ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև սրվում են տարաձայնությունները ՀԳՀԾ-ի շուրջ
Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն ասել է.«Եվրոպան ու Միացյալ նահանգները շատ հեռու են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ համաձայնության գալուց: Փաստորեն նրանք գտնվում են ամբողջովին տարբեր ճանապարհներին»:
«ԱՄՆ Պետքարտուղարը և այդ երկրի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կրկնեցին իրենց դիրքորոշումը ՀԳՀԾ-ի վերաբերյալ և ոչ մի նոր բան չասացին», նշել է Մաասը:
ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի կարևոր երկիրը համարվող Գերմանիայի խորհրդակցությունը ցույց է տալիս, որ Եվրոպան շատ մեծ կարևորություն է տալիս միջուկային համաձայնագրին: Չնայած ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ Դոնալդ Թրամփը բացասական պատասխան է տվել և ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը հայտարարվել է Մայք Պոմպեոյի կողմից, սակայն Հեյկո Մաասի ԱՄՆ կատարած այցը վկայում է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը մեծ նշանակություն ունի Եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի համար:
Այնուամենայնիվ ինչպես ակնկալվում էր, այդ այցն ապարդյուն անցավ: Ներկայումս Եվրոպան և Միացյալ նահանգները տարաձայնություն ունեն տարբեր հարցերի, այդ թվում՝ առևտրի, բնակլիմայական համաձայնագրի, ՆԱՏՕ-ում ներգրավվածության եղանակի, եվրոպացիների պաշտպանական բյուջեի շուրջ: Առավել ևս Գերմանիան ու ԱՄՆ-ն խոր տարաձայնություն ունեն Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի սահմանած միակողմանի պատժամիջոցների վերաբերյալ:
Ներկա ժամանակահատվածում ՀԳՀԾ-ն դարձել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրների տարձայնությունների կիզակետը:
Պատճառն այն է, որ ՀԳՀԾ-ն տարբեր առումներով մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար: Հաշվի առնելով Եվրոպայի համար հարցի զգայնությունը, այժմ գնդակը գտնվում է Եվրոպայի խաղադաշտում, որպեսզի վերջինս մեկընդմիշտ լուրջ առճակատման դուրս գա Թրամփի դեմ, ով միայն իր շահերից ու քաղաքականությունից ելնելով դուրս եկավ ՀԳՀԾ-ից, կամ էլ ենթարկվելով Վաշինգտոնի պահանջներին, կորցնի ոչ միայն իր գործի անկախությունը, այլ նաև Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պահանջների նկատմամբ լռություն պահպանելու ու պասիվ դիրքորոշում որդեգրելու արդյունքում իր առևտրա-տնտեսական շահերը:
Ի դեպ ՀԳՀԾ-ի տապալումը անվտանգության ծանր հետևանքներ է ունենալու տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով, որից առավելաբար տուժելու են եվրոպացիները:
Ամերիկայի հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Օթրանի խոսքով , Իրանի հետ միջուկային համաձայնության ձեռքբերումը բարդ էր ու երկար ժամանակ պահանջեց: Հաշվի առնելով Միջին Արևելքում տիրող անկայունությունը, համաձայնագիրը ստորագրած կողմերից ոչ մեկի, ոչ ռուսների, ոչ չինացիների, ոչ եվրոպացիների և ոչ ամերիկացիների շահերից չի բխում տարածաշրջանի առավել ապակայունացումը:
ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում, ոչ միայն Եվրոպայի դիրքը կթուլանա միջազգային մասշտաբով, այլև հարցականի տակ կդրվի նրա հեղինակությունը: Փաստորեն, Իրանի հետ միջուկային համաձայնությունը մեծագույն հաջողությունն էր, որ Եվրամիությունը ձեռք էր բերել միջազգային ասպարեզում:
Ներկայումս Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև ՀԳՀԾ-ի շուրջ խորացող տարաձայնությունն աննախադեպ է: Բրյուսելն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն անհրաժեշտ է Եվրոպայի, տարածաշրջանի ու ողջ աշխարհի անվտանգության պահպանման ու հարատևման համար: Այդ պատճառով, Եվրոպայի քայլերն ուղղված են իր անվտանգության շահերի ապահովմանը: Ներկա դրությամբ ՀԳՀԾ-ն պատմական ու շրջադարձային կետ է համարվում : Եվրամիությունը կարող է իր շահերի ու միջազգային անվտանգության ու կայունության հիման վրա առանձնացնել իր ուղին Թրամփի միլիտարիստական ուղուց: Այնուամենայնիվ առկա տվյալները վկայում են Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնության խորացման մասին: