Քուրդ զինյալները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայինների խմբին
Քուրդ ապստամբները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայիններին, ովքեր մասնակցել են սիրիական Էթ Թելլ Էլ-Աբյադ բնակավայրի գրավման գործողություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռաքքա նահանգում 100 գրոհայիններից բաղկացած խումբը Թուրքիայի կողմից հատել է Սիրիայի սահմանը: Ավելի ուշ, ավելացնելով թվաքանակը` մինչեւ 250-ի, խումբը գրավել է Ռաքքայից 82 կմ հեռավորության վրա գտնվող Էթ Թելլ Էլ-Աբյադ բնակավայրի մի մասը:
Գրոհայիններին աջակցություն է ցուցաբերել թուրքական սահմանից գործող հրետանին:
Ավելի ուշ մարտերի արդյունքում քուրդ զինյալներին հաջողվել է հետ մղել գրոհայիններին եւ նրանց շրջապատել Մունբաթիհ բնակավայրում:
Քրդերը Թուրքիային մեղադրում են Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտնել է, որ Էլ-Աբյադում թուրքական ուժերի գործողությունները վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268 բանաձեւին:
Նշվում է, որ թուրքական զինուժը հրետակոծել է քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական սահմանային շրջանները:
galatv.am
28/2/2016