Սիրիայում հայտարարված հրադադարը՝ փորձաքար դրա հեղինակների համար
Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալն ասաց. «Սիրիայի հարավում հայտարարված հրադադարը լուրջ փորձաքար է համարվում դրա հեղինակների և միջազգային կողմերի հավատարմության համար»:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Համբուրգում գումարված G20-ի գագաթնաժողովի առընթեր կայացած հանդիպման ու զրույցի ժամանակ տեղեկացրեցին Սիրիայի հարավում հրադադար հաստատելու շուրջ երկու երկրի համաձայնության մասին:
Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին չորեքշաբթի երեկոյան Դամասկոսում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, հավելեց. «Դժբախտաբար նման հրադադարների հեղինակները դրանց հավատարիմ չեն մնում և մինչ այժմ գրեթե բոլոր համաձայնությունները ոտնահարվել են»:
«Եթե Սիրիայի հարավում վերջին հրադադարի հեղինակները հավատարիմ մնան Աստանայի բանակցությունների եռակողմ նպատակներին, կարելի է հույս ունենալ, որ այս գործընթացը դրական արդյունքի կհանգի, այլ դեպքում դա բացասական զարգացումների առիթ կտա»,-հայտարարեց Ջաբերի Անսարին:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը նաև անդրադառնալով Սիրիայում լարվածության մեղմացման չորս տարածքներ ստեղծելու կապակցությամբ Աստանայի նստաշրջանին, ասաց. «Լարվածության մեղմացման տարածքների ստեղծումը նպատակ ունի ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքար մղել, ճգնաժամային վիճակից դուրս գալու համար հարմար հորիզոններ բացելուն և Սիրիայում մարդկային աղետն ու կորուստը կանխելուն ուղղված բոլոր ջանքերի կենտրոնացման հնարավորություն ստեղծել»: