Մամուլի տեսություն – 05.01.2023
Կրոնական իշխանությանը վիրավորելու ֆրանսիական Charlie Hebdo գռեհիկ ամսագրի հակամշակութային քայլը զայրացրել է իրանցի պաշտոնյաներին: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս քայլն անպատասխան չի մնալու։
Էթեմադ օրաթերթ
Իրանը վերանայում է Ֆրանսիայի հետ իր մշակութային հարաբերությունները
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ֆրանսիական պարբերականում հրապարակված վիրավորական ծաղրանկարի, որում ասված է. «Իրանի արտաքին գործերի նախարարությունը չի հանդուրժի լռությունը ֆրանսիական պարբերականի հակամշակութային և հակամարդկային արարքի դեմ։ Ֆրանսիայի հետ մշակութային հարաբերությունները վերանայելիս և Ֆրանսիայի մշակութային գործունեությունը շարունակելու հնարավորությունը ուսումնասիրելիս Իրանում առաջին քայլը Իրանում ֆրանսիական Իրանագիտության ասոցիացիայի գործունեությունը արգելափակելն է։
Իրանի ժողովրդի պահանջը Ֆրանսիայի կառավարությունից՝ պատասխանատվության ենթարկելն է վերջին գործողությունների հեղինակներին և խթանողներին և կանխել դրանց կրկնությունը»:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Զսպման ռազմավարությունը ռազմավարական ձեռքբերում է
Գեներալ-լեյտենանտ նահատակ Սոլեյմանիի զսպման ռազմավարությունը՝ Դիմադրության առանցքի տեսքով, բոլոր մշակութային, սոցիալական և քաղաքական բնութագրերից զատ, ունեցել է ռազմավարական մեծ ձեռքբերում, որն է՝ թուլացնելով ԱՄՆ-ի ռազմավարական դերը քաղաքականության և ռազմական ոլորտներում, շարժվել դեպի նոր տարածաշրջանային համակարգի ստեղծում:
Քեյհան օրաթերթ
Centcom-ի ձախողումը Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորության դեմ
Ամերիկյան Al-Monitor լրատվական կայքը իր զեկույցում անդրադարձել է Centcom-ի՝ Իրանի ԱԹՍ-ների հզորությունը վերահսկելու ձախողմանը։ CENTCOM-ը, որը վերահսկում է ԱՄՆ-ի ռազմական փոխգործակցությունը Եգիպտոսից Կենտրոնական Ասիա, Պակիստան և Արաբական ծով, ունի իր խնդիրները և դժվարությունները, ասվում է Al-Monitor-ի հոդվածում:
Ըստ այս հոդվածի՝ չնայած Իրաքում և Աֆղանստանում երկու տասնամյակ պատերազմի ընթացքում ռազմական տեխնիկայի ֆինանսավորմանը և հատկացմանը, «սուննի ջիհադիստական խմբավորումներին» դիմակայելու և իրանական շարժումներին զսպելու Centcom-ի առաքելությունը հիմնականում անփոփոխ է մնացել:
Al-Monitor-ը գրել է. «Բայց այն տարածաշրջանը, որտեղ գործում են քուրիլա ուժերը, այլևս Վաշինգտոնում քաղաքականություն մշակողների առաջին ռազմավարական առաջնահերթությունը չէ»:
Էթելաաթ օրաթերթ
Associated Press-ն անդրադարձել է Ուկրաինայի պատերազմում ռոբոտների դերին
Ուկրաինական պատերազմում անօդաչու սարքերի առաջխաղացումները արագացրել են երկար սպասված տեխնոլոգիական առաջնթացը, որը շուտով կարող է մարտի դաշտ բերել աշխարհի առաջին լիովին ինքնավար մարտական ռոբոտներին և սկիզբ դնել պատերազմի նոր դարաշրջանին, հաղորդում է Associated Press-ը:
Երկարատև հակամարտությունն արագացրել է շարժը դեպի ինքնավար մարտական մեքենաներ, որոնք կարող են ընտրել և հարձակվել թիրախների վրա՝ առանց մարդկային օգնության, վերլուծաբանների խոսքերն է մեջբերում Associated Press-ը: Փորձագետները զգուշացնում են, որ Ռուսաստանը կամ Ուկրաինան (կամ երկուսն էլ) կարող են զենքեր տեղակայել, որոնք լիովին աֆտոմատ կերպով սպանեն մարդկանց:
ARMENPRESS.AM
Փաշինյանը հայտնեց, թե երբ կնշանակվեն ներքին գործերի նախարարն ու նրա տեղակալները
Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվի Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ինչպես տեղյակ եք, 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին և հետևապես Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված։ Իհարկե, նախարարության ստեղծումը ենթադրում է դրա ամբողջական ձևավորման ուղղված մի շարք հաջորդական քայլերի իրականացում, ինչը կարգավորվել է նշված օրենսդրական փաթեթով։ Այս համատեքստում նախարարության ստեղծման տրամաբանական շարունակություն է համարվում նաև սույն նախագծի ընդունումը, որը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարությանն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ։
Նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը, ըստ այդմ՝ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը»,- ասաց Մինասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ հաջորդ շաբաթ կնշանակեն Ներքին գործերի նախարար ու փոխնախարարներ։
ARMENPRESS.AM
Ադրբեջանի գործողությունները հարցեր են առաջացնում այդ երկրի պայմանագրունակության վերաբերյալ. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու միջազգային կոչերի լայն արձագանք է հարուցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ»,- ասաց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։
ARMENIASUTNIK.AM
ՀՀ–ն սկսել է ցեմենտ ներկրել ոչ միայն Իրանից, այլև Վրաստանից. լիցենզիայի կարգը վերանայվել է
Հայաստան ցեմենտ ներկրելու լիցենզիայի ժամկետը կսահմանվի 6 ամիս։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Դրանով, ըստ էության, ցեմենտի հումք և պատրաստի ցեմենտ ներկրողներին կառավարության սահմանած արտոնյալ տուրքերով կթույլատրվի ներկրում իրականացնել` սահմանափակ ժամանակահատվածում։
