Վենեսուելան քննադատել է ԱՄՆ-ին իր ակտիվների արգելափակումը շարունակելու համար
Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեազան քննադատել է Վաշինգտոնին, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ում Վենեսուլային պատկանող ակտիվների սառեցումը շարունակելու համար։
Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը, անդրադառնալով ԱՄՆ-ում Վենեսուելայի Կենտրոնական բանկին պատկանող 342 միլիոն դոլարի ակտիվների սառեցմանը, Խորխե Արեազան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․«Վաշինգտոնն այդ քայլն իրականացրել է Վենեսուելայի Ազգային ժողովում կառավարության ընդդիմադիր օրենսդիրների հետ իրականացրած խարդախ գործարքի արդյունքում»։
Այդ գումարը Վենեսուելայի ակտիվների մի մասն է, որն արգելափակվել է Կարակասի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության խիստ պատժամիջոցների ներքո։
Վենեսուելայի կառավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում պահանջում է վերացնել իր ակտիվների արգելափակումը, որպեսզի կարողանա բյուջե հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին, սակայն Թրամփի վարչակազմը մինչ այժմ չի արձագանքել այդ պահանջին։
Օրերս Վենեսուելայի կառավարության ընդդիմադիր օրենսդիրները հավանություն են տվել ԱՄՆ-ի Սիթի բանկում Վենեսուելայի կենտրոնական բանկի հաշվից այդ գումարները իրենց հաշվին փոխանցելու մասին օրինագծին: