Մամուլի տեսություն 08-06-2016
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը համաշխարհային ցանկությանը դեմ գնալով Մարդու իրավունքների խախտողների սև ցուցակից հանել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անունը:
«Սիասաթե ռուզ» օրաթերթ
ՄԱԿ-ը սատարում է Եմենում Ալե Սաուդյան ռեժիմի ոճրագործություններին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների անունները մարդու իրավունքները խախտողների սև ցուցակից հանելով փաստորեն սատարել է Եմենում Ալե Սաուդյան ռեժիմի ոճրագործություններին:
«Սիասաթե ռուզ» թերթի այսօրվա համարում լույս տեսած վերլուծականում ասված է.«Այն դեպքում երբ բոլորը սպասում են,որ Սաուդյան ռեժիմի ղեկավարները պատասխանատվության ենթարկվեն եմենցի անմեղ կանանց ու երեխաներին կոտորելու համար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը համաշխարհային ցանկությանը դեմ գնալով Մարդու իրավունքների խախտողների սև ցուցակից հանել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անունը»:
«Սաուդյան ռեժիմի ղեկավարներին պատժելը դարձել է համաշխարհային պահանջ: Գերմանիայի խաղաղության ու անվտանգության հետազոտությունների հինգ մեծ հաստատություններ վերջերս հրապարակած զեկույցում անդրադառնալով Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմական ոճրագործություններին ,իրենց երկրի կառավարությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ռիադի դեմ», գրում է «Սիասաթե ռուզ» թերթը:
Նշենք,որ Սաուդյան Արաբիան ավելի վաղ ՄԱԿ-ից պահանջել էր կոալիցիայի անունը հանել սև ցուցակից:
---
«Ջավան» օրաթերթ
Թուրքիան շարունակում է լարվածություն հարուցել տարածաշրջանում
Միջին Արևելքի հարցերով փորձագետի կարծիքով տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անապահովության ու լարվածության պատճառ է դառնում:
Միջինարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետ՝ Ահմեդ Քազեմին Ջավան օրաթերթի այսօրվա համարին տված հարցազրույցում ասել է.«Թուրքիան զուր ջանքեր է գործադրել Սիրիայի հյուսիսում ռազմական ներկայություն ունենալու և քրդերին դիմակայելու համար»:
«Թուրքիայի կառավարությունը միշտ Սիրիայում հովանավորել է թաքֆիրական խմբերին: Անկարան հավակնում է, թե մոտ 8 միլիարդ դոլար ծախսել է այն փախստականների համար,որոնք Սիրիայում ու Իրաքում ընթացող պատերազմի պատճառով ուղևորվել են դեպի Թուրքիա», ասել է փորձագետը հավելելով ,որ այդ հայտարարությունը չի համապատասխանում Թուրքիայում առկա իրողություններին և փախստականների նկատմամբ Անկարայի ցուցաբերած վերաբերմունքին»-ասել է փորձագետը:
Նրա խոսքերով՝ փախստականների հարցը Թուրքիայի համար դարձել է միջոց Եվրամիությանը ճնշման տակ դնելու համար:
«Թուրքիայի կառավարությունը երկրում տիրող տնտեսական ճգնաժամերի և զբոսաշրջության արդյունաբերության ոլորտի եկամուտների նվազման պատճառով փորձում է ԵՄ-ի օգնությունների միջոցով լրացնել այդ բացը»,ամփոփում է փորձագետը:
---
Hayeli.am
Գերմանիայի 3.5 միլիոն թուրքերը, Թուրքիայի 100.000 հայերն ու Բունդեսթագի որոշումը
Էրդողանը կրկին հիշեց Թուրքիայում ապրող 100.000 հայերին
Անկարան շարունակում է Գերմանիայի Բունդեսթագի որոշման անդրադառնալ՝ չմոռանալով նաև հայերին…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիայի Բունդեսթագին, որը ճանաչել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ «հայկական հարցը» ավելի հաճախ է օգտագործվում որպես շանտաժի միջոց: «Ցեղասպանության մեղադրանքի հնչեցումը այն պետության կողմից, որը ըստ տրամաբանության՝ պետք է վերջինը հանդես գար նմանատիպ պնդումներով, հակասում է մտքերի տարրական ընթացքին: Ցանկացած երկրի հետևում, որոնք մեզ սպառնում են Հայոց ցեղասպանության բանաձևերով, մեղքն է և միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը… Հայերից միայն օգտվում են: Ամբողջ աշխարհում հայկական հարցը սկսվել է ընկալվել որպես Թուրքիայի դեմ շանտաժի հարմար միջոց կամ նույնիսկ որպես մահակ»,- հայտարարել է Էրդողանը:
«Ցանկանում եմ դիմել ողջ Եվրոպային, այդ թվում՝ Գերմանիային. կա՛մ մենք կընդունենք օրակարգային հարցերով արդարացի որոշումներ, կա՛մ Թուրքիան կդադարի լինել Եվրոպայի խնդիրների ճանապարհին պատնեշ: Եվ այդ ժամանակ Եվրոպան միայնակ կմնա իր դժվարությունների հետ», հավելել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը հիշեցրել է, որ ներկայումս Թուրքիայում ապրում է 100.000 հայ, որոնց կեսը Թուրքիայի քաղաքացի է, իսկ մյուս կեսը` ոչ, սակայն իրենք աչք են փակում դրա վրա, չեն վտարում նրանց: Էրդողանը հայտարարել է նաև Թուրքիայում հայկական եկեղեցիները վերականգնելու մասին:
Թուրքիան զրկվո՞ւմ է Եվրոպայում իր միակ բարեկամից
Թուրքիայի իշխանություններին բարկացրեց այն, որ Վաշինգտոնը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում է Սիրիայի քրդերին, ում Անկարան համարում է Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների պատասխանատուն: Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները կտրուկ վատացան անցյալ տարի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո: Էրդողանին կատաղեցրեց Գերմանիայում իրեն ծաղրած հեռուստալրագրող Յան Բեմերմանը. Էրդողանը դատական հայց ներկայացրեց նրա դեմ: Ի հավելումն այս ամենի՝ հինգշաբթի օրը Գերմանիայի Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ցեղասպանություն որակեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ թուրքերի իրականացրած սպանությունները: Գերմանիան արեց այն, ինչին կտրականապես դեմ է Էրդողանի կառավարությունը, և ինչը աշխատում է թույլ չտալ այլ երկրներում, այդ թվում և՝ ԱՄՆ-ում, նման վերլուծությամբ է հանդես եկել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy-ն:
Այսպես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վճռական չգտնվեց այդ սպանությունները ցեղասպանություն որակելու հարցում՝ չնայած 2008թ. նախագահական ընտրապայքարում արված խոստումներին: Գերմանացի պատգամավորները որոշում ընդունեցին բարդ իրավիճակում: ԵՄ-ն փորձում է աջակցել առանց այն էլ կասկածելի թվացող մի ծրագրի, որի համաձայն՝ Թուրքիան պետք է փախստականների լրացուցիչ քանակ ընդունի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի դիմաց: Անկարան հույս ուներ, որ դա հիմք կլիներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Եվ այն, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին (մի երկիր, որը փախստականների հետ կապված ծրագրի և առանց վիզայի ռեժիմի հիմնական նախաձեռնողն է և Թուրքիայի հիմնական առևտրային գործընկերը ԵՄ-ում) այնքան էլ հաջող քայլ չէ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:
Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի թուրքական նախագծի հիմնադիր Բյուլենթ Ալիռըզայի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա Բունդեսթագի այդ որոշումը: Մերկելը նույնպես անհանգստացած է, թե Գերմանիայի մոտ 3,5 մլն թվաքանակով թուրք համայնքը ինչպես կարձագանքի Բունդեսթագի որոշմանը: «Ես ուզում եմ թուրքական արմատներ ունեցող մարդկանց ասել, որ մենք ոչ միայն ուրախ ենք, որ դուք այստեղ եք, այլև դուք այս երկրի մի հատվածն եք»,- հայտարարել է Մերկելը:
Ինչ էլ որ պատահի, ըստ երևույթին, Էրդողանը նույնպես այնքան էլ պատրաստ չէ ամբողջովին խզելու Գերմանիայի հետ կապերը: Ալիռըզայի խոսքով՝ որքան էլ վերջին տարիներին տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից Էրդողանի հասցեին ավելի հաճախ են հնչում քննադատական խոսքեր, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները փորձում են վերականգնել հարաբերությունները նախկինում մտերիմ գործընկեր համարվող երկրների հետ: «Դա պետք է դիտել արտաքին աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման համատեքստում,- ասել է Ալիռըզան,- հարցն այն է՝ կբարելավվի՞, թե՞ կվատթարանա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Գերմանիան, որ մինչ այժմ անվերապահորեն աջակցում էր Թուրքիային, գտնվում է այսպիսի լարված վիճակում: Հարցն առայժմ բաց է մնում»:
Մետաքսյա Շալունց
---