Թուրքիայի թիրախում քրդական ուժերի ոչնչացումն է, ոչ թե ԻՊ-ն. փորձագետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i32275-Թուրքիայի_թիրախում_քրդական_ուժերի_ոչնչացումն_է_ոչ_թե_ԻՊ_ն._փորձագետ
Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը երկրի հյուսիս՝ վերջինին մեղադրելով Սիրիայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 14:53 Asia/Tehran
  • Թուրքիայի թիրախում քրդական ուժերի ոչնչացումն է, ոչ թե ԻՊ-ն. փորձագետ

Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը երկրի հյուսիս՝ վերջինին մեղադրելով Սիրիայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մեջ:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը օգոստոսի 24-ին մուտք է  գործել Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետությունից» սիրիական  Ջերաբլուս  քաղաքն ազատագրելու համար: «Սիրիայի տարածքում ցանկացած հակաահաբեկչական գործողություն պետք է անցկացվի Դամասկոսի ու սիրիական բանակի հետ համաձայնությամբ: Այն, ինչ այժմ կատարվում է  Ջերաբլուսում, ահաբեկչության դեմ պայքար չէ, այլ  ահաբեկչության մի տեսակը մյուսով փոխարինել: Սիրիան պահանջում է վերջ տալ ագրեսիային ու ՄԱԿ- ին կոչ է անում կիրառել ընդունված բանաձեւերը»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Սիրիայի տարածք Թուրքիայի ներխուժմանն արձագանքել են նաև տեղի քրդերը՝ նշելով, որ Թուրքիայի բուն նպատակը ոչ թե ԻՊ-ի, այլ քրդական ուժերի ոչնչացումն է: Այս տեսակետը կիսում են նաև հայ փորձագետները:

«Եթե Էրդողանի  բուն նպատակը լիներ ԻՊ-ի դեմ պայքարը, ապա դա կաներ հենց իր պետության ներսում: Սիրիայի հյուսիս ներխուժած  թուրքական զինուժի հարվածի  թիրախում, իհարկե, նախևառաջ քրդերն են»,- համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Ինչո՞ւ քրդերը. հարցին պատասխանը հստակ է. «Թուրքիան ցանկանում է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում՝ փորձելով բացառել տարածքը քրդերի ձեռքն անցնելու հնարավորությունը:

Փորձագետի խոսքով՝ Թուրքիան ներխուժեց Սիրիա՝ համաձայնության գալով տարածաշրջանի բոլոր խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի,  ԱՄՆ-ի հետ: Ստեղծվել է իրավիճակ, երբ համընկել են բոլորի շահերը, որոնք ավելի տեսանելի կլինեն հետագա զարգացումների ընթացքում՝ ասում է թուրքագետը:

Թուրքական արտաքին քաղաքականությունն ունի  յուրահատկություն. գլոբալ ամենատարբեր խնդիրների համատեքստում կարողանալ օրակարգ մտցնել նվաճողական սեփական նպատակներն ու դրանք իրագործել: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այդ յուրահատկությունը տեսնելու համար բավարար է թերթել Թուրքիայի միայն 20-րդ դարի պատմությունը:

Մելքոնյանի համոզմամբ ևս Սիրիայի հյուսիսում  թուրքական  հարվածն ուղղված ոչ թե, նրա ձեւակերպմամբ, իր գործընկեր ԻՊ-ի, այլ տեղի քրդական բնակչության դեմ: «Ահաբեկչության դեմ պայքարի հռետորաբանությամբ Թուրքիան այսօր փորձում է միանգամից  երկու նապաստակ սպանել, ցավոք, գերտերությունների լուռ համաձայնությամբ»,- ասում է թուրքագետը:

Սիրիան այսօր բախվում է ծանոթ խնդրին, երբ միջազգային մեծ խաղերում շահարկման առարկա են դառնում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մելքոնյանի ձևակերպմամբ՝ սա միջազգային քաղաքականության գրված ու չգրված օրենքներից է, որին փոքր պետություններն ու ժողովուրդները ստիպված են բախվել: Այս պահին զոհի դերում սիրիական պետությունն է և քուրդ ժողովուրդը։

 

armedia.am

 

27/8/2016