ԱՄՆ բնակչության մեծ մասը կողմ է Թրամփի իմպիչմենտին ու պաշտոնանկությանը
ԱՄՆ-ում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները վկայում են, որ այդ երկրում ավելացել է Թրամփի իմպիչմենտին ու պաշտոնանկությանն աջակցող քաղաքացիների թիվը:
Economist և YouGov ինստիտուտների կողմից համատեղ անցկացված սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների 51 տոկոսը կողմ է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին ու պաշտոնանկությանը, իսկ 39 տոկոսը դեմ է դրան:
Ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խոսում է այն վկաների հետ, ովքեր ինչ-որ կերպ կապ ունեն Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի զրույցի հետ:
ԱՄՆ նախագահն ուրբաթ օրն ասել է. «Համոզված եմ, որ Ներկայացուցիչների պալատը բավարար ձայներ ունի ինձն իմպիչմենտի ենթարկելու համար, սակայն Սենատը դա կկանխի»:
Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ էր արել հետաքննություն սկսել ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից և նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ:
Այդ սկանդալից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կարգադրությամբ, մեկնարկեց Թրամփի իմպիչմենտի հարցով հետաքննության գործընթացը: