Մեկնաբանություն-Իրանն ու աֆրիկյան երկրներն ընդլայնում են համագործակցությունը
(last modified Fri, 26 Apr 2024 13:21:19 GMT )
Ապրիլ 26, 2024 16:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանն ու աֆրիկյան երկրներն ընդլայնում են համագործակցությունը

Այսօր Թեհրանում կայացել է Իրան-Աֆրիկա միջազգային հանդիպումը, որին ներկա են եղել աֆրիկյան ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ։ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպմանը հանդես է եկել ելույթով։

Նշելով, որ կողմերն ունեն հարաբերություններն ընդլայնելու կամք, Ռայիսին հավելել է․ «Իրանի և Աֆրիկայի միջև հարաբերությունների ընդլայնման առաջին քայլը կամքն է, որը, փառք Աստծո գոյություն ունի։ Այս հանդիպումը տնտեսական հարաբերություններն ընդլայնելու աֆրիկյան երկրների և Իրանի կամքի խորհրդանիշն է»։

Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության օրակարգում է Աֆրիկա մայրցամաքի երկրների, հատկապես՝ իսլամական երկրների հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։

Այդ շրջանակում, անցած տարի հուլիսին ԻԻՀ նախագահը Քենիայի, Ուգանդայի և Զիմբաբվեի նախագահների պաշտոնական հրավերներով մեկնեց Աֆրիկա։ Եռօրյա այցի ընթացքում ստորագրվեց համագործակցության 21 փաստաթուղթ։ Իսկ մարտին, գլխավորելով տնտեսական և քաղաքական պատվիրակություն, Ալժիրի նախագահի հրավերով, Ռայիսին մեկնել էր այդ երկիր։

Իրանի ու աֆրիկյան երկրների միջև առևտրի ծավալն աճում է, սակայն դեռևս հեռու է սահմանված 10 միլիարդ դոլարից։  Աֆրիկան ներմուծում է մոտ 600 միլիարդ դոլարի ապրանք, որից միայն 2 միլիարդ դոլարն է ներմուծվում Իրանից։ Իրանը և Աֆրիկան կարող են ընդլայնել համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տեխնիկա-ճարտարագիտության, տրանսպորտի, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում։

Այդ նպատակով, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունը ծրագրում է Աֆրիկա մայրցամաքի շուկայում ավելի մեծ մասնաբաժին ունենալ: Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է, որ նախարարությունում կստեղծվի Իրան-Աֆրիկա տնտեսական համագործակցության գագաթնաժողովի մշտական քարտուղարություն, որը հետամուտ կլինի հարաբերությունները զարգացնելուն ուղղված քայլերի իրագործմանը։

Այս պահին իրականացվում են նաև առևտրի զարգացման ծրագրեր, այդ թվում ֆիզիկական ենթակառուցվածքի զարգացում, բանկային փոխանցումների հետ կապված խնդիրների լուծում և փոխադարձ այցերի ակտիվացում։

Իրանը նաև փորձում է զարգացնել Աֆրիկայի հետ առևտուրը, զարգացնելով դեպի մայրցամաք տանող նավագնացության ուղիները և կանոնավոր ավիափոխադրումները, յուրաքանչյուր տարածաշրջանում մեկ կամ երկու երկրի առաջնահերթությամբ։Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի Իսլամական Հանրապետության համար կարևոր է նաև քաղաքական տեսակետից, քանի որ այս մայրցամաքում կա 30 իսլամական երկիր, և բնակչության մոտ 50%-ը մուսուլման է։

Բացի այդ, մայրցամաքի 54 երկրներից 50-ը Չմիավորման շարժման անդամ են։Համաժողովի համընկնումը Iran Expo-ի հետ, որը կսկսվի շաբաթ օրը Թեհրանում 80 երկրներից ավելի քան 2 հազար հոգու ներկայությամբ, կբարձրացնի աֆրիկյան տնտեսական դերակատարների տեղեկացվածությունն Իրանի հնարավորությունների մասին: