Մոտ 600 հազար սիրիացիներ ծանր պայմաններում ապրում են պաշարված քաղաքներում. ՄԱԿ
Շուրջ 600 հազար սիրիացիներ ապրում են պաշարված շրջաններում ու քաղաքներում՝ չափազանց դժվարին պայմաններում:
Այս տարվա հունվարից ռազմական գործողությունների հետևանքով պաշարման մեջ հայտնված խաղաղ բնակիչների թիվն ավելացել է ավելի քան 100 հազարով։ Նման տվյալներ է պարունակվում Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննման ՄԱԿ-ի հանձնաժողովի 12-րդ զեկույցում, որը հրապարակվել է Ժնևում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Դիտարկումներն ընդգրկում են հունվարի 10-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածը։
«Մոտ 600 հազար քաղաքացիական անձինք Դամասկոս, Ռիֆ Դամասկոս, Դեր Զոր, Հոմս և Իդլիբ նահանգներում շարունակում են տառապել խիստ պայմաններից՝ կապված տևական պաշարումների հետ»,- նշում է հանձնաժողովը։ Ընդհանուր առմամբ երկրի պաշարված և դժվարհասանելի շրջաններում գոյատևման պայքար է մղում ավելի քան 6 մլն մարդ։
Չնայած այդ վայրերում մարդասիրական օգնության հասանելիության որոշ բարելավումներին՝ փետրվարին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ձեռք բերումից հետո հակամարտող կողմերի միջև անդադար համագործակության բացակայությունը շարունակում է հանգեցնել սուր թերսնման և աճող մահացության։
Համաձայն զեկույցի՝ հունվարի 10-ից հուլիսի 20-ը պաշարված շրջաններում ապրող քաղաքացիական անձանց թիվն աճել է 103.5 հազարով, իսկ դժվարհասանելի շրջաններում՝ 870 հազարի։ Հանձնաժողովը լրջորեն անհանգստացած է Հալեպ քաղաքի արևելյան մասում առնվազն 300 հազար քաղաքացիական անձանց վիճակով։
Զինված հակամարտության հետևանքով 5 մլն սիրիացիներ ստիպված են եղել լքել հայրենիքը, ևս մոտ 6.6 մլն անձինք դարձել են ներքին տեղահանված։
1in.am