Կառավարությունը նույն որոշմամբ նախատեսում է լիցենզիա տրամադրել ոչ միայն Իրանից ներկրողների համար, այլև Վրաստանից։
«Նկատի ունենալով, որ օրենքի ընդունման արդյունքում ներմուծումներ են կատարվում նաև Վրաստանից (նախկինում ներմուծումները կատարվում էին միայն Իրանից)՝ կատարվել է նաև փոփոխություն լիցենզիայի տրամադրման նպատակով ներմուծողների կողմից լրացվող հայտում, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռում նշել ներմուծման մեկից ավելի երկրներ»,– աված է նախագծի հիմնավորման մեջ։
Հիշեցնենք` 2022թ–ի հոկտեմբերին ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտը լրացնելու նպատակով ՀՀ իշխանությունը վերանայել էր ներկրվող ցեմենտի ու հումքի տուրքերի չափերը` 1 տոննայի դիմաց գործող տուրքը 14 000 դրամից նվազեցնելով մինչև 2 000 դրամ, իսկ կլինկերի տուրքը` զրոյացնելով։
Կառավարության համոզմամբ` սա նաև հավասար մրցակցային պայմաններ կստեղծեր տեղական արտադրողների համար։
Արդյունքում, ըստ կառավարության ներկայացրած վիճակագրության, 2022թ–ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 803 հազար 500 տոննա ցեմենտ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ARMENIASPUTNIK.AM
Սուր շնչառական հիվանդությունների սրման դեպքում Covid-ի փորձն ունենք. ԿԳՄՍՆ
Հայաստանի բոլոր դպրոցներում Covid–ի փորձով կարող են պայքարել գրիպի և սուր շնչառական վարակների աճի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։
Երեկ` հունվարի 4–ին, առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների աճ է նկատվում հատկապես երեխաների շրջանում և կանխատեսվում է, որ հիվանդացությունների դեպքերը կաճեն, երբ դպրոցները հունվարի 9–ից վերաբացվեն։
«Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունից որևէ ցուցում չունենք, բայց ստանալուն պես շատ օպերատիվ կարձագանքենք։ Եթե դպրոցներում ջերմաչափում, ալկոգելերով ախտահանում իրականացնելու, դիմակ դնելու կամ տարածություն պահելու անհրաժեշտություն լինի, ապա, ըստ ԱՆ ցուցումների, դա էլ կկիրառենք»,–ասաց Բաղդասարյանը։
Նշենք, որ դպրոցներում վիրուսների տարածումը կանխելու հետ կապված միջոցառումներ իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով, որից հետո ԿԳՄՍ նախարարությունը մարզպետարանների և քաղաքապետարանների միջոցով դպրոցներին շրջաբերականներ է ուղարկում` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու պահանջով։
Հիշեցնենք` ըստ առողջապահության նախարարության տվյալների` հունվարի 3–ի դրությամբ Հայաստանի հիվանդանոցային բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96 տոկոսը երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտներից 127–ը ևս երեխաներ են։ 47 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) մահվան 2 դեպք է գրանցվել։
TERT.AM
Հայտարարում ենք Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին․ ԱՄՆ Պետդեպի խոսնակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել էԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին որպես Կովկասյան բանակցությունների ավագ խորհրդական։ Նրա աշխատանքը այս պաշտոնում նպաստել է Կովկասյան բարդ տարածաշրջանում խաղաղության կառուցման գործընթացին։ Նրա ներդրումը վերահաստատում է այն, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի երկկող բանակցությունները կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչպես նաև մեր առաջնահերթությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
Դեռևս նախորդ տարի, երբ դեսպան Ռիքերը նշանակվեց այս պաշտոնում, գիտեինք, որ դա կարճաժամկետ է լինելու։ Նրա հեռանալը որեւէ կերպ չի խաթարում Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության, ժողովրդավարության և զարգացման ապագայի հարցում ԱՄՆ-ի հանձնառությունը։ Շարունակելու ենք ներգրավված մնալ երկկողմ շփումներում, այդ թվում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ միասին, աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության կայացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից ծագող խնդիրների լուծումները գտնելու հարցում»,-ասել է Փրայսը:
TERT.AM
Արցախի պատգամավորները Պուտինին, Բայդենին և Մակրոնին կոչ են անում քայլեր ձեռնարկել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ
Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները, Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, դիմում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով կոնկրետ գործողություններ կիրառել Լաչինի միջանցքի բացման կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատգամավորների խոսքում, մասնավորապես, ասված է.
«Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:
Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրները գրեթե նույն տեսակետն ունեին: Հումանիտար աննախադեպ աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ոչ միայն հասցեական հայտարարությունների կարիք ունի, այլև, կարծում եմ, այդ ուղղությամբ գործուն ու տեսանելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից:
Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»: