Փեզեշքյան. ԱՄՆ վարքագիծը դիվանագիտության ուղին շեղել է դեպի սպառնալիքներ, ճնշումներ և պատժամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/iran-i245214-Փեզեշքյան._ԱՄՆ_վարքագիծը_դիվանագիտության_ուղին_շեղել_է_դեպի_սպառնալիքներ_ճնշումներ_և_պատժամիջոցներ
ԻԻՀ նախագահը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, բանակցությունների ընթացքը և որոշ ռազմավարական հարցեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։
(last modified 2026-05-07T08:06:36+00:00 )
Մայիս 07, 2026 11:14 Asia/Tehran
  •   Փեզեշքյան. ԱՄՆ վարքագիծը դիվանագիտության ուղին շեղել է դեպի սպառնալիքներ, ճնշումներ և պատժամիջոցներ

ԻԻՀ նախագահը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, բանակցությունների ընթացքը և որոշ ռազմավարական հարցեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ  ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով բանակցություններում ամերիկյան կողմի նկատմամբ ձևավորված անվստահության չափերին և պատճառներին, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երկու անգամ բանակցություններ է սկսել Միացյալ Նահանգների հետ, և երկու դեպքում էլ, բանակցությունների հետ միաժամանակ, Իրանի դեմ իրականացվել է ռազմական հարձակում, որը գործնականում համարվում է «հարված մեջքից»»։

Փեզեշքյանը հավելել է. «Ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգների մեծ  պահանջները, սպառնալից հայտարարությունները և անհրաժեշտ շրջանակներին չհետևելը, դիվանագիտական գործընթացը կանգնեցրել է լրացուցիչ բարդությունների առաջ»։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում Իրանի պատմական դերին՝ Փեզեշքյանը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիներ շարունակ եղել է այս տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահապանը, և  հենց Միացյալ Նահանգների գործողություններն են խաթարել այս կենսականորեն կարևոր անցուղու անվտանգությունը և ճգնաժամ ու անվստահություն առաջացրել Պարսից ծոցի երկրների շրջանում»։

Իրանի նախագահը Միացյալ Նահանգների կողմից ծովային շրջափակման նման գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտման, համաշխարհային առևտրի խաթարման և նույնիսկ ծովահենության օրինակ, ինչը  հաստատվել է նաև  ամերիկացի պաշտոնյաների կողմից։

Ընդգծելով, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության սկզբունքները՝ հիմնված են միջազգային իրավական շրջանակների վրա, Փեզեշքյանն ասել է. «Իրանը պատրաստ է լուծել բոլոր հարցերը միջազգային օրենքների և կանոնակարգերի շրջանակներում և չունի որևէ պահանջ, որը կգերազանցի  Իրանի ժողովրդի օրինական իրավունքների իրականացումը»։

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցում Փարիզի աջակցությունն է հայտնել հրադադարին և ընդգծել Հորմուզի նեղուցը դիվանագիտական լուծումների միջոցով վերաբացման անհրաժեշտությունը։ Նա ընդունել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակման և Լիբանանի վրա սիոնիստական ռեժիմի հարձակումների նման գործողությունները հրադադարի խախտման օրինակներ են։

Մակրոնը Փարիզի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու բանակցությունների առաջխաղացմանը, մասնակցելու պատժամիջոցների վերացման գործընթացին և շարունակելու դիվանագիտական ջանքերը, այդ թվում՝ Իրանի միջուկային խնդրին վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաև տարբեր երկրներից բազմակողմանի երաշխիքների անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար։