Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն չի իրականացնի. Էրդողանի խորհրդական
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5764-Թուրքիան_Սիրիայում_միայնակ_ցամաքային_գործողություն_չի_իրականացնի._Էրդողանի_խորհրդական
Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն իրականացնելու պլաններ չունի։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթի կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2016 13:31 Asia/Tehran
  • Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն չի իրականացնի. Էրդողանի խորհրդական

Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն իրականացնելու պլաններ չունի։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթի կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նա հավելել է, որ Անկարան շարունակելու է գործել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համատեղ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ համատեղ ենք գործելու կոալիցիայի հետ։ Հենց այդ պատճառով Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու ցանկացած քայլ՝ Սաուդյան Արաբիայի կամ այլ երկրի հետ համատեղ, չի քննարկվում»,-ասել է նա։

Անդրադառնալով Սիրիայի քրդերին՝ Էրդողանի խորհրդականը հայտարարել է, թե իրենք նրանց հետ խնդիրներ չունեն։

«Մենք Սիրիայի քրդերի հետ խնդիրներ չունենք, մեր պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ է»,-ասել է Քալընը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նախնական խորհրդակցություններ է անցկացնում արաբական մի շարք երկրների հետ, որպեսզի նրանց առաջարկով ցամաքային գործողություն սկսի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

«Մենք այժմ խորհրդակցություններ ենք վարում նրանց առաջարկով»,-ասել է նա։

Քերին պարզաբանել է, որ ԱՄՆ-ն երկխոսում է Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Օմանի հետ, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, քանի որ «բանակցությունները նախնական փուլում են»։

tert.am

26/2/2016