահայտված են Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներում: Նախարարն ընդգծել է այդ սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու Ադրբեջանի անվերապահ հանձնառության և միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը:
Միջոցառման օրակարգում են եղել նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, 100 հազարից ավել բռնի տեղահանված և փաստացի հայրենազրկված հայերի առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցերը:
Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ինստիտուտի տնօրեն Բրոնուեն Մեդոքսի հետ: