Եվրոպան ցանկանում է վերականգնել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմը
Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած նիստի ժամանակ Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որը Եվրահանձնաժողովին կոչ է անում երկու ամսվա ընթացքում ձեռնարկել համապատասխան քայլեր` ԱՄՆ-ի հետ ԵՄ վիզային ռեժիմի ժամանակավոր վերականգնման համար։ Պատճառն այն է, որ Վաշինգտոնը մերժում է ԵՄ 5 պետությունների քաղաքացիների նախկինի պես առանց վիզայի մուտքն այդ երկիր։
Ներկայումս ԱՄՆ-ում վիզային ռեժիմ է գործում Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի , Կիպրոսի և Լեհաստանի քաղաքացիների համար։
Իրավիճակի առաջին գնահատականը տալիս է Եվրահանձնաժողովը, որն ունի իրավունք առաջարկելու երրորդ պետությունների հետ 12 ամիս ժամկետով առանց վիզայի ռեժիմի դադարեցում։ ԱՄՆ-ի պարագայում «պատասխան քայլի» ժամկետը լրացել է դեռևս 2016 թվականի ապրիլին։
Եվրահանձնաժողովից բացի, վիզային ռեժիմի ժամանակավոր վերականգնման մասին որոշմանը պետք է հավանություն տան նաև Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդը։
Թվում է,որ Եվրախորհրդարանի այդ քայլը ավելի կխորացնի ԵՄ-ԱՄՆ լարվածությունները:
Ամերիկացիները ԵՄ տարածք մուտք գործելու և մինչև երեք ամիս այդտեղ բնակվելու համար վիզայի կարիք չունեն:
2014 թվականից ի վեր, ԵՄ-ն ԱՄՆ-ից պահանջել է նույն որոշումն ընդունել Եվրոպայի քաղաքացիների համար, որոնց թիվը հասնում է շուրջ 500 միլիոն հոգու:
Այդ թվականից ԱՄՆ երկու տարի ժամանակ ուներ չեղարկելու վիզային ռեժիմը, սակայն այդ ժամանակամիջոցում ոչ մի օրինական քայլ չի ձեռնարկել:
Եվրահանձնաժողովն այն ժամանակ տեղեկացավ, որ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան և Բրունեին հավատարիմ չեն մնացել ԵՄ-ի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու իրենց հանձնառությանը:
Ավստրալիան, Բրունեին և ճապոնիան այդ թվականից վերացրել են ԵՄ-ի բոլոր երկրների քաղաքացիների համար վիզաին սահմանափակությունները: Կանադան ևս 2017 թվականի դեկտեմբերին չեղարկելու է Ռումինիայի ու Բուլղարիայի քաղաքացիների համար նախատեսված սահմանափակությունները:
Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ փորձում է դիվանագիտական մեխանիզմներով կարգավորել այդ հարցը: Ամեն դեպքում թվում է, որ Եվրախորհրդարանի օրենսդիրների այդ ցանկությունը չի իրագործվի:
Եվրամիության ստեղծման հիմքերից մեկը եվրոպական երկրների միջև ազատ երթևեկությունն էր ,ուստի այդ շրջանակում կնքվեց Շենգենյան պայմանագիրը:
Ի դեպ Եվրամիությունը նույն դիրքորոշումն է կիրառել նաև ԱՄՆ-ի նկատմամբ և երկար ժամանակ այդ միության անդամ երկրների և ԱՄՆ-ի քաղաքացիների միջև վիզային ռեժիմ չի գործել: Բայց վերջին տարիներին ԱՄՆ-ն տարբեր պատճառաբանություններով խախտումներ է թույլ տալիս այդ հարցով:
2015 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսում ընդունված օրենքի համաձայն` մուտքի արտոնագիր պետք է ստանան ԱՄՆ ազատ մուտքի պայմանագիր ստորագրած 38 երկրի, այդ թվում եվրոպական երկրների այն քաղաքացիները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում այցելել են Իրաք, Սիրիա, Իրան և Սուդան:
ԱՄՆ մուտք գործելու օրենքների խստացմանն ուղղված այդ երկրի նոր կառավարության քայլերն իրականանում են հակաահաբեկչական միջոցառումների խստացման պատրվակով: