Մամուլի տեսություն 14-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86619-Մամուլի_տեսություն_14_03_2018
Թրամփը պաշտոնազրկելով Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակեց CIA-ի պետ  Փամփեոյին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2018 07:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-03-2018

Թրամփը պաշտոնազրկելով Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակեց CIA-ի պետ  Փամփեոյին:

Ջոմհուրի Էսլամի

Թրամփը հաստատեց ԱՄՆ-ի համաշխարհային դիվանագիտության կրած պարտությունը

 

Թրամփը պաշտոնազրկելով Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակեց CIA-ի պետ  Փամփեոյին: Պաշտոնավարության գրեթե առաջին ամիսներից Թիլերսոնը նկատողություններ է կատարում Թրամփի տեսակետների ու դիրքորոշումների կապակցությամբ և Թրամփի տեսակետներից ու քայլերից շատերը դեմ էր համարում ԱՄՆ-ի ազգային շահերին: Նա անգամներ փորձ կատարեց հրաժեշտ տալ Թրամփի խմբին, սակայն որոշ նկատառումներով ժամանակավորապես շարունակեց համագործակցել նրա հետ: Այս առումով Թիլերսոնի պաշտոնազրկումը կարելի է Թրամփի  նախաձեռնողական քայլը համարել, որ ցանկացավ Թիլերսոնի պաշտոնից հեռանալը գրանցվի իր անվամբ, այդուհանդերձ Թրամփի խմբում ներկա գտնվելը ոչ միայն որևէ պատիվ չէր համարվում Թիլերսոնի համար, այլև միջազգային հարցերում, այդ թվում Կորեայի  ճգնաժամի և Արաբիայի հետ հարաբերությունների հետ կապված Թրամփի ռազմավարական սխալներն ու բացթողումները որպես ԱՄՆ-ի արտաքին դիվանագիտության ղեկավար արձանագրվում էին նրա անվամբ: Թիլերսոնի կրճատումն ում նախաձեռնությամբ էլ որ կատարված լինի բացահայտ կերպով վկայում է միջազգային ասպարեզում Թրամփի խմբի որոշում կայացնելու հզորության մեջ բացերի մասին և միևնույն ժամանակ առավել ցայտուն է դարձնում Թրամփի խմբի հեղինակազրկված լինելը: Թրամփն առաջին օրից ապացուցեց, որ որոնում է կամակատար անձանց և չի հանդուրժում պետքարտուղարության խիստ քննադատություններ ու փորձագիտական հորդորները: Դա հատկապես առավել բացահայտվել է միջազգային մասշտաբով ԱՄՆ-ի մեկուսացմամբ ու նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցների Թրամփի խմբից հեռանալով: Թվում է, որ Թրամփը Թիլերսոնի պաշտոնազրկման հարցում նախաձեռնող լինելով փորձել է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի ձախողումների պատասխանատվությունը բարդել նրա վրա: Եթե Թրամփն իր նախագահության մեկ տարվա ընթացքում կշռադատված պահվածք ցուցաբերած լիներ հավանաբար քարոզչական այս հնարքը կարող էր նրան օգնության գալ, բայց այսօր Թիլերսոնի պաշտոնազարկումն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Թրամփը չի հանդուրժել քննադատող և ԱՄՆ-ի դիվանագիտության չափանիշներով փորձագիտական ջանքերի ձգտող անհատի ներկայությունը: Այս երևույթն իրեն զգացնել է տվել նույնիսկ նախքան Թրամփի իշխանության հասնելը: Հիշենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի ժամանակ ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարները հանդես գալով մի հաղորդագրությամբ ԱՄՆ-ի պաշտոնատարներին ազդարարել էին Թրամփի նման ոչ-սկզբունքային դիրքորոշումներ ունեցող մի անձի իշխանության հասնելու վտանգների կապակցությամբ:

 

ԻՌՆԱ

Սպառազինություն ներկրող երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 27-րդ, իսկ Հայաստանը 54-րդ տեղը

 

Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային կենտրոնը (SIPRI) իր վերջին զեկույցում հայտարարել է, որ սպառազինության ներկրման տեսակետից Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է 27-րդ տեղը:

Համաձայն այս զեկույցի Ադրբեջանը 2016 և 2017 թվականներին 551 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն է գնել:

Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային կենտրոնի զեկույցի ընդգծմամբ Ադրբեջանը վերջին երկու տարիների ընթացքում գնել է չորս ռազմանավ, 40 անօդաչու թռչող սարքեր և 215 հակատանկային համակարգեր:

Ադրբեջանն այդ ժամանակաընթացքում Չեխական Հանրապետությունից ստացել է 122մմ տրամաչափի 10 հրետանային սարքեր, Ռուսաստանից գնել է 36 հրետանային համակարգ, 40 զրահապատ ինքնագնացներ և 800 հակատանկային հրթիռային համակարգեր, իսկ Սլովակիայից ձեռք է բերել 152մմ 18 հրետանային սարքեր:

Զեկույցը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող Հայաստանի սպառազինական գնումներին և հայտարարել է, որ այդ երկիրը վերջին երկու տարիների ընթացքում 124 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն է գնել աշխարհում սպառազինություն ներկրողների ցուցակում զբաղեցնելով 54-րդ հորիզոնականը:

Զեկույցի համաձայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Չինաստանը սպառազինության արտահանող գլխավոր երկրներն են համարվում և 2013-ից 2017 թվականների ընթացքում աշխարհում սպառազինության արտահանման 74 տոկոսն իրականացվել է այդ երկրների միջոցով:

 

Ալիք

Ամերիկացի կոնգրեսականները նշել են Ադրբեջանում հայերի կոտորածների 30-ամյա տարելիցը

 

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Ֆրենք Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան հանդես են եկել Ադրբեջանում, մասնավորապես, Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի զանգվածային կոտորածների 30-ամյա տարելիցի  հայտարարությամբ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս Վաշինգթոնում է, որտեղ հանդիպում կունենա Կոնգրեսի անդամների հետ, ԼՂ-ի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերը քննարկելու համար:

 

 

Tert.am

Ադրբեջանը խոչընդոտում է Մեղրու ՀԷԿ-ի կառուցմանը և բանակցում, որ «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքն անցնի ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջանով. Վ. Դավթյան

 

Էներգետիկայի ոլորտի մասնագետ Վահե Դավթյանի խոսքով՝ Մեղրու ՀԷԿ-ի նախագծի շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին, և չնայած և՛ իրանական, և՛ հայկական կողմերը հիմա պնդում են, որ այն իրագործվելու է շատ շուտով, դեռ մի քանի տարի կտևի ծրագրի իրագործումը:

«Վերջին տարիներին Մեղրի ՀԷԿ-ի նախագծի իրագործման հետ կապված խոչընդոտներ դարձան Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»,- ասաց նա՝ նկատելով, որ իրանական կողմն ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվող ծախսերը:

Նշենք, որ վերջերս Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի մասին խոսել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ նշելով, որ երկար տարիների քննարկումից հետո այժմ, ամենայն հավանականությամբ, այն կմտնի գործնական իրականացման փուլ: «Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ՝ Արաքս գետի վրա կառուցվելիք Մեղրիի ՀԷԿ-ին է վերաբերում»,- ասել էր նա:

Այս մասին վերջերս խոսել էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նշելով, որ Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացումն իրենց կողմից չի եղել: «Մեղու ՀԷԿ-ը հունվարի վերջին պետք է գործարկվեր: Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ փորձի նաև այս ծրագիրը վերջնական տեսքի բերել: Ուշացման պատճառը մենք չենք եղել»,-ասել էր նա՝ հավելելով, որ մեղավորը ընկերություններն են, Հայաստանի կառավարությունն էլ մեղավոր չէ։

Վահե Դավթյանը համաձայնեց Իրանի դեսպանի դիտարկման հետ, թե 2 երկրների կառավարությունները համաձայն են ծրագրի իրագործման հարցում:

Փորձագետն ինքն էլ հարցադրում ներկայացրեց․ ինչո՞ւ առ այսօր, երբ Իրանն արդեն ինչ-որ չափով ազատված է պատժամիջոցներից, չի իրագործում Մեղրի ՀԷԿ-ի ծրագիրը:

«Իրականում այդ ծրագիրն ի սկզբանե նախագծվում էր Իրանի հյուսիսային բնակավայրերը էլեկտրաէներգիայով ապահովելու նկատառումներով: Այնտեղ առկա է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: Բայց հարցը նաև նրանում է, որ վերջին տարիներին այնտեղ սկսել է էներգետիկ հզորությունների կառուցումը: Մենք գիտենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում այդ հատվածներում, ըստ նրանց պաշտոնական տեղեկությունների, կառուցվելու է շուրջ քառասուն էլեկտրակայան»,- ասաց նա:

Հիմա Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրագործման հետ կապված խոչընդոտներ է ստեղծում նաև Ադրբեջանը՝ իր լոբբիստական աշխատանքով: «Հայաստանը դիտարկվում է որպես «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի» անբաժան մի մաս: Բայց հիմա հասել ենք նրան, Ադրբեջանը Իրանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել հունվար ամսին, որ «Հյուսիս-հարավը» պետք է անցնի Ադրբեջանով, այսինքն՝ ստեղծվի մեկ այլ՝ այլընտրանքային էներգետիկ միջանցք: Կարծես թե կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում»,- ասաց նա: