Մամուլի տեսություն 02-06-2016
Իրանի իսլամական հեղափոխությունը 20-րդ դարի խոշոր ու բացառիկ իրադարձությունն է համարվում:
«Ջոմհուրի Էսլամի»
Իրանի իսլամական հեղափոխությունը 20-րդ դարի խոշոր իրադարձություն
Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողն ասել է․-«Իրանի իսլամական հեղափոխությունը 20-րդ դարի խոշոր ու բացառիկ իրադարձությունն է համարվում»։
Ջոմհուրի Էսլամի օրաթերթը գրում է,-«Փրինսթոն համալսարանի միջազգային իրավունքների դասախոս և Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող՝ Ռիչարդ Ֆալկը Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր՝ Հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 27-ամյակի սեմին ասել է-«Հոգելույս Իմամ Խոմեյնին միշտ ձգտել է միավորել ողջ աշխարհի մուսուլմաններին ,ինչը բռնության ենթարկված իսլամական հասարակության զգալի մասի կյանքի պայմանները բացահայտեց աշխարհի հանրային կարծիքի մոտ»։
«Իրանի իսլամական հեղափոխությունը 20-րդ դարի խոշորագույն իրադարձությունն էր,որը արթնացրեց Իսլամ աշխարհին»- հավելել է Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը։
Նրա խոսքերով՝ այս հեղափոխությունը ազդեց և՛ բռնապետ պետությունների և՛ ազատատենչ ժողովուրդների վրա։
«Իսլամական հեղափոխությունը դարձավ ներշնչանքի աղբյուր շատ երկրների համար ու նրանց նոր շունչ հաղորդեց ազատության ձգտելու ճանապարհին»,-նշել է Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը։
---
«Իրան» օրաթերթ
Իրանի կառուցողական քայլերն ՕՊԵԿ-ում
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի կառուցողական կողմնորոշումն ուղղված է եղել անդամ երկրների զուգամերձությանը։
Իրան օրաթերթի այսօրվա համարում լույս տեսած տնտեսական վերլուծական հոդվածում ասված է․-«Իրանը ՕՊԵԿ-ի հիմնադիրներից է և Իրանի հայտարարած քաղաքականությունը միշտ ուղղված է եղել կազմակերպության պաշտպանմանը ,նրա անդամների միավորմանը,ինչու չէ նաև նավթի շուկայում այդ երկրների իրավունքների վերականգմանը»։
«Այժմ երբ իրանական նավթի արդյունահանման ու արտահանման ծավալներն աճել են , մեծացել է Իրանի ազդեցությունն ՕՊԵԿ-ում։ Իրանի նավթի նախարարությունը անդամ մյուս երկրների համագործակցությամբ արդար գները հովանավորելու տրամաբանական քաղաքականություն է վարում»,-ասված է վերլուծականում։
«Այժմյան պայմաններում Իրանը մտադիր է իր արտահանումների ծավալը հասցնել օրական 2 միլիոն 400 հազար բարելի»․-տեղեկացնում է Իրան օրաթերթը։
---
Hayeli.am
Փախստականների հարցն ու Բունդեսթագի բանաձևը պետք չէ կապել իրար
«Գերմանիան հզոր երկիր է, Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է», նման հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը` Bild-ին տված հարցազրույցում` շեշտելով, որ փախստականների հարցն ու Բունդեսթագի բանաձևը պետք չէ կապել իրար հետ:
Սերժ Սարգսյանը Բունդեսթագի որոշումից մեկ օր առաջ, ի վերջո, պատասխանեց Անկարայի ուժգին սպառնալիքներին` ուղղված Գերմանիայի օրենսդիրներին:
«Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն միայն այն պատճառով, որ մեկ այլ երկրի ղեկավար դրանից կզայրանա: Գերմանական Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Ռեջեփ Էրդողանը Բունդեսթագի բանաձևից հետո փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը տապալի: «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ համաձայնությունը շատ երերուն հիմքի վրա է կառուցված, իսկ այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար կլինի այն իրականացնել երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ գերմանացի քաղաքական գործիչներ ձեռնպահ են մնում բանաձևի օգտին քվեարկելուց՝ վախենալով Թուրքիայի նախագահի քաղաքական վրեժից, շեշտել է՝ «Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի հերքում, որ դա ցեղասպանություն էր, որը 101 տարի առաջ դարձավ 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձևին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձևեր են ընդունել»:
Սերժ Սարգսյանը նաև ասել է, թե չի հասկանում Էրդողանի սուր արձագանքից վախեցող քաղաքական գործիչներին: «Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպիսին, օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնվում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»,- հավելել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների հարցով համաձայնության հնարավոր տապալումն ու Բունդեսթագում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը պետք չէ կապել իրար հետ: «ԵՄ-ն չպետք է կուրորեն հավատա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ փախստականների խնդրի կարգավորման հարցում, այլ պետք է սեփական լուծումները փնտրի»,- ասել է Հայաստանի նախագահը: Պատասխանելով հարցին` արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է վստահել Թուրքիայի նախագահին, Ս.Սարգսյանը նշել է, որ չի կարող խոսել ԵՄ անունից, բայց իր սեփական փորձից ելնելով կարող է ասել՝ «ոչ, մենք չենք հավատում Էրդողանին»: Նա հիշեցրել է, որ հենց Էրդողանն է արգելափակել հայ-թուրքական հաշտեցման ցյուրիխյան համաձայնագրերի վավերացումը Թուրքիայի խորհրդարանում:
Անկարան ամենաբարձր մակարդակով Գերմանիային զգուշացնում է
Թուրքիան ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետևանքների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ դա վնաս կհասցնի Գերմանիայի և Թուրքիայի երկկողմ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական կապերին, նշելով, որ երկու երկիրն էլ՝ Գերմանիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Էրդողանն ասել է, թե այդ ամենը կվերանայվի։
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ հայտարարությունից առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնելով իր մտահոգությունները օրինագծի կապակցությամբ։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Մերկելի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ողջամտություն ցուցաբերել և խորհրդարանի այդ քննարկումներին խելամտորեն մոտենալ։ Գերմանիայի կառավարության խոսնակը հաստատել է, որ Էրդողանը և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել՝ ասելով, որ նրանք քննարկել են նաև միգրանտների հարցով Թուրքիա-Եվրամիություն համաձայնությունների իրականացումը։
Երկու երկրների հարաբերություններից բացի, նշում է «Ռոյթերզ»-ը, նաև մտահոգություններ կան, որ Բունդեսթագի կողմից օրինագծի ընդունումը կարող է լարվածություն առաջացնել Գերմանիայում ապրող ազգությամբ թուրք մոտավորապես 3.5 միլիոն բնակիչների շրջանում։
«Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը բացասական անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», – հայտարարել է Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վարչապետի խոսքով՝ միանգամայն սխալ է պատմական հարցերը քաղաքական գործիքի վերածելը․ «Մենք ոչինչ չունենք թաքցնելու: Թող ուսումնասիրվի բոլոր երկրների պատմությունը, թող ի հայտ բերվեն կողմերի սխալները, բայց սա պատմաբանների գործն է»: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան չի ուզում «փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները, սակայն անցանկալի օրինագծի ընդունման պարագայում նման շրջադարձը անխուսափելի կդառնա»:
Թամար Բագրատունի
---
Financial Times
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Լեհաստանի դեմ.
Եվրամիությունը կասկածի տակ է դնում Լեհաստանում իրավունքի գերակայությունը եւ սպառնում է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ, հայտնում է Financial Times-ը:
Եվրահանձնաժողովը Լեհաստանի կառավարությանը մեղադրում է այն բանում, որ Սահմանադրական դատարանի հակասական բարեփոխումները հակադեմոկրատական են եւ սիստեմատիկ սպառնալիք են ներկայացնում երկրում իրավունքի գերակայությանը:
FT-ը գրում է, որ հունիսի 1-ին Եվրահանձնաժողովը ֆորմալ նախազգուշացում է տվել Լեհաստանի իշխանություններին: Սակայն նրանք մտադիր չեն զիջել:
«Կարծիքը կարծիք է մնում, այն ոչ մի ազդեցություն չունի որոշումների վրա, որոնք ընդունվելու են Լեհաստանում: Դա Լեհաստանի խնդիրն է, եւ մենք պետք է լուծենք այն»,- ասել է վարչապետ Բեատա Շիդլոն:
Պարբերականի տեղեկություններով, եթե այդ նախազգուշացումներին ոչ մի փոփոխություն չհետեւի, Եվրահանձնաժողովը կարող է Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել տուգանքի կամ ԵՄ նոր օրենքներն ընդունելիս ձայնից զրկելու տեսքով:
Հաղորդվում է, որ սա առաջին դեպքն է ԵՄ պատմության մեջ, երբ անդամ երկրին մեղադրում են ժողովրդավարության սասանման մեջ:
